Ադրբեջանը ստում է. հայ ռազմագերիները չեն հրաժարվում վերադառնալ հայրենիք
Հայաստանի իշխանությունները պաշտոնապես որեւէ փաստաթուղթ չեն ստացել Կարմիր խաչի միջազգային կոմիտեից, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները հրաժարվում են վերադառնալ Հայաստան եւ ցանկանում են մեկնել երրորդ երկիր: Այդ մասին news.am-ին հայտնել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի համանուն հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովի հայտարարությունը:
«Կարմիր խաչից պաշտոնական ոչ մի ծանուցում առայժմ չկա: Ասեմ, որ միջազգային մարդասիրական իրավունքը, որը հիմնված է Ժնեւյան 4 կոնվենցիաների եւ հարակից արձանագրությունների վրա, նախատեսում է, որ եթե անձը ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր, դա իր իրավունքն է»,- նշել է Կապրիելյանը եւ հավելել. «Եթե նույնիսկ այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ինչին ես խիստ կասկածում են, մենք երաշխավորում ենք, որ այյդ անձանց նկատմամբ Հայաստանում բացասական դրսեւորումներ չեն լինի եւ նրանք կարող են Հայաստանից տեղափոխվել երրորդ երկիր»:
Ըստ Կապրիելյանի՝ բավական տարօրինակ է թվում ադրբեջանական հանձնաժողովի քարտուղարի նման հայտարարությունը վերջին զարգացումների ֆոնին: «Չնայած դրան Հայաստանի իշխանությունները պատրաստ է շարունակել համագործակցությունը ադրբեջանական համապատասխան կառույցների հետ»,- նշել է Կապրեիլյանը: Վերջինս, ի դեպ, չբացառեց, որ ադրբեջանական հանձնաժողովի քարտուղարի հայտարարությունը նպատակ է հետապնդում դադարեցնել ռազմագերիների փոխանակման գործընթացը:
Ներկայումս Ադրբեջանում են գտնվում 6 հայ ռազմագերի եւ մեկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Ադրբեջանի տարածքում են գտնվում Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանը այս տարվա հունվարին:
Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը:
ArmAr.am












