Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կարեն Կարապետյանը հանդիպել է նաիրիտցիների հետ

Նոյեմբեր 12, 2010թ. 14:02

Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է §Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների պատվիրակությանը, ովքեր ներկայացրել են իրենց բողոքը չորս ամիս չստացած աշխատավարձի կապակցությամբ: §Նաիրիտ»-ի աշխատակիցները  նաև փոխանցել են աշխատատեղերը հետագայում կորցնելու վերաբերյալ իրենց և գործընկերների մտահոգությունը` պայմանավորված այս պահին չաշխատող ձեռնարկության ապագայի անորոշությամբ: §Նաիրիտ գործարան»-ի գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը ևս ներկա է եղել հանդիպմանը: Նախագահի աշխատակազմի ղեկավարը խստորեն քննադատել է ձեռնարկության ղեկավարությանը` առկա խնդիրների լուծման ուղղությամբ ժամանակին բավարար քայլեր չձեռնարկելու և աշխատակիցներին այսօր արդեն ծայրահեղ քայլերի մղելու համար:

§Նաիրիտ»-ի աշխատակիցների պատվիրակությանն ընդունելուց հետո, Կարեն Կարապետյանը հանդիպել է նաև դրսում հավաքված նրանց գործընկերների հետ և փոխանցել կառավարության պատասխանատուներին Հանրապետության ղեկավարի տված հանձնարարականներն ու §Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հեռանկարի հետ կապված մոտեցումը:

Ընդգծելով, որ §Նաիրիտ»-ը պետական սեփականություն չէ, հետևաբար, պետությունն իրավունք չունի ուղղակի միջամտություն ցուցաբերել ձեռնարկության տնտեսական գործունեությանն առնչվող խնդիրներին, Կարեն Կարապետյանը նշել է, որ պետությունն այս պահին մտահոգված է ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած իր քաղաքացիների սոցիալական խնդիրներով, ինչպես նաև երկրի տնտեսության մեջ կարևոր դեր ունեցող քիմիական հսկայի ճակատագրով: Աշխատակազմի ղեկավարը տեղեկացրել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հանձնարարել է  գործադիր իշխանության պատասխանատուներին` ձեռնարկության սեփականատիրոջ հետ քննարկել ստեղծված իրավիճակը և միջոցներ ձեռնարկել ամենասեղմ ժամկետում` առաջիկա 10 օրվա ընթացքում աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը վճարելու, այնուհետ` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու ուղղությամբ:

§Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման հետ կապված, Կարեն Կարապետյանի հավաստմամբ, Երկրի ղեկավարի մոտեցումը հստակ է` պետք է ամեն ինչ անել գործարանը վերագործարկելու համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն