Ահմադինեժադը հիշեցրել է ԼՂՀ հիմնախնդրին Իրանի աջակցության մասին
Բաքվում գտնվող Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հյուրընկալելով ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերությանը, խոսել է նաև արցախյան հակամարտության մասին. Արցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բանակցային պայմաններում` արդարության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա, հարցազրույցում ասել է Իրանի նախագահը:
Նա կարեւորել է տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ եւ բարեկամական միջավայրում ապրելու հեռանկարը, ընդգծելով, որ բոլորն այստեղ հարեւաններ են, եւ դա արհամարհել որեւէ մեկը չի կարող:
«Հակամարտությունը ռեսուրսների, երկու կողմերի համար էլ նաեւ ժամանակի կորստի պատճառ է, որ նյարդային լարվածություն է ստեղծում` խոչընդոտելով զարգացմանը», հայտարարել է Իրանի նախագահը, ավելացնելով, որ Իրանը կրկին իր պատրաստակամությունն է հայտնում «օգնելու հակամարտության կարգավորմանը»:
Սեփական միջնորդության առաջարկը հիմնավորելու համար Ահմադինեժադը հիշեցրել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջին քայլերն արվել են նաեւ Իրանի մասնակցությամբ: «Առաջին քայլերն արվել են մեր կողմից: Եթե արդյունք չլինի, մենք կկատարենք ուրիշ քայլեր: Տարածաշրջանային խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանի ներսում», ասել է Իրանի նախագահը: Նրա խոսքերով, «օտարների միջամտությունը այդ հարցին հակամարտության աճող խորացման պատճառ կլինի»: Սա, ըստ Իրանի նախագահի, ապացուցված է գործնականում:
ArmAr.am












