Բակո Սահակյան.‹‹Սկզբունքային, ազնիվ ու հետեւողական աշխատանք, որից կախված է մեր հանրապետության ապագան››
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը Դատախազության օրվա առթիվ
/ Ստեփանակերտ, 26 նոյեմբերի 2010թ. /
Դատախազության հարգելի աշխատակիցներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ եւ համակարգի բոլոր վետերաններին մասնագիտական տոնի առթիվ:
Արցախում ավանդաբար նշում ենք դատախազության օրը: Եվ դա պատահական չէ, քանի որ դատախազությունը չափազանց կարեւոր դերակատարություն ունի ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի ու ժողովրդի կյանքում:
Օրենքի գերակայության ապահովումը, օրինականության պահպանումն ու ամրապնդումը, պետության ու քաղաքացիների շահերի պաշտպանությունը համակարգի առջեւ դրված այն հիմնական խնդիրներն են, որոնք անվերապահ եւ արդյունավետ կերպով իրականացնելու համար ձեզնից յուրաքանչյուրից պահանջվում է սկզբունքային, ազնիվ ու հետեւողական աշխատանք: Այդ աշխատանքից է նաեւ մեծապես կախված մեր հանրապետության ապագան:
Արցախի իշխանությունները քաջ գիտակցում են դա եւ անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում` ուղղված ձեր աշխատանքային պայմանների բարելավմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին:












