Սբ. Պատարագի հրավեր Լեհաստանի հայությանը
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Տ. Տաճատ աբեղա Ծատուրյանը, ով ուսումնառության նպատակով արդեն երեք ամիս է, ինչ գտնվում է Լեհաստանում, այսուհետ, ամիսը երկու անգամ, Սբ. Պատարագ կմատուցի Վարշավայի Սբ. Վասիլյանի եկեղեցում։
Առաջին պատարգը կմատուցվի նոյեմբերի 7-ին։ Սբ. Պատարագի ավարտից հետո կկատարվի Հայրապետական մաղթանք` Ն.Ս.Օ.Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի գահակալության 11-րդ տարեդարձի առիթով։
Նոյեմբերի 21-ին վարշավաբնակ հայերը կրկին հնարավորություն կունենան մասնակցելու սրբազան արարողության։
Դեկտեմբերի 5-ին մատուցվելիք Սբ. Պատարագի ավարտից հետո կկատարվի հոգեհանգիստ` Հայաստանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին երկրաշարժի հետևանքով զոհված հայորդիների համար։ Եվս մեկ անգամ Սբ. Պատարագ կմատուցվի դեկտեմբերի 19-ին։
Հոգեշնորհ Հայր Սուրբն այս առիթով հրավեր է հղել Լեհաստանում բնակվող հայությանը. ՙՍիրելի՜ հայեր, Սուրբ Պատարագին մեր անմիջական մասնակցությամբ և մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենարար Մարմնի և Արյան, այսինքն` Հաղորդության ճաշակումով է, որ կարող ենք նորոգել մեր հոգևոր հայրենիքը: Ակնկալում ենք հատկապես Վարշավայում բնակվող բոլոր հայերի ներկայությունը վերոհիշյալ օրերի Սուրբ Պատարագներին՚:












