Ազգայնականության և ազատականության հակադրությունը մտացածին է
Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ մեզանում այդպես էլ չստեղծվեց բնականոն քաղաքական առօրյա: Ոչ վաղ անցյալում քաղաքական տիրապետող պահանջարկը աստիճանաբար ձևավորեց համապատասխան քաղաքական կազմակերպություններ ու լիդերներ: Ինքնին հասկանալի է, որ այսօրվա փոփոխվող իրականությանը համակերպվելու և համապատասխան քաղաքականություն մշակելու համար ժամանակ և տևական ջանք է պետք: Բայց քաղաքական տեղատվության ընթացքը և պատմական հեռանկարի` չափից ավելի գաղափարականացման միտումները մեծ հույսեր չեն ներշնչում:
Միջին զգացողությունների ու միջին հնարավորությունների տեր հայ քաղաքացին ամենից շատ հոգնել է ներքին անորոշությունից ու ազգային գերխնդիրների անհարկի շահարկումներից: Օրենքի և օրինականության փոխարեն մեզ անվերջ պարտադրում են արտաքին ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված, «խորհրդավոր» պատճառաբանություններով ազգային ու պետական կյանքը դարձյալ ինչ-ինչ իռացիոնալ նպատակների ենթարկելու մի փակ շղթա: Քաղաքական տեսանկյունից մեր ազգային ու պետական համակարգերը ինչ-որ չափով կորցրել են իրենց ներքին դիմադրողականությունը:
Այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենից շատ զգացվում է, թեկուզ փոքր, բայց անընդհատ հաղթանակների ծրագիր ունեցող քաղաքական ուժի պակաս: Միայն իրագործելի ծրագրերի առաջադրմամբ հնարավոր կլինի մեր ազգային ու պետական համակարգերը ազատագրել իռացիոնալ պատրանքներից:
Ակնհայտ է, որ հայ ժողովրդի գաղափարական ու քաղաքական կողմնորոշումները մեծ տերությունները օգտագործում են այս տարածաշրջանում իրագործվող հեռահար ծրագրերի առանձին փուլերում: Անշուշտ, գործելով սահմանային ռիսկի գոտում, մենք ստիպված ենք հաշվի առնել տարածաշրջանում իրագործվող փուլային ծրագրերի թելադրանքը: Ճիշտ է նաև, որ նման աշխարհաքաղաքական շահերի կիզակետում հայտնված Հայաստանի քաղաքական կողմնորոշումները չեն կարող ամբողջապես ձերբազատվել ռիսկից ու հնարավոր իռացիոնալ քայլերից: Բայց հենց այդ պատճառով, որ մենք գտնվում ենք «ռազմաքաղաքական» երկրաշարժերի գոտում, մեր ազգային կյանքի ներքին կազմակերպվածությունը, հնարավոր արտաքին ու ներքին վտանգներ զգալու և կանխելու համակարգային ընկալունակությունը, ինչպես նաև ազգի բարոյական հուսալիությունը պետք է խիստ բարձր լինեն: Ի դեպ, ասկետիզմի հասնող պետական կազմակերպվածության և ազգի ներքին դիմադրողականության առաջնայնության սկզբունքը արդյունավետ գործում է Իսրայելի պետական անվտանգության կոնցեպցիայում:
Քաղաքական, գաղափարական, մշակութային ու արժեքային ագրեսիաների վտանգը նվազագույնի հասցնելու կարևոր պայմաններից մեկը ազգային ու պետական կյանքի որոշակիությունը պահպանելու ներքին դիմադրողականությունն է: Մինչդեռ մեր ունեցածը բաց ու անպաշտպան համակարգ է: Անցած այս տարիների ընթացքում ձևավորված քաղաքական, սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական համակարգերը ունեն միայն թվացյալ որոշակիություն: Էության մեջ դրանք ավելի շատ ինքնաբացառող համակարգեր են; Հազիվ թե վստահությամբ կարելի է պնդել, թե մեզանում ընթացող գործընթացները այլևս անշրջելի են: Առնվազն հոգեբանորեն ազգի մեծամասնությունը տիրոջ և նախաձեռնողի զգացողություն չունի:
Վերջին շրջանում ազատականության և ազգայնականության հարցերը դարձել են խիստ մոդայիկ: Բայց դրանք սխոլաստիկ հարցադրումներ են: Ուշագրավ է, որ մեր պատմական հեռանկարի կենսափիլիսոփայության այդ երկու վարկածներն էլ իրենց հաշվարկները կառուցում են արտաքին հանգամանքների վրա: Երկու դեպքում էլ բերվում են հիմնավոր ենթադրություններ, թե այս տարածաշրջանը, քանի որ հզոր տերության գերիշխանության տակ կարող է անցնել, հարկ է որդեգրել համապատասխան պատմական հեռանկարի կենսափիլիսոփայություն: Չբացառելով քաղաքական նման հաշվարկների անհրաժեշտությունը` նկատենք, որ մեր քաղաքական կողմնորոշումները աճուրդի հանելու երկու տարբերակներն էլ տառապում են աշխարհաքաղաքական վախի հիվանդությամբ: Եթե հաշվի առնենք նաև, որ քաղաքականությունը մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների ենթակա չէ, ապա պարզ կդառնա, թե որքան մեծ է ռիսկը: Այդ ռիսկից խուսափելը չափազանց դժվար է: Մենք պարզապես ստիպված ենք տարածաշրջանի իրադարձություններին միանալ ընթացքից: Այդ պատճառով էլ խիստ կարևորվում է հայոց պետականության ներքին հուսալիության հարցը:
Ինչ վերաբերում է ազատականի և ազգայնականի հակադրությանը, ապա այն մտացածին է: Պետական համակարգն ու ազգային կյանքը կարող են լինել կամ օրինական, կամ ոչ: Եթե մենք քաղաքացիական հասարակություն չենք, եթե մեզանում օրենքի գերակայություն չկա, ապա թե ազատականությունը, թե ազգայնականությունը իրենց գավառական այլակերպումների մեջ հավասարապես վտանգավոր են:
Հայոց պետականության մեջ իր տեղն ու դերը ճշտող հայ քաղաքացին երկփեղկված է: Որպես անցյալից եկած` մեզանից յուրաքանչյուրի մեջ այս կամ այն չափով ապրում է նախկին «պետական քաղաքացին» , որի անձնական և հասարակական կյանքը, լավ թե վատ, հստակ որոշարկված էր: Չնայած գաղափարական սահմանափակումներին` գործում էին իրավական, բարոյական ու դերային հստակ մեխանիզմներ: «Մասսայի մարդու» պահանջմունքները բավարարված էին, առօրյան կանխատեսելի էր, և նա ազատված էր մերժվածի բարդույթից: Բայց մեզանից յուրաքանչյուրի մեջ, առավել ակնհայտ, քան երբևէ, այսօր ապրում է նաև «ազգային քաղաքացին»: Ազգային զարթոնքի առաջին տարիներին այդ քաղաքացին կամովին հրաժարվեց իր հանդեպ պետության սահմանադրական պարտավորություններից` գտնելով, որ երկրի համար դժվարին այդ տարիներին պետությունն առաջին հերթին պետք է զբաղվի համազգային խնդիրներով: Մարդկանց այդ զոհաբերությունը ըստ արժանվույն չգնահատեցին, և դրա հետևանքը եղավ մասսայական «փախուստը ազգայինից»: Ի վերջո, մեր ներքնքպես երկատված էության մեջ այս տարիներին ձևավորվել է նաև «ազատ քաղաքացու» կերպար: Իր ձեռներեցությամբ ու հնարամտությամբ հայ մարդը դժվարություններ չունի ազատ քաղաքացու կերպարին համակերպվելու հարցում: Բայց որովհետև մեզանում ազատականությունը նույնացվեց կամայականության հետ և մեկնաբանվեց որպես անհատական գոյատևման կենսաձև, այդ պատճառով էլ, որպես ներքին երկվությունից ազատագրվելու ծայրահեղ միջոց, ընտրվեց «փախուստը ազատությունից»:
Այսօր անհրաժեշտ են ոչ թե հարցերի պստլիկ շրջանակ ունեցող մանր-մունր քաղաքական ուժեր, որոնք կամա-ակամա ջլատում են հասարակությունը, այլ «ազատ» և «ազգային» քաղաքացիների կենսափիլիսոփայությունն արտահայտող հզոր կուսակցություններ, որոնք կարողանան նաև իրենց գաղափարախոսությունը համատեղել «պետական քաղաքացու» պահանջների հետ:
Ավիկ Մարության
ArmAr.am












