Իսկ Ադրբեջանը դեռ հանդգնում է
Թուրան գործակալությունը փոխանցում է, որ Ադրբեջանի Մուսավաթ կուսակցության ղեկավարը խոսելով Ադրբեջանում անցկացված ընտրությունների մասին հայտարարել է, որ ընտրախախտումները, որոնք սկսվել են դեռ վաղ առավոտից ու շարունակվել մինչ ընտրության ավարտը, կրել են զանգվածային բնույթ:
Ընդդիմադիր Ժողճակատ կուսակցության ներկայացուցիչ Ալի Քերիմլին էլ հայտարարել է, թե այս ընտրություններն Ադրբեջնում անցել են բացահայտ խախտումներով: Նա ասել է, թե ընտրատեղամասերից ընդդիմադիր թեկնածուներին չեն տրամադրվել ընտրության արդյունքների մասին արձանագրությունները:
«Բացի այն, որ ընդդիմադիր թեկնածուներին չեն տրամադրվում ընտրությունների արդյունքների արձանագրությունները, այլ նաև իշխանությունները բոլոր լծակները օգտագործում են խախտումներ իրականացնելու համար, որի հաշվին կկարողանան փոխել ընտրության արդյունքները ամբողջ շրջանում»,- հայտարարել է Քերիմլին:
Ընտրախախտումների դեպքերը զանգվածային բնույթ են կրում Ադրբեջանի Յասամալի շրջանի ընտրատեղամասերում: Թուրան-ի հաղորդմամբ, քվեարկություններ են տեղի ունեցոլ ընտրացուցակներում գոյություն չունեցող մարդկանց անուններով: Ընդդիմադիր թեկնածուների նախընտրական շտաբներից հայտնել են, որ զանգվածաբար օգտագործվում է ընտրախախտման «կարուսել» մեթոդը, որի մասնակից ընտրողը ստանում է իր հասանելիք ընտրակաշառքը և քվեարկելուց հետո ավտոբուսներով տեղափոխվում այլ տեղամաս ընտրություն կատարելու համար:
Իսկ ոստիկանության ներկայացուցիչներն անմիջական ներգրավվածություն ունեցել ընտրական գործընթացներին, պարտադրելով անկախ և ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց ու դիտորդներին լքել տեղամասերը, բացի այդ նաև ոստիկանները որոշ տեղամասերում հորդորել են ընտրողներին քվեարկել իշխանության թեկնածուի օգտին:
Ընտրախախտումներին ակտիվորեն մասնակցել են գործող իշխանությունների և ոստիկանության ներկայացուցիչները:
Իսկ ժողովրդավարությունից աննախադեպ նահանջ արձանագրող Ադրբեջանն այսօր հանդգնում է աշխարհով մեկ հայտարարել, թե Արցախը պետք է գտնվի իր ենթակայության տակ: Մոռանալով, որ արդեն երկու տասնամյակ է, ինչ Արցախի Հանրապետությունը քայլ առ քայլ կառուցելով իր ժողովրդավարությունը, մղոններով առաջ է անցել Ադրբեջանից, ուր գնալով առավել կայուն հաստատվում է ֆեոդալական բռնատիրությունը:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, ժողովրդավարություն, նահանջ, ֆեոդալական բռնատիրություն












