«Տարածքային ամբողջականության» սկզբունք գոյություն չունի
Դեռ 1952թ. ՄԱԿ-ի Վեհաժողովը հայտարարեց.«Ժողովուրդների եւ ազգերի ինքնորոշման իրավունքը նախադրյալ է մարդու բոլոր հիմնարար ազատությունները վայելելու համար»: Վեհաժողովը նաև հորդորեց, որ «Միավորված Ազգերի անդամ երկրները պետք է աջակցեն բոլոր ժողովուրդների և ազգերի ինքնորոշման սկզբունքին»:
Իսկ 1960-ականներին ՄԱԿ-ի կողմից ընդունված մեկ այլ` «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն տալու մասին» Հռչակագրով հայտարարվեց. «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ըստ այդմ, նրանք են որոշում իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացմանը»: Փաստ, որով հաստատվում է, որ 1988-91 թթ. ԼՂՀ ազատագրումը գաղութային լծից և ԼՂՀ անկախության ճանաչումը իրավական ամուր հիմնավոր ունեն:
ՄԱԿ-ի Կանոնակարգը հստակ սահմանեց ինքնորոշման սկզբունքը. Կանոնադրության 1.2-րդ, 55-րդ հոդվածները ամրագրեցին, որ «Իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման հարգանքի վրա կայունության ու բարօրության պայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների համար»: Ինչը նշանակում է, որ ինքնորոշման սկզբունքը ՄԱԿ-ը դիտեց որպես ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների հիմք, իսկ այդ սկզբունքի լիակատար ընդունումը` նախադրյալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման: Հետևապես, մերժելով արցախահայության ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանն այսօր ակնհայտորեն խոչընդոտում է տարածաշրջանում համընդհանուր խաղաղության հաստատմանը:
Իրավական նմանատիպ փաստթղթերի հիշատակումը մեր կողմից ամենևին ինքնանպատակ չէր: Հիշյալ փաստաթղթերը (ի դեպ դրանց շարքը կարելի է շարունակել) որպես միջազգային իրավունքի սկզբունք հստակ ու անվերապահորեն սահմանում են արցախահայության` ինքնորոշման իրավունքի արդար պահանջը, վերջինիս մերժումը համարելով մարդու իրավունքների ոտնահարում: Մինչդեռ բոլորվին այլ իրավիճակը է Ադրբեջանի կողմից հորջորջվող «տարածքային ամբողջականություն» կոչվող սկզբունքի դեպքում:
Ադրբեջանի իշխանությունները հրաշալի գիտակցում էին, որ միջազգային իրավունքի տեսանկյունից իրենց հիմքերը խարխուլ են, որ գոյություն չունի որևէ իրավական փաստաթուղթ, որով մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը կարող է հիմնավորել Արցախի Հանրապետության նկատմամբ իր հավակնությունները: Բաքվի իրավական փաստարկների փաթեթում չկա իրավական բնույթի որևէ հիմնավորում` Լեռնային Ղարաբաղը «Ադրբեջան» անունով աշխարհագրական տարածքի կամ այդ անունով որևէ ինքնիշխան պետության պատկանելու մասին:
Եվ ահա, արցախյան հակամարտության բանակցային գործընթացի սկզբից Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց` «տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա է ազգերի ինքնորոշման իրավունքին»` միջազգային իրավունքի տեսանկյունից անհիմն ու տգետ «փաստարկը», ինչի վրա էլ խարսխվեց Ադրբեջանի քաղաքական ուղենիշը:
Տարօրինակ է, որ նման անտրամաբանական «փաստարկը» լուրջորեն ընդունվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման առաքելությունն իրենց ուսերին վերցրած, միջազգային իրավունքի գիտակ համարվող Մինսկի խմբի համանախագահողների կողմից: Սիրահոժար «կուլ տալով» Բաքվի հրամցրած «դեղատոմսը», փաստորեն, տարիներ շարունակ Ադրբեջանին հնարավորություն տրվեց` խաղարկելով տարածքային ամբողջականության սկզբունքը, կեղծել ու գլխիվայր ներկայացնել արցախյան հիմնախնդրի իրական բնույթը: Մյուս կողմից էլ այն խաղաքարտ դարձավ հենց համանախագահների ձեռքում, որոնք նախընտրելի պահին, ուզածի չափ շարունակում են մանևրել երկու սկզբունքների մեջտեղում:
Ադրբեջանական քարոզչամեքենան, վարպետորեն նենգափոխելով պատմական, իրավական ու քաղաքական փաստերը, այսօր հասել է նրան, որ միջնորդ երկրների ներկայացուցիչները, ձայնակցելով Ադրբեջանին, արցախյան հակամարտության մասին հնչեցրած ցանկացած հայտարարություն սկսում ու ավարտում են «տարածքային ամբողջականության» սկզբունքին համակարծիք լինելու իրենց թյուրքահաճ հավաստիացումներով:
Ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի Մինսկի խմբի նախկին համանախագահ Բրայզան հաճախ էր սիրում կրկնել այն պնդումը, թե. «Կա պետությունների տարածքային ամբողջականության իրավական սկզբունք, և կա ժողովուրդների ինքնորոշման քաղաքական սկզբունք»: Ադրբեջանի շահերի պաշտպան դիվանագետը հրաշալի գիտակցելով իրավական հարթության մեջ Ադրբեջանի սնանկությունը, այդ կերպ ջանում էր իրավական փաթեթ խցկել ադրբեջանանպաստ ինչ-որ հիմնավորում:
Իրականությունն այն է, որ «տարածքային ամբողջականության» սկզբունք, որպես այդպիսին, գոյություն չունի: Հարց կառաջանա, այդ դեպքում ինչի՞ շուրջ է, տարիներ շարունակ, բարբաջում Ադրբեջանը: Բանն այն է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի 4-րդ կետը տարածքային ամբողջականության առնչությամբ ընդամենը հռչակում է.«ՄԱԿ–ի բոլոր անդամներն իրենց միջազգային հարաբերություններում պետք է ձեռնպահ մնան որևէ երկրի տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի կիրառումից կամ սպառնալիքից, կամ այլ քայլերից, որոնք անհամատեղելի են Միավորված Ազգերի նպատակների հետ»:
Սա հենց այն կետն է, որից էլ կառչում են Ադրբեջանն ու վերջինիս շահերի սպասակուները: Սակայն իրավագիտորեն պետք է տգետ լինել (կամ ձևանալ)` չհասկանալու համար, որ այստեղ խոսքը ճանաչված պետությունների հարաբերությունների մասին է, բայց ոչ ազգերի ինքնորոշման:
Այս հիմնադրույթն ընդամենը կոչ է ուղղված երկրներին` ձեռնպահ մնալ` «մի պետության կողմից ուժի գործադրման միջոցով մեկ այլ պետությունը գրավելուց կամ նրա կառավարությունը տապալելուց»:
ՄԱԿ-ի հռչակագիրն էլ հստակ սահմանում է. «Տարածքային ամբողջականության սկզբունքը չի համարվում միջազգային իրավունքի սկզբունք: Այն ընդամենը կարգավորում է պետությունների միջև հարաբերությունները և կիրառելի է միայն այդ հարաբերություններում»:
Եվ ուրեմն, տարածքային ամբողջականություն ասվածը չի’ կարող կիրառվել արցախյան հակամարտության կարգավորման դեպքում, ուր առկա է ազգերի ինքնորոշման իրավունքը:
Միջազգային իրավունքի գիտակ տարբեր մասնագետներ տարբեր առիթներով արձանագրել են, որ.«Գործող միջազգային իրավունքի շրջանակներում ինքնորոշման սկզբունքը գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ», և վերջապես. «Տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարելի հակադրել ազգերի ինքնորոշման սկզբունքին և խոչընդոտել վերջինիս կիրառումը»:
Այսպիսով. արցախյան հիմնախնդրի լուծումը քաղաքական շահերի տիրույթից հեռու պահելու միակ ուղին իրավական հարթությունն է. հետևապես, հայկական երկու պետությունները հնարավոր բոլոր ջանքերը պետք է գործադրեն խնդրի խաղաղ կարգավորման իրավական փաթեթն առաջ մղելու և բանկցային գործընթացը միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերին համահունչ զարգացնելու համար:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
ArmAr.am












