Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Սերժ Սարգսյան. «Ռազմական հռետորաբանությունը Արցախի հարցում ստեղծում է ծայրահեղ լարված իրավիճակ»

Նոյեմբեր 25, 2010թ. 09:15

Serj Sargsyan-ArmAr.amՀայաստանի և Թուրքմենստանի Նախագահները երեկ երկկողմ բանակցությունների արդյունքները ներկայացրել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Անդրադառնալով Նախագահ Բերդիմուհամեդովի հետ միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկմանը` ՀՀ Նախագահ Սարգսյանն ասել է, որ միջազգային օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ Հայաստանի և Թուրքմենստանի դիրքորոշումների համընկնումը կամ նմանությունը միջազգային ասպարեզում փոխշահավետ համագործակցության լավ հիմք է:

«Մենք, իհարկե, նաև քննարկեցինք Հարավային Կովկասի անվտանգության վերաբերյալ հարցեր: Ես Թուրքմենստանի Նախագահին ներկայացրեցի, թե ինչպիսին ենք տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիները: Մշտապես հնչող ռազմական հռետորաբանությունը և սպառազինության աննախադեպ աճը տարածշրջանում ստեղծում են ծայրահեղ լարված իրավիճակ: Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել այս հարցի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը. ճգնաժամերը և հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա, որոնք մի ամբողջություն են կազմում:

Միջազգային հանրության կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար կիրառելի այդպիսի սկզբունքներ են ուժի և դրա սպառնալիքի չկիրառումը, պետության տարածքային ամբողջականությունը և ազգերի ինքնորոշման իրավունքն ու իրավահավասարությունը: Միայն այսպիսի մոտեցումն է ապահովում արդար և երկարաժամկետ լուծման հասնելու հնարավորությունը»,-ընդգծել է Հայաստանի Նախագահը:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին` ջերմ ընդունելության համար, ապա ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հատուկ նշանակություն է տալիս: Նախագահի հավաստմամբ, այդ ամենի վկայությունն են և՛ պաշտոնական այցը, և՛ կառուցողական ու լիակատար փոխըմբռնման մթնոլորտում անցած բանակցությունները:

Սերժ Սարգսյանը խոսել է ստորագրված փաստաթղթերի կարևորության մասին, նաև նշել, որ Թուրքմենստանի Նախագահի հետ քննարկել են հայ-թուրքմենական հարաբերությունների արդիական հարցեր, մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Նախագահի խոսքով, բանակցությունների ժամանակ անդրադարձ է եղել առևտրատնտեսական հարաբերություններին ևս: Երկուստեք ընդգծվել է, որ չնայած վերջերս նկատվում է դրական տեղաշարժ, սակայն տնտեսական կապերի ամրապնդման ներուժը դեռևս լիարժեքորեն չի օգտագործվում:

«Կարծում եմ, համատեղ ջանքերով մենք կարող ենք ապահովել մեր առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնումը, դրանց նոր խթան հաղորդել: Համագործակցության լուրջ ներուժ կա էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում: Վստահ եմ, որ մեր ապրանքարտադրողների արտադրանքի ներկայացման, տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի հաստատման համար լավ հնարավորություն են գործարար-համաժողովները, որոնցից հերթականն այսօր իր աշխատանքն սկսեց Աշգաբատում»,-ասել է Սերժ Սարգսյանը, կարևորելով  առևտրային հարաբերությունների զարգացման, երկու երկրների գործարար սուբյեկտների միջև անմիջական կապերի համար բարենպաստ պայմանների  ստեղծման, արդյունաբերության և ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունները:

Հայաստանի և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարևորությունը ևս:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ մեծ նշանակություն է տրվել հումանիտար ոլորտում համագործակցության հարցերին` ստորագրվել են մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր, ինչպես նաև` առաջիկա տարիներին Երևանի պետական համալսարանի և Մահտումկուլիի անվան Թուրքմենստանի պետական համալսարանի միջև համագործակցության մասին ծրագիր: Թուրքմենստանում այժմ ընթանում են հայկական կինոյի օրերը: Ակտիվորեն զարգանում են առողջապահության ոլորտում կապերը: Այս ամենը, Սերժ Սարգսյանի խոսքով` շատ լավ և դրական միտումներ են, որոնք անհրաժեշտ է զարգացնել:

ArmAr.am


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն