Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«ԼՂ հակամարտության` ռազմական ճանապարհով լուծումը հեռանկար չունի»

Նոյեմբեր 3, 2010թ. 09:40

Այս մասին հայտարարվել է Արթուր Բաղդասարյանի ու Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսում

Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է  Լեհաստան:

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում Ստանիսլավ Կոզիեյի եւ Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:

Տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության ապահովման գործում կողմերը կարեւորել են երկխոսությունը, ընդգծել առկա տարաձայնությունները բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Ըստ լեհական կողմի` հենց այս մոտեցումն է գերիշխող դառնալու ՆԱՏՕ-ի` առաջիկայում Աստանայում կայանալիք գագաթնաժողովում, եւ այս առումով շահեկան է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ:

<<Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, անընդունելի ենք համարում մի կողմից` բանակցելու, մյուս կողմից` սպառնալիքներ հնչեցնելու` Ադրբեջանի մարտավարությունը>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավարը կարեւորել է ԼՂ խնդրի խաղաղ, փոխզիջումային կարգավորումը ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների համադրման ճանապարհով` նշելով, որ ռազմական ճանապարհով նման հակամարտությունների լուծումը ոչ միայն հեռանկար չունի, այլեւ` անընդունելի է միջազգային հանրության կողմից:

Ստանիսլավ Կոզիեյը ողջունել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը եւ հույս հայտնել, որ առաջիկայում կարձանագրվեն դրական արդյունքներ, ինչը կարժանանա Լեհաստանի աջակցությանը:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո կայացել է Արթուր Բաղդասարյանի եւ Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսը:

Ստանիսլավ Կոզիեյը նշել է, որ ստորագրված հուշագիրը Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի եւ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի միջեւ առավել արդյունավետ եւ սերտ համագործակցության կոնկրետ հիմքեր է ստեղծում:

<<Մենք լիարժեք փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք անվտանգության խնդիրներին առնչվող տարաբնույթ հարցեր>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը` հավելելով, որ առաջին անգամ ստորագրվում է հուշագիր, որը հնարավորություն է տալիս տարին առնվազն` մեկ անգամ անցկացնել երկկողմ խորհրդատվություններ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

<<Մենք պայմանավորվել ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության փոխանակում իրականացնել, համապատասխան մոնիթորինգ իրականացնել եւ աջակցել քաղաքական, ռազմական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագրերի իրականացմանը>>,-ասել է Արթուր Բաղդասարյանը:

Բանախոսներն ընդգծել են, որ Հայաստանի Ազգային անվտանգության խորհուրդն ու Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոն փոխգործակցելու են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ուղղություններով, այդ թվում` ընդլայնելով համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում: Կողմերի միջեւ երկխոսությունը ներառելու է անվտանգության ժամանակակից սպառնալիքների եւ մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման գործում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դերի եւ այլ հարցերի վերաբերյալ տեսակետների փոխանակում: Կողմերը նպաստելու են երկկողմ համագործակցության զարգացմանը տնտեսական անվտանգության ոլորտում, ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանը, ինչպես նաեւ` միջազգային ահաբեկչության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարին:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն