Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն առաջնահերթ չէ ԵՄ-ի համար
«Այն փաստը, որ հայկական լոբբին արգելափակել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը, վկայում է այն մասին, որ հայկական լոբբին ուժեղացնում է ԱՄՆ-ում և մասնավորապես Վաշինգտոնում, իր դիրքերը»,- «ԱրմԻնֆոյին» այդպիսի կարծիք է հայտնել ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Ըստ նրա՝ Վաշինգտոնի հայկական լոբբին ամենակազմակերպված և ուժեղ լոբբիներից մեկն է և բավականին բարձր հեղինակություն է վայելում: «Կարծում եմ, որ հայկական լոբբիի գործողությունները բարձրացնում են ոչ միայն լոբբիի, այլ նաև ողջ աշխարհում հայկական գործոնի հեղինակությունը»,- նշել է թուրքագետը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Սաֆրաստյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կուլիսներում ոչինչ տեղի չի ունենում։ «Չնայած Թուրքիայի իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե ինչ-որ բան տեղի է ունենում, ես հակված եմ կարծելու, որ ոչինչ տեղի չի ունենում»,- նշել է Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Թուրքիային անհրաժեշտ է նման խաբուսիկություն ստեղծել, որպեսզի երկրի շուրջ իրավիճակն ավելի բարենպաստ լինի:
Խոսելով Եվրահանձնաժողովի վերջերս հրատարակած զեկույցի մասին՝ որում Թուրքիային արձանագրությունները վավերացնելու, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանները բացելու կոչ է արվում, Սաֆրաստյանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցն առաջնահերթ չէ Եվրամիության համար. «Հայաստանը Թուրքիայի հարևաններից մեկն է, այդ պատճառով Թուրքիան պետք է շարունակի Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշել է Սաֆրաստյանը՝ հավելելով, որ չի կարծում, որ Եվրահանձնաժողովի կոչը Թուրքիայի նկատմամբ պահանջ է, քանի որ դա այն պարտավորությունների շրջանակներում է, որոնք ստանձնել է Թուրքիան:
Թուրքագետը նշել է, որ Թուրքիան և Եվրահանձնաժողովն շատ ավելի կարևոր խնդիրներ ունեն, քան Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններն են: Ըստ այդմ՝ ԵՄ-ն և Թուրքիան հիմնականում զբաղված են Կիպրոսի հարցով, Թուրքիայի ներսում բարեփոխումների գործընթացով, քրդական հարցով։
ArmAr.am












