Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության ԱԺ-ում քննարկվել են մի շարք օրինագծեր

Նոյեմբեր 10, 2010թ. 17:00

ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստում քննարկվել են մի շարք  օրինագծեր: Առաջինը քննության առնվեց ՙԱվտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին՚ ՀՀ օրենքը ԼՂՀ-ում գործողության մեջ դնելու մասին՚, ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙԱվտոմոբիլային տրանսպորտի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚, ՙԱնհատական տվյալների մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ օրենքների նախագծերի փաթեթը։

Ներկայացնելով այն, կառավարության պաշտոնական ներկայացուցիչ` ֆինանսների փոխնախարար Գրիգորի Մարտիրոսյանը որպես հիմնավորում հաղորդեց, որ  խնդրո առարկա օրինագծերը նպատակ ունեն օրենսդրորեն կանոնակարգելու ճանապարհա-տրանսպորտային պատահարների պարագայում առաջացող իրավահարաբերությունները՝  հնարավորություն ստեղծելով իրավական հիմքերով լուծելու այդ պատահարների հետևանքով  տուժած քաղաքացիների վնասների փոխհատուցման խնդիրները։ Միևնույն ժամանակ, ասաց նա, տվյալ օրենսդրական փաթեթի ընդունումը կխթանի ապահովագրական ծառայությունների զարգացումը երկրում, կնպաստի ապահովագրական ընկերությունների միջև մրցակցության աշխուժացմանը և համապատասխան ցանցի ընդլայնմանը, բնակչության ապահովագրական իրավագիտակցության բարձրացմանն ու խորացմանը՝ ուղղված սպառողների սեփական շահերի պաշտպանությանը։

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ դրական էր գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի  եզրակացությունը։  Ներկայացնելով նախնական քննարկումների ողջ ընթացակարգը՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանն առաջարկեց նախագծերն ընդունել օրենքների տեսքով։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի ընթացքում հնչեցին թեր և դեմ տեսակետներ։ Արդյունքում խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ կողմ քվեարկեց օրենսդրական փաթեթին։

Կառավարության լիազորմամբ ներկայացնելով ՙԳյուղատնտեսական համատարած հաշվառման մասին՚ ԼՂՀ օրենքի նախագիծը, ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ  Մանուշ  Մինասյանը հաղորդեց, որ այն նախատեսում է կարգավորել գյուղատնտեսական մթերք արտադրողների համատարած հաշվառման նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, ստացված արդյունքների մշակման, ամփոփման, հրապարակման, պահպանման և օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները։

Համատարած հաշվառումը, ասաց նա, հնարավորություն կտա ստանալ հավաստի տեղեկատվություն գյուղատնտեսության կառուցվածքի և առկա ներուժի վերաբերյալ՝ հանրապետության, շրջանի ու համայնքի կտրվածքով, ձևավորել գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման ամբողջական համակարգ, գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստր, ապահովել միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիություն։

Դրական էր գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, և օրինագիծը, էական առարկություններ չհարուցելով, ընդունվեց առաջին ընթերցմամբ։

Օրակագրի հաջորդ երկու հարցերը, որոնք վերաբերում էին ՙԱշխատանքի պետական տեսչության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՚  և ՙԱշխատանքի վարձատրության մասին՚ ԼՂՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին՚ օրենքների նախագծերին, կառավարության լիազորմամբ նիստում ներկայացրեց  սոցիալական ապահովության նախարար Նարինե  Ասծատրյանը։ Նշվեց, որ օրինագծերից առաջինում առաջարկվող փոփոխություններն ու լրացումը պայմանավորված են գործող օրենքը դեռևս այս տարվա հուլիսին համապատասխան փոփոխությունների ու լրացումների ենթարկված աշխատանքային և վարչական օրենսգրքերին համահունչ դարձնելու անհրաժեշտությամբ։ Իսկ երկրորդ օրինագծի առնչությամբ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ գործող օրենքի որոշակի դրույթներ հակասում են աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին, ընդ որում՝ նշված օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների ու լրացումների արդյունքում կարգավորվում են ՙԱշխատանքի վարձատրության մասին՚ օրենքով սահմանված իրավահարաբերությունները։

Օրինագծերի վերաբերյալ դրական էին գլխադասային՝ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Զոյա Լազարյան) եզրակացությունները։ Տարակարծությունների տեղիք չտալով՝ օրենքներն ընդունվեցին։

Նիստի օրակարգով նախատեսված էր նաև կանոնակարգային հարց՝  ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամներ նշանակելու մասին։ Ներկայացնելով այն՝  ԱԺ նախագահը հաղորդեց, որ հարցը բխում է ԼՂՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջից և վերաբերում է խորհրդարանի լիազորություններին։ Հիշեցման կարգով նա նշեց, որ Ազգային ժողովի դեռևս 2009թ. մարտի 25-ի որոշմամբ արդարադատության խորհրդի իրավաբան անդամներ էին նշանակվել ԱԺ աշխատակազմի իրավախորհրդատու Լիա Ասրյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ-գլխավոր մասնագետ Մարինե Սաֆարյանը։ Միևնույն ժամանակ, համաձայն դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջի՝   Ազգային ժողովի կողմից նշանակված արդարադատության խորհրդի իրավաբան անդամների լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ Ազգային ժողովն  արձակվելու դեպքում։ Եվ քանի որ նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորություններն ավարտվել են, ուստի, ասաց նա, անհրաժեշտ է, որպեսզի 5-րդ գումարման Ազգային ժողովը նորից իրականացնի այդ ընթացակարգը։

Հաշվի առնելով, որ Ազգային ժողովի նշված  աշխատակիցները հանգամանքների բերումով կարճ ժամանակահատված են իրականացրել իրենց լիազորություններն արդարադատության խորհրդում և այդ ընթացքում իրենց գործունեությամբ որևէ դժգոհության տեղիք չեն տվել, խորհրդարանի նախագահը՝ որպես արդարադատության խորհրդի իրավաբան անդամների, առաջարկեց դարձյալ նույն անձանց թեկնածությունները։

Այլ թեկնածություններ չառաջադրվեցին։ Ուստի, համաձայն կանոնակարգային պահանջի, տեղի ունեցավ փակ-գաղտնի քվեարկություն։ Արդյունքում՝ Լիա Վյաչեսլավի Ասրյանը և Մարինե Հովհաննեսի Սաֆարյանը միաձայն նշանակվեցին ԼՂՀ  արդարադատության խորհրդի իրավաբան անդամներ։

ArmAr.am

Նիստի օրակարգը սպառվեց պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հայտարարությամբ, որը, նրա հաղորդմամբ, բխում է ՙԺողովրդավարություն՚ խմբակցության տեսակետից և վերաբերում է Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում միջազգային դիտորդական առաքելությունների կողմից արձանագրված բազմաթիվ խախտումներին:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն