Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

1,3 միլիոն եվրո նվիրատվության խոստում Արցախին

Նոյեմբեր 23, 2010թ. 14:30

Նոյեմբերի 18-21-ը Ֆրանսիայում անցկացվեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Դրամահավաք միջոցառումը, որին այս տարի մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները, հանգանակեց շուրջ 1 միլիոն 300 000 եվրո: Նվիրատվությունները կուղղվեն Արցախի Տող,Հարթաշեն, Ուխտաձոր, Ակնաղբյուր եւ Սարգսաշեն գյուղերում ջրային համակարգի կառուցմանն ու վերականգնմանը: Կշարունակվեն նաեւ ներդրումները Տավուշի մարզում:
Տասնմեկ տարի շարունակ հեռախոսամարաթոնի գլխավոր գործընկերն ու հովանավորն է Ֆրանս Տելեկոմ Օրանժը. Ֆրանսիայի հինգ քաղաքներում` Փարիզ, Լիոն, Մարսել, Նիս (Նիցցա) եւ Մոնպելյե, տեղակայված Օրանժի կենտրոնների տարածքը, սարքավորումներն ու հեռախոսակապն անհատույց տրամադրվում է մարաթոնի կարիքներին:

ՙՏպավորված եմ, թե ինչպիսի առատաձեռնությամբ են Եվրոպայի բարերարները նվիրատվություններ անում Հայաստանի եւ Արցախի հազարավոր բնակիչների կյանքը թեթեւացնելու նպատակով: Չնայած տնտեսական ճգնաժամին, Հիմնադրամին նվիրատվություններ անելու կոչին մարդիկ շատ դրական էին արձագանքում: Սրանով նրանք հավաստում էին իրենց վստահությունը Հիմնադրամի նկատմամբ եւ պատրաստակամությունը` շարունակել սատարել մեր ընդհանուր գործին՚, – ասում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը:

Չորս օր, օրական տասերկու ժամ, շուրջ վեց հարյուր հիսուն կամավոր իրենց զանգերով հորդորում էին հայ գործարար կառույցներին եւ ընտանիքներին օգնել Հայաստանի եւ Արցախի հեռավոր գյուղերի մեր հայրենակիցներին: Արդյունքում` նվիրատվության խոստում կատարեց ավելի քան 11 200 ընտանիք, եւ նախորդ տարվա համեմատ գրանցվեց նվիրատվության խոստումների շուրջ 10% աճ:

Իրենց կոչերով հեռախոսամարաթոնին սատարում էին կինոդերասան Ժերար Դեպարդյեն եւ հայազգի դաշնակահար-երգահան Անդրե Մանուկյանը, ով այս տարի համահայկական միջոցառման կնքահայրն էր: ՙՁեր նվիրատվություններով մասնակցեք Հայաստանում եւ Արցախում իրագործվելիք աշխատանքներին: Եթե ոչ մենք, ապա ո՞վ պետք է դա անի: Հայաստանի հեռավոր գյուղերի շուրջ տաս հազար բնակիչ սպասում է ձեր օգնությանը՚, – կոչով նվիրատուներին է դիմել ֆրանսահայ երաժիշտը:

Հեռախոսամարաթոնի փակման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ ՙOրանժ՚ հիմնադրամի նախագահ Միրել Լե Վանը: Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը սրտագին շնորհակալություն հայտնեց գործընկերներին եւ կամավորներին ու ներկայացրեց հեռախոսամարաթոնի արդյունքներն ըստ երկրների. 1,1 միլիոն` Ֆրանսիայից, 70 000 եվրո` Գերմանիայից, 18 000 եվրո` Շվեյցարիայից, 46 000 եվրո` Հունաստանից եւ 21 000 եվրո` Հոլանդիայից:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն