Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Սիրիայի վարչապետը Հայաստան-Սիրիա հարաբերությունները համարում է բացառիկ

Նոյեմբեր 25, 2010թ. 11:00

Դամասկոսում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաջի ալ-Օտրիի հետ էր:
Ողջունելով հյուրերին` Սիրիայի վարչապետը Հայաստանի հետ Սիրիայի հարաբերությունները գնահատեց որպես առանձնահատուկ եւ բացառիկ ու նշեց, որ բարեկամությունը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ պատմական խորը արմատներ ունի: Նա նույնպես բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը Սիրիայի զարգացման գործում: Մուհամմադ Նաջի ալ-Օտրին կարեւոր համարեց ԱԺ նախագահի այցը Սիրիա սիրիահայկական համագործակցության խորացման համատեքստում: Նա նշեց, որ օրենսդիր եւ գործադիր մարմինների փոխգործակցությունը կարեւոր նախադրյալ է երկրի զարգացման եւ առաջընթացի գործում: Նա ԱԺ պատվիրակությանը մանրամասն ներկայացրեց Սիրիայի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները եւ ձեռքբերումները: Սիրիայի վարչապետը անհրաժեշտ եւ կարեւոր համարեց տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ԱԺ նախագահը կարեւորեց տնտեսական համագործակցության խորացումը եւ նշեց, որ այս ոլորտում փոխգործակցության չօգտագործված մեծ ներուժ կա, քանի որ նման քաղաքական ջերմ հարաբերություններ ունեցող երկրների միջև ապրանքաշրջանառության և փոխադարձ ներդրումների ծավալները դեռևս գտնվում են ոչ բավարար մակարդակի վրա: Նա վստահություն հայտնեց, որ գոյություն ունի փոխշահավետ համագործակցության լայն դաշտ եւ անհրաժեշտ է խթանել տնտեսության տարբեր ճյուղերում կոնկրետ ծրագրերի իրականացումը, գործարար շփումների ակտիվացումը եւ բիզնես ֆորումների անցկացումը:
Նրա խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող իրավապայմանագրային դաշտը լայն հնարավորություններ է ընձեռում հաջողությամբ իրականացնել տնտեսական փոխգործակցությունը: ՙԵս չափազանց լավատես եմ երկկողմ փոխշահավետ համագործակցության հեռանկարների առումով, և վստահ եմ, որ եղած բարեկամական հարաբերությունների պայմաններում և համատեղ ջանքերով մենք հետագայում կարձանագրենք համագործակցության էլ ավելի ամրապնդում և կապերի հետագա խորացում՚, -նշեց ԱԺ նախագահը:
Վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնեց Հալեպ: Հալեպի օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին դիմավորեցին Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան, նահանգային իշխանության անդամները, Հալեպահայ համայնքապետերը:
Նույն օրը տեղի ունեցավ ԱԺ պատվիրակության եւ Հալեպի նահանգապետի եւ նահանգային իշխանության անդամների հանդիպումը:
Ավելի ուշ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էին Հալեպի նահանգապետը, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահը, հայ համայնքի ներկայացուցիչներ անդամները: Հայ խորհրդարանականները այցելեցին տաղավարները, ծանոթացան ներկայացված նմուշներին: ԱԺ նախագահը, ողջունելով ներկաներին, նշեց. ՙՎստահ եմ, որ այս ցուցահանդեսն ու հայ-սիրիական գործարար խորհրդի հերթական նիստն իրենց խթանող դերը կունենան երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման և հատկապես առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում:
Այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ հայ-սիրիական քաղաքական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը չի կարելի ասել առևտրատնտեսական կապերի մասին: Իսկ քաղաքական հարաբերությունների առկա մակարդակը պետք է ամրապնդվի տնտեսական գործակցության ակտիվացմամբ: Այս տեսանկյունից երկու երկրների գործարարները պարտավորված են առևտրատնտեսական հարաբերությունները եւս հասցնել նման մակարդակի: Կարծում եմ` դրա համար բոլոր հնարավորությունները կան, մանավանդ որ, Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Սիրիան և մասնավորապես Հալեպը մեզ համար դարձան առաջին շուկաներից մեկը:
Իմ պաշտոնական այցի ժամանակ Սիրիայի իշխանությունների հետ ունեցած հանդիպումների ընթացքում մենք անդրադարձել ենք նաեւ տնտեսական կապերին` երկուստեք փաստելով, որ դրանք զարգացման մեծ ներուժ ունեն և այստեղ իր առանձնահատուկ դերակատարությունը պետք է ունենա հայ-սիրիական գործարար խորհուրդը: Ներկայիս երկկողմ ապրանքաշրջանառության` ընդամենը շուրջ 4 միլիոն դոլարի հասնող ծավալները ամենևին չեն համապատասխանում մեր իրական հնարավորություններին: Անհրաժեշտ է միայն իրացնել այդ ներուժը, որովհետեւ, կարծում եմ, գործարարների ու տնտեսավարողների շփումները խթանելու եւ ակտիվացնելու համար երկու երկրներում էլ ստեղծված են անհրաժեշտ բարենպաստ միջավայր եւ իրավապայմանագրային դաշտ և որ շատ կարևոր է, կողմերն ունեն քաղաքական կամք` աջակցելու տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված ծրագրերին ու նախաձեռնություններին:
Այս ցուցահանդեսը շատ լավ առիթ է մեր գործարարների համար` ներկայանալ միմյանց, տեղեկատվություն փոխանակել, ծանոթանալ հնարավորություններին, կապեր հաստատել, համագործակցության եզրեր գտնել: Լայն ասպարեզ կա համագործակցել առեւտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, գիտատեխնիկական և ֆինանսաբանկային ոլորտներում: Վստահ եմ, որ այսօրվա ցուցահանդեսի շրջանակներում համագործակցությունը կդրվի ավելի գործնական հիմքերի վրա՚:
Երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց Առաջնորդարան, հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկավ ելույթով:
Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը եւ հայ համայնքի ներկայացուցիչները այցելեցին Ազգային պատսպարան: Հովիկ Աբրահամյանը զրուցեց մանկատան երեխաների հետ, լուսանկարվեց նրանց հետ: ԱԺ նախագահը նվիրատվություն կատարեց մանկատանը:
Նոյեմբերի 25-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Հալեպից կմեկնի Դեյր Զոր եւ նույն օրը երեկոյան կվերադառնա Երեւան:


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն