Սամվել Բալասանյան. Պատճառն Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումն է
– Ի՞նչպես եք գնահատում դարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, նախագահների եւ ԱԳ նախարարների դարձյալ հաճախակիացած հանդիպումներն արդյո՞ք արդունավետ կլինեն հարցի կարգավորման ուղղությամբ:
– Աստրախանում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախորդեց դեկտեմբերին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին:
Ադրբեջանը, հատկապես վերջին տարիներին, բանակցային գործընթացում, վստահաբար երրորդ երկրի խորհրդատվական աջակցությամբ, կիրառում է մի մարտավարական հնարք, որը տեղավորվում է իր կողմից որդեգրած ռազմավարության ընդհանուր տրամաբանության մեջ:
Այն իր էությամբ պարզ է և նպատակ ունի փոխել միջազգային հանրության կողմից դարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գոծընթացում կողմերի իրական ներդրումների ընկալումը, Հայաստանին ներկայացնել որպես ոչ կառուցողական կողմ, թուլացնել մեր դիրքերը և դրանով բանակցություններում իր դիվանագիտական ռազմավարության իրականացման համար ապահովել շահեկան պայմաններ:
– Իսկ ինչպե՞ս է դրսևորվում այդ մարտավարությունը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը բանակցային գործընթացի հերթական հանգուցային փուլից առաջ սկսում է իրականացնել մի մտացածին գործընթաց, որի նպատակն է արհեստականորեն մեծացնել հակամարտության կարգավորման շրջանակներում կողմերի մոտակա հանդիպման կարևորությունն ու նշանակությունը` ներկայացնելով այն որպես հակամարտության կարգավորմանն ուղղված որոշիչ, անգամ շրջադարձային իրադարձության:
Բաքվի կողմից բանակցային գործընթացի հերթական փուլի այսպիսի կարևորումը և դրա շուրջ հոգեբանական լարված և սպասողական իրավիճակի ստեղծումը նպատակ է հետապնդում միջազգային հանրության մոտ հակամարտության մոտալուտ կարգավորման հնարավորության պատրանք ստեղծելու միջոցով հիմնավորել անիրական սպասելիքներ:
Այս մարտավարության տրամաբանությամբ հենց Ադրբեջանի կողմից գալիք իրադարձության նշանակության կարևորմամբ և տեղեկատվական հարձակման իրականացմամբ միջազգային հանրության մոտ իր մասին ստեղծվում է, խնդրին դրական մասնակցություն և կառուցողական մոտեցում ցուցաբերող կողմի տպավորություն:
– Սակայն, մենք կարծես այնքան էլ լուռ չենք, ձեր կարծիքով, Աստանայի հանդիպումից առաջ ի՞նչ է անելու Ադրբեջանը:
– Այն գործընթացը, որ այսօր արդեն սկսել է իրականացնել Ադրբեջանը հիմնավորում է ասվածը: Աստանայում հանդիպման նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարը իր կողմից արված հայտարարություններում արդեն սկսել է խոսել դարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ որ «ճանապարհային քարտեզիե առկայության և դեկտեմբերյան բանակցություններում աննախադեպ, բեկումնային առաջընթացի գրանցման հնարավորության մասին:
Անհրաժեշտ է ակընկալել, որ հենց Ադրբեջանի ապակառուցողական գործելակերպի հետևանքով հերթական անհաջողությունը գրանցելուց հետո Բաքուն ի լուր ամբողջ աշխարհի կհայտարարի, որ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառը Հայաստանի ապակառուցողական դիրքորոշումն ու գործելակերպն է:
Արդյունքում այս տեսակետը բոլոր միջազգային կառույցներում մշտապես շրջանառելով և մատնանշելով բաց թողած հնարավորությունը Ադրբեջանը բանակցություններում հերթական անհաջողության գրանցումը կբարդի Հայաստանի վրա, մեղադրելով նրան հակամարտության կարգավորումը միտումնավոր ձգձգելու մեջ:
-Ուրեմն, այս իրավիճակում, որը դուք ներկայացնում եք, ձեր կարծիքով, որո՞նք են հայկական կողմի քայլերը` խնդրի կարգավորման մեր ուզած վերջնագծին հասնելու համար: Իսկ ի՞նչն է Ձեր կարծիքով հիմնախնդրի կարգավորման ձգձգման տրամանբանական պատճառը:
– Իրականում հենց Բաքվի ապակառուցողական գործելակերպն է դարաբաղյան հակամարտության կարգավորումը տանում փակուղի, քանի որ փոխադարձ զիջումերի անհրաժեշտությունը հանդիսանում է ցանկացած բանակցային գործընթացի տրամաբանական հիմքը:
Եթե բանակցության կողմերը իսկապես ցանկանում են կարգավորել հակամարտությունը բանակցությունների միջոցով, ապա պետք է պատրաստ լինեն փոխադարձ զիջումների:
Վերջնագրի լեզվով և ոչ կառուցողական դիրքերից հանդես գալով` Ադրբեջանը բանակցային գործընթացը վեր է ածում անիմաստ, անօգուտ գործունեության, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում առկա իրավիճակի կտրուկ վատթարացման:
– Հատկապես վերջին շրջանում ավելի են ակտիվացել խոսակցություններն այն մասին,որ առանց Ղարաբաղի ժողովրդի մասնակցության ոչ մի հարց էլ չի լուծվելու , այդ մասին հայտարարում է եւ Հայաստանը եւ Արցախը, ձեր կարծիքով, ե՞րբ է բանակցային գործընթացին մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը:
– Ադրբեջանը չպետք է մոռանա, որ Հայաստանը ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացում հանդես է գալիս որպես Արցախի շահերը ներկայացնող և պաշտպանող կողմ:
Հայաստանը բանակցային գործընթացի համապատասխան փուլում հակամարտության կարգավորման առումով վերջնական որոշման ընդունումը պարտավոր է փոխանցել ԼՂՀ հայեցողությանը:
Սա բացարձակ տրամաբանական մոտեցում է, եթե հաշվի առնենք այն իրականությունը, որ Արցախի Հանրապետությունը չնայած չճանաչված, սակայն ինքնիշխան, կայացած հանրապետություն է և պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն որոշել իր երկրի ճակատագիրն ու ապագա կարգավիճակը:
Իսկ Արցախի մասնակցությունը առկա բանակցային գործընթացին, կարծում եմ կարող է էական խթան հանդիսանալ հակամարտության կարգավորման արդյունավետության բարձրացման առումով: «Առավոտ» օրաթերթ:
Զրույցը վարեց Մարգարիտ ԵՍԱՅԱՆԸ
ArmAr.am












