Տիգրան Խզմալյան. «Հայկական բանակը պետք է ամրապնդվի ընտանիքից»
Նոյեմբերի 26–ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Ազգային անվտանգության և պաշտպանության» հանձնաժողովի նիստը «ՀՀ Զինված ուժերում վերջերս տեղի ունեցած միջադեպերի մասին» թեմայով։
Ելույթ ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը, որը անդրադարձավ ՀՀ զիված ուժերում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպին՝ ասելով, որ այդ միջադեպերն բանակում առկա միջանձնային հարաբերությունների հետևանք են, խարսխված երկրում իշխող ռեժիմի կառավարման համակարգի վրա։ Վերջինս փաստեց, որ հայկական բանակը համալրվում է հիմնականում ժողովրդի անապահով խավի ընտանիքների զավակներից, ուստի այն արտացոլում է հոգեբանական, հասարակական և դասակարգային այն գործընթացները, որոնք առկա են հասարակության մեջ։ Այնինչ հայկական բանակը պետք է ամրապնդվի ընտանիքից։ Ամուր ընտանիք՝ ամուր բանակ։ Եվ քանի որ բանակում գրեթե ամեն ինչ ոչնչացվել է, ուստի պետք է կարողանալ հայ ընտանիքներում վերկանգնել սրբությունները, խեղված արժեհամակարգը, որպեսզի իրավիճակը շտկվի։
Խզմալյանը նկատել է որ սկզբից ևեթ բանակը ստեղծվել է սխալ արժեքային և կառավարման համակարգով, ինչը ուղղակի պրոյեկտումն է օտար զինված ուժերից։
Քննարկման մասնակիցները արեցին մի շարք առաջարկներ, որոնց իրականացումը որոշակի առումով կնվազեցնի մահվան ելքով դեպքերն ու պատահարները, կբարելավի զինծառայողների միջանձնային հարաբերությունները։
Մասնավորապես նշվեց, որ բանակը պետք է ավելի բաց լինի հասարակության առջև։ Հասարակության միջամտությունը բանակում տիրող բարքերին, միջանձնային հարաբերություններին պետք է լինի օժանդակության և վերահսկողության գործառույթներով։ Սակայն իրավիճակում որակական փոփոխություն կարելի է ակնկալել միայն համակարգային լրջագույն փոփոխություններից հետո։
ArmAr.am












