Գլխավոր » Culture-Hogevor, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն

«Խնուս» մշակութային հիմնադրամը 5 տարեկան է

Հոկտեմբեր 30, 2010թ. 10:00

XnusԵրեկ Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ «Խնուս» մշակութային հիմնադրամի կազմակերպած մշակութային երեկոն, որի ընթացքում ներկայացվեց սցենարիստ, ռեժիսյոր, ՙԽնուս՚ հիմնադրամի տնօրեն Սամվել Մհերյանի «Եդեմի պարտեզը» ֆիլմը:

5 տարի առաջ ստեղծվեց Խնուս մշակութային հիմնադրամը: «Այն ժողովուրդը, որը չունի պատմական հիշողություն, չի կարող հարատևել». առաջնորդվելով այս նշանաբանով խնուսցիները հինգ տարիների ընթացքում հասցրել են իրականացնել բազմաթիվ ազգանպաստ ծրագրեր:

Նախ հրատարակվեց հայրենի երկրի` Խնուս գավառի  պատմական քարտեզը: Այնուհետ,  Հիմնադրամի ջանքերով  հրատարակվեց Սամվելի Մհերյանի «ՙՄենավոր բազե»  պատմավիպական աշխատությունը, որը ներկայացնում է Խնուս գավառի պատմությունը 19-րդ դարավերջից մինչև 20-րդ դարասկզբը: Աշխատության հիմքում   պատմական փաստեր են, իրողություններ. Ի դեպ, աշխատության շնորհանդեսը տեղի  ունեցավ նաև Մոսկվայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հայ համայնքներում:

Շուտով գիրքը կներկայանա նաև օտարազգի ընթերցողին:

Հիմնադրամի կողմից հրատարակման է պատրաստվում նաև Արևմտյան Հայաստանի Խնուս գավառի ամբողջական պատմությունը աշխատությունը: Այդ  պատմական աշխատության հեղինակներն են  պատմագիտության դոկտոր, ծագումով խնուսցի Աշոտ Ներսիսյանը և «Խնուս»  մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:

Որ կարոտի սպասումը իրականություն դառնա

«Մեր նպատակն է հայության  մեջ սեր արթնացնել մեր պատմական հայրենիքի նկատմամբ, միաժամանակ հիշեցնել, որ մեր պապերի  երկիրը կորուսյալ չէ, ու պետք է անպայման վերադարձվի իրական տերերին», -ասում է Էդիկ Մինասյանը: Պատմաբանը համոզված է, որ այդ բարդ ու դժվարին ճանապարհին իրականացվող  քայլերից մեկն էլ  պատմական հիշողության արթնացումն է: ՙԻսկ հիշողություն կարելի է արթնացնել միայն նման միջոցառումներով, որի լավագույն օրինակը Սամվել Մհերյանի «Եդեմական պարտեզ» ֆիլմի ստեղծումն ու ցուցադրումն է»:

«Ես եղել եմ իմ հայրենի Խնուսում, ու ցավով պետք է ասեմ, որ երբեմնի հայաբնակ Խնուսն այսօր դարձել է քրդաբնակ: Իսկ քրդերը փորձում են չվերհիշել, խուսափում են հայերի` այդ հողերի իրական տերերի մասին հիշողություններից, ու ներկայացնում են, թե Խնուսն իրենց հողն է, իրենց հայրենիքը: Մենք պետք է հաճախակի նման  միջոցառումներ կազմակերպենք, որը միտված է  հայության նոր սերնդի մեջ հայրենիքի վերադարձի գաղափարի արթնացմանը,  որպեսզի կարոտի սպասումը մի օր իրականություն դառնա»:

«Եկել է մեր բոլոր իրավունքների իրականացման պահը»

Մշակութային երեկոյի հյուրն էր Ֆրանսիայից ժամանած Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը: Պարոն Աբրահամյանն իր խոսքում նախ բարձր գնահատանքի արժանացրեց Սամվել Մհերյանի  կատարված աշխատանքը: Ապա անդրադառնալով Արևմտյան Հայաստանի խնդրին նկատեց. «Որքան էլ հայությունը դժվարին ժամանակներ ապրի, միևնույն է, միշտ պետք է  իր սրտում պահի սերն առ իր հայրենիքը` Արևմտյան Հայաստանը, քանի որ միայն այդ դեպքում կարող է գոյատևել  արևմտյահայությունը: Արևմտյան Հայաստանը  ոչ միայն հիշատակ է, ոչ միայն  երազ է ու միտք, Արևմտյան Հայաստանը աղբյուր է, որի համը, քացրությունը մենք գիտենք, ու գիտենք ոչ միայն հոգեպես…

Ժամանակն է, որ մենք մեկ բռունցք դառնանք ու հայտարարենք, որ եկել է մեր բոլոր իրավունքների իրականացման պահը>,- իր ելույթը եզրափակեց Արմենակ Աբրահամյանը»:

Ապա առաջարկեց,  Սամվել Մհերյանին մասնակցել  Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի երրորդ համագումարին, որ տեղի կունենա նոյեմբերի 27-28-ը Ֆրանսիայում:

«Խնուս» մշակութային հիմնադրամի գործունեության 5-րդ տարելիցի առիթով.

