Վրաստանի հերթական «լրտեսությունը»` երկու հայի ձերբակալությամբ
Վրաստանում ձերբակալվել է 20 մարդ` Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Ձերբակալվածների թվում կան նաեւ Վրաստանի` ազգությամբ հայ քաղաքացիներ:
Առաջին տեղեկությունը ձերբակալությունների մասին տարածել էին «Ռոյթեր» գործակալությունն ու մի քանի ռուսաստանյան լրատվամիջոցներ` վկայակոչելով վրացական ներքին գործերի նախարարության իրենց աղբյուրներին: Ըստ այդ տեղեկությունների, լրտեսության մեղադրանքով ձերբակալվածները, նախկին նմանատիպ իրավիճակներին ոչ նման, ոչ թե Ռուսաստանի կամ այլ երկրների, այլ Վրաստանի քաղաքացիներ են:
Գործակալությունների տեղեկատվության համաձայն, ձերբակալվածները մեղադրվում են լրտեսական ցանց ստեղծելու փորձերում եւ «իրենց աղբյուրներից տեղեկություններ ստանալու եւ ռուսաստանյան համապատասխան գերատեսչություններ այդ տեղեկությունները հասցնելու մեջ»:
Նշենք, որ դեռեւս 2006-ին վրացական իրականությունը հեղեղված էր լրտեսական պատմություններով, ձերբակալություններով ու Վրաստան-Ռուսաստան երկու երկրների փոխադարձ մեղադրանքներով: Այդպիսի «ձերբակալությունների» մասին վրացական իշխանությունների հայտարարությունները նախկինում հստակ ուղղվածություն ունեին` արդարացնել ռուսական ուղղությամբ ծրագրվող ռազմական գործողությունը կամ ամրապնդել «Ռուսաստանն ագրեսոր է» մոտեցումն աշխարհում:
Հետաքրքրական է, որ վրացական ընդդիմությունն, իր հերթին, այս ձերբակալությունները համարում է բեմականացում, հավաստիացնելով, թե դա արվում է ընդդիմության կողմից նոյեմբերին ծրագրված ակտիվության վրա ազդելու նպատակով:
Ամեն դեպքում, վրացական իշխանությունները ձերբակալությունների եւ դրանց հիմնավորումների մասին նախընտրում են լռություն պահպանել: Որեւէ կերպ այս տեղեկությունները ոչ հերքել, ոչ էլ հաստատել են վրացական ներքին գործերի նախարարությունից: Միակ արձագանքը վրաց ներքին գործերի նախարարությունից եղել է այն, որ ձերբակալությունների առնչությամբ որեւէ պաշտոնական հայտարարություն կարվի այս շաբաթ, ամենայն հավանականությամբ շաբաթավերջին, որոշ վրացական լրատվամիջոցների տեղեկություններով` նոյեմբերի 5-ին:
Վրաստանի արտգործնախարարությունն, իր հերթին, հայտարարել է, թե որեւէ տեղեկություն չունի լրտեսության մեղադրանքով ձերբակալությունների մասին` որպես հարցի հասցեատեր նշելով ներքին գործերի նախարարությունը: Սրա կողքին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեռեւս նախորդ շաբաթավերջին էր հայտարարել, որ թեեւ ձերբակալությունները տեղի են ունեցել, սակայն ՌԴ արտգործնախարարությունը չունի մանրամասն տեղեկություն այդ ձերբակալությունների մասին: Որպես միակ տեղեկություն Լավրովը նշել էր ձերբակալվածների` Վրաստանի քաղաքացիներ լինելու հանգամանքը:
Հետաքրքրական է, որ ձերբակալությունների հիմնական մասը կատարվել է Բաթումում, որտեղ եւ նախորդ շաբաթավերջին ձերբակալվել է նաեւ Աջարիայի հայերի միության նախկին նախագահ Արմեն Գեւորգյանը: Ձերբակալվածների թվում է Վրաստանի` ծագումով հայ եւս մեկ քաղաքացի` Ռուբեն Շիկոյանը: Ըստ «Ինտերպրեսնյուզ» կայքէջի, Վրաստանի «Ջավախք» շարժման անունից հայտարարվել է, թե Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը եղել են շարժման մասնակիցներ, եւ նրանց ձերբակալությունը «հերթական ճնշումն է շարժման դեմ»: «Ջավախք» շարժման անունից խոսել է Ռուբեն Թորոսյանը: Վրացական լրատվամիջոցների մեջբերումներով, «Ջավախք» շարժման անունից Ռուբեն Թորոսյանը տեղեկացրել է, թե ձերբակալված անձինք 1998-ից շարժման անդամ են եւ ակտիվ մասնակցություն են ունեցել երիտասարդության խնդիրների լուծմանը:
Արմեն Գեւորգյանի անձը որեւէ հարցական չի առաջացնում, քանի որ նա Աջարիայում հայտնի գործարար է, եղել է նաեւ Աջարիայի հայերի միության նախագահը: Ռուբեն Շիկոյանը եւս աջարահայ գործարար է: Ձերբակալվածների փաստաբան Նանա Ցուլաձեն «Ինտերպրեսնյուզ»-ին հայտնել է, թե հայ գործարարներին ձերբակալել են Բաթումում, եւ առայժմ նրանց նկատմամբ սահմանվել է երկու ամսվա կալանք:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Ազգ» օրաթերթ
ArmAr.am












