ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը
Նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանի այլ հանձնաժողովների անդամներ, որպես հրավիրյալներ՝ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը և ֆինանսների փոխնախարար Գրիգոր Մարտիրոսյանը։
Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը։
Օրակարգում երկու հարց էր։ Առաջինը վերաբերում էր ՙԹանկարժեք մետաղների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙԼիցենզավորման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ և ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին՚ օրենքների փաթեթին։
Հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ՝ խորհրդարանի հոկտեմբերյան լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորներից նոր առաջարկություններ չեն ստացվել։ Միևնույն ժամանակ, ասաց նա, լրացուցիչ քննարկման արդյունքում հանձնաժողովն առաջարկել է օրինագծից հանել մանրածախ առուվաճառքի լիցենզիա ունեցող անձանց վերաբերող դրույթը, ինչին կառավարությունը համաձայնել է։
Օրակարգի երկրորդ հարցը ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ ՀՀ օրենքը ԼՂՀ¬ում գործողության մեջ դնելու մասին՚, ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙԱվտոմոբիլային տրանսպորտի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙԱնհատական տվյալների մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ օրենքների նախագծերի փաթեթի մասին էր։ Նիստի մասնակիցներին այն ներկայացրեց ֆինանսների փոխնախարարը՝ համապատասխան հիմնավորումներով հանդերձ։
Տեղի ունեցավ մտքերի աշխույժ փոխանակություն, որի ընթացքում պատգամավորները հանդես եկան տարբեր տեսակետներով, որոնց կապակցությամբ կառավարության լիազոր ներկայացուցիչը, ապա և ԱԺ նախագահը հանդես եկան լրացուցիչ պարզաբանումներով։
Արդյունքում՝ հանձնաժողովը որոշեց այդ օրենսդրական փաթեթը ևս դրական եզրակացությամբ երաշխավորել ԱԺ առաջիկա լիագումար նիստի քննարկմանը։
ArmAr.am