պատվավոր անդամի կոչում շնորհվեց Արևմտյան  Հայաստանի Հայերի խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանին և Հայրենակցական միությունների  խորհրդի ատենապետ Ժոզեֆ Ավետիսյանին:

Մեր հայրենիքը կորուսյալ չէ

Ժոզեֆ Ավետիսյանը ողջունելով Սամվել Մհերյանի ազգանվեր աշխատանքը, նկատեց, թե այն նաև մեծ համարձակություն էր պահանջում. «Հայտնվել Խնուսի դաշտում և ու օր ու գիշեր աշխատել,  նկարել հայերնիքը…  դա մեծ համարձակություն է, ու մեծ արժեք ունի մեզ համար»:

Վերջինս իր ելույթում նշեց, որ հայ ժողովուրդը չի կարող մոռանալ իր բնօրրանը,  քանզի նման պատգամ է ստացել իր հայրերից:

«Ես Եդեսիացի եմ. շրջել եմ գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը: 2003-ին Մալաթիայում էի, ծանոթացա մի ոչ հայազգի երիտասարդի հետ: Մտերմացել էինք: Նա ոտքը ամուր խփեց գետնին ու ասաց, այս հողը ձերն է, դուք եք այստեղ, բայց դուք պետք է մտածեք ապագայի մասին, դուք այն պետք է նվաճեք ամեն օր…   Ուրեմն, մեր հայրենիքը կորուսյալ չէ»:

« Ֆիլմի նկարահանումը մենք կատարեցինք ամենայն սիրով ու նվիրվածությամբ», -ասում է «Եդեմի պարտեզ» ֆիլմի սցենարիստ, ռեժիսյոր, «Խնուս»

հայրենակցական հիմնադրամի  տնօրեն, Սամվել Մհերյանը: Նա ուրախությամբ տեղեկացրեց, որ իրեն ու իր ընկերներին  հաջողվել է հայրենի Խնուսում գտնել  հայրենի տունը. «Եվ դա մեզ մեծ ուժ է տվել, որ էլ ավելի ջերմեռանդորեն գործենք  այն շարժման մեջ, որի ստեղծումը նախաձեռնեցինք դեռ հինգ տարի առաջ: Մեր նպատակներն ուղղված են  մեզ համար թանկ արժեքները հետ բերելուն»:

Իսկ նման երազանք ունենալու համար, Սամվելի համոզմամբ,  մեր հիմքերն այսօր շատ ամուր ու պինդ են, քանզի այն հույսը, որ. «Մենք փայփայում ենք դեպի հաղթանակ` ազնիվ ու մաքուր ակունքներից է բխում»:

«Մեր գործն արդար է, իսկ հաղթանակը վերջին հաշվով ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆՆ է»:

Մշակութային երեկոն ավարտվեց «Եդեմի պարտեզ» վավերագրական   ֆիլմի ցուցադրմամբ:

Տեղեկություններ Արևմտյան Հայաստանի Խնուս Գավառի մասին.

Քաղաք (բերդաքաղաք, գյուղաքաղաք, ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի էրզրումի գավառի Խնուսի գավառակում, վերջինիս կենտրոնը: Հնում հիշատակված է նաև Խնուն (Խնունիք) ձևով, որպես թոնդրակյան շարժման կենտրոն, իսկ թուրքերը կոչում են Խնըսկալե: Համարվել է նաև ավան կամ բերդ: Գտնվում է Արածանիի աջակողմյան վտակ Խնուս գետի ափին, Բյուրակնյան լեռների արևելյան ստորոտում:

1800—1830-ական թթ Խնուսի բնակչության թիվը հասնում էր 5000 մարդու, որի 80%-ը (4000-ը) հայեր էին, 1830—1850–ական թթ՝ 6000 մարդու, որից 3000-ը՝ հայեր: Հետագա տասնամյակներում թուրքական բռնությունների ու հալածանքների հետևանքով հայերի քանակը գնալով նվազում է: 1909 թ.  900 տնից հայկական էր միայն 325 տունը (2163 բնակիչով): 1914 թ. Խնուսի 8000 բնակիչներից հայեր էին միայն 2000-ը:

1915 թ Մեծ Եղեռնի հետևանքով բնաջնջվեց Խնուսի հայ բնակչությունը : 1915 թ մայիսին թուրքերը Խնուսից ձերբակալում և գնդակահարում են 150 հայ մտավորականների: 1916 թ այստեղ մնացել էր միայն 200 հայ բնակիչ: 1918 թ ռուսական նահանջող զորքերի հետ Արևելյան Հայաստան գաղթեցին Խնուսի վերջին հայ բնակիչները:

Խնուսցիները զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասնավորապես ձիաբուծությամբ, արհեստագործությամբ և առևտրով: Խնուսը բաժանված էր թաղերի, գետի աջ ափին էին գտնվում Խառտալարը, Ճսթմահլեն, Բաղջեն և Բերդը, ձախում` Ժամու թաղը, Խայպաշին և Պալու քիթը:  Դեռևս 13—րդ դարում Խնուսը եղել է առևտրական կարևոր հանգույց՝ Խոյ-Վան-Բերկրի-Մանազկերտ-Էրզրում-Բաբերդ-Տրապիզոն ճանապարհին: Այստեղ Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից գործում էր մի վարժարան՝ 100-ից ավելի աշակերտով ու 4 ուսուցիչներով: Խնուսի ամենանշանավոր կառույց-հնությունը  բերդն է: Բերդի տարածքում զանազան նպատակներով կառուցված պաշտպանական շինվածքներից բացի կար նաև շուկա և մզկիթ:

ArmAr.am


Դիտել Culture-Hogevor, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն