Սերժ Սարգսյան. Եթե ժամը գա, մենք խնդիրը կլուծենք վերջնականապե’ս
«Մեր ունեցածն ամբողջովին բավարար է, որպեսզի այսօր էլ կարողանանք պատվով կատարել մեր առջև դրված ամենակարևոր խնդիրը»,- ԼՂՀ Պաշտպանության բանակի զորավարժություններից հետո ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Ես վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թվականներին, այլև վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է»,- ընդգծել է հանրապետության ղեկավարն ու նշել, որ նպատակին հասնելու համար պետք է միշտ զգոն լինել. «Որևէ մեկը չպետք է կասկածի ձեր վճռականության վրա, ինչպես ե՛ս չեմ կասկածում, որովհետև շարունակվում են սադրանքները, կրակոցները, զոհվում են մարդիկ, և ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը: Ուրեմն պետք է զգոն լինենք, ուրեմն մեր զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար, իսկ մեզ համար` դառնան կյանքի նորմ: Այդ զորավարժությունների ընթացքում սպաները պետք է ցուցադրեն իրենց գիտելիքները, զինվորները` իրենց կարողությունները, հրամանատարությունը պետք է մշտապես կատարելագործի իր հմտությունները: Սա՛ է մեր ճանապարհը, մենք այլ ճանապարհ չունենք»:
«Որպես Գերագույն գլխավոր հրամանատար, որպես Հանրապետության ղեկավար, սիրելի՛ զինվորներ և սպաներ, ես խոստանում եմ, որ դուք որևէ բանի կարիք չեք ունենալու: Մենք ձեռք ենք բերելու ժամանակակից միջոցներ, ինչպիսին հիմա էլ ունենք, մենք ունենալու ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք խնայել մեզ համար ամենից թանկագինը` մեր զինվորների և սպաների կյանքը: Մեր ունեցածն ամբողջովին բավարար է, որպեսզի այսօր էլ կարողանանք պատվով կատարել մեր առջև դրված ամենակարևոր խնդիրը»,- ավարտելով խոսքը հավաստիացրել է նախագահ Սերժ Սարգսյանը:
ArmAr.am












