‹Ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում››
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը:
Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր գնահատեց այս տարվա մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցը: Փոխգործակցության ամրապնդման առումով Սիրիայի Նախագահը չափազանց կարեւոր համարեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Սիրիա: Նա անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը` կարեւորելով շփումների եւ փոխայցերի ակտիվացումը: Նա անգնահատելի համարեց սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների խորացման առումով եւ նշեց, որ հայ համայնքը իր գործունեությամբ մեծապես նպաստել եւ նպաստում է Սիրիայի զարգացմանը եւ հզորացմանը: Նախագահ Բաշար ալ-Ասադը կարեւոր համարեց նաեւ տնտեսական համագործակցության խորացումը տարբեր ուղղություններով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սիրիայի Նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ բարեմաղթանքները: ԱԺ նախագահը նշեց, որ հայ-սիրիական բարեկամությունն էլ ավելի ամրապնդվեց երկու երկրների նախագահների փոխայցերով: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է անգնահատելի նշանակություն եւ հայ ժողովրդի գոյատեւումը մեծապես պայմանավորված է այն աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը գտնվում է մի երկրում, որի օրինապաշտ և ազնիվ քաղաքացիներն են հայերը, ովքեր, իրենց նկատմամբ ցուցաբերվող բարյացակամության պայմաններում` պահպանելով իրենց լեզուն ու կրոնը, լիարժեք ինտեգրված են հասարակության մեջ եւ իրենց ներդրումն են կատարում բարեկամ Սիրիայի զարգացման գործում: Նրա խոսքով` Սիրիայում հայկական մեծ համայնքի առկայությունը քրիստոնյա և մահմեդական քաղա¬քակրթությունների երկխոսության ու փոխադարձ հարստացման լավագույն դրսևորումներից են: ԱԺ նախագահի խոսքով` Սիրիան առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության մերձավորարեւելյան ուղղությունում եւ երկկողմ համագործակցության վերաբերյալ ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերը եւ բարձր մակարդակի շփումները ամուր հիմք են Երեւանի եւ Դամասկոսի միջեւ սերտ հարաբերություններ զարգացնելու համար: Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, երկկողմ շփումների ակտիվացումը, փոխայցերը: Նրա խոսքով` Հայաստանը կարեւորում է հայ-սիրիական քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, մշակութային եւ այլ բնագավառներում համագործակցության ավելի ամրապնդումը եւ խորացումը: Հայաստանն, իր հերթին, զգալի ջանքեր է ներդնում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման, փոխվստահության և համագործակցության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցերի, երկուստեք շեշտվեց, որ հիմնախնդիրները պետք լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով, տարածաշրջանում պետք է լինի կայունություն եւ խաղաղություն, քանի որ պատերազմները որեւէ երկրի եւ ժողովրդի, բացի մարդկային եւ նյութական կորուստներից, որեւէ օգուտ չեն բերել:
Կողմերը քննարկեցին փոխադարձ կարեւորություն ունեցող այլ հարցեր եւս:
Հանդիպման վերջում Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար ալ-Ասադը Հովիկ Աբրահամյանին խնդրեց իր ողջույնները եւ բարեմաղթանքները փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:












