Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Ռալֆ Յիրիկյան. Մեր հայրենակիցները մեզ պես հավասար իրավունքներ ունեն

Նոյեմբեր 19, 2010թ. 18:13

IMG_8370Երևանի Արաբկիր համայնքի Կույրերի մշակույթի տանը տեղի ունեցավ բրայլյան այբուբենով գրված բազմալեզու վահանակների շնորհանդեսը: Վահանակները տեղադրվելու են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների մոտ:

ՙՀայաստանը` բրայլյան այբուբենով՚ նախագծի նպատակը Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ այցելող թույլ տեսողությամբ և կույր մարդկանց իրենց իսկ այբուբենով` արևելահայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներով հուշարձանների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռելն է: Վահանակներն այցելուներին ծանոթացնում են տվյալ վայրին և հնարավորություն են տալիս կիրառելու ԱՄԱՓ-ի կողմից ծրագրված ՙԱուդիո տուր՚ ծրագիրը, որը կույր և թույլ տեսողություն ունեցող այցելուներին հնարավորություն կընձեռի ինքնուրույն զբոսապտույտ կատարելու տվյալ վայրում:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Հայաստանի տարբեր վայրերում տեղադրվելիք բրայլյան այբուբենով պատրաստված 21 վահանակների բացումը, որոնցից ինը նախատեսված են Երևանի կենտրոնական հատվածի համար: Դրանք կտեղադրվեն գարնանը Երևանի 18 հիմնական վահանակների հետ միասին: Հնչեցին նաև Հայաստանի կույրերի երգչախմբի կատարումները:

ՙՍովորելն ու արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելը թույլ տեսողությամբ և կույր մարդկանց երազանքն է՚, – նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ՙԿարևոր է, որ հասարակությունը գիտակցի կույրերի` տեղեկատվություն ստանալու հավասար հնարավորություններ ստեղծելու անհրաժեշտությունը, ինչն արդեն վաղուց առկա է զարգացած երկրներում: Մեր հայրենակիցները մեզ պես հավասար իրավունքներ ունեն` սովորելու և ակտիվ ժամանցի, ու հետևաբար` նրանց համար պետք է ստեղծել հավասար հնարավորություններ: Լինելով պատասխանատու ընկերություն, մենք հնարավորինս աջակցում ենք այսօրինակ նախագծերին, որոնց շնորհիվ թույլ տեսողությամբ և կույր մարդիկ կզգան իրենց հասարակության լիարժեք անդամներ և կվայելեն ընթերցելու ու սովորելու բերկրանքը՚:

ԱՄԱՓ-ի ծրագրերի գլխավոր հովանավորն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հովանավորներն են` Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը, Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամը, USAID/CAPS-ը, Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն