Սփյուռքի կազմակերպությունների մոտ Արցախում պատերազմ սկսվելու վտանգն ընկալվում է լրջորեն
Օրերս տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ սփյուռքում տարվում են լուրջ աշխատանքներ Արցախին սատարելու համար համազգային բանակի ստեղծման գործում:
Փորձենք վերլուծել իրավիճակը` մեր հաջորդ քայլերը ճիշտ ընտրելու համար: Որքանո՞վ էր նախնական տեղեկատվությունը ճիշտ կամ սխալ, մեր կարծիքով` դրա քննարկումը չպետք է լիներ կարևոր, այլ այն հրաշալի միտքը, որը պետք է նաև կոչ ընդունել. կոչ համայն հայությանը:
ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովին մնաց մի քանի օր: Համընդհանուր կարծիք կա, որ գագաթնաժողովում փորձ է արվելու արցախյան հարցի լուծման մեջ առաջընթաց գրանցել, և չկա ոչ մի կանխագուշակում, որ այդ առաջընթցը կարող է ի նպաստ հայկական լինել: Ընդ որում` նույնիսկ եթե համաժողովի արդյունքում ոչինչ չգրանցվի, դրանով Հայաստանի վիճակը չի լավանա, քանի որ Ադրբեջանի իշխանություններն անում են հուսահատ և վտանգավոր քայլեր արցախյան հարցն իրենց օգտին լուծելու համար:
Այսօր արդեն դժվար գտնվի որևէ մեկը, որ բացառի Ադրբեջանի կողմից ամենաանմտածված, իր իսկ անվտանգությանը սպառնացող հուսահատական քայլ կատարելու`պատերազմ սանձազերծելու հնարավորությունը: Եվ, անկասկած, այդպիսի քայլի պատասխանը պետք է լինի ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի հայության ուժերի տոտալ մոբիլիզացումը:
Համաշխարհային հայկական սփյուռքի բոլոր կենտրոնները պետք է մեկ մարդու պես աշխատեն մեկ օր առաջ պատրաստ լինելու, ես կասեի` նույնիսկ Հայաստանից մեկ օր առաջ պատրաստ լինելու այդպիսի արհավիրքի դեպքում հայկական բանակին այնպիսի ռազմական օգնություն ցուցաբերելու, որ Ադրբեջանի իշխանությունները գիտակցեն, թե ինչ դժողքում իրենք հայտնվեցին:
Չէ՞ որ հոդվածում շատ ճիշտ է ներկայացված, որ հայկական սփյուռքը համանման իրավիճակում ոչ միայն իր ուժերն է մոբիլիզացնելու Հայաստանին օգնելու համար, այլև օգտագործելու է իր հզոր պոտենցիալը Հայաստանին բարեկամ երկրներին ոտքի հանելու համար:
Դրանում թող չկասկածեն ոչ հայ և ոչ էլ օտարազգի ընդդիմախոսները:
Մենք չենք ուզում մասնակցել վերոհիշյալ տեղեկատվության ճիշտ կամ սխալ լինելու բանավեճին, այլ միայն հայտարարում ենք, որ իսկապես սփյուռքի կազմակերպությունների մոտ Արցախում պատերազմ սկսվելու վտանգն ընկալվում է լրջորեն և դրա վրա ազդելու ներքին պատրաստակամության մակարդակը շատ բարձր է:
Ավելին` կատարվում են աշխատանքներ սփյուռքի կազմակերպություններին կայծակնորեն մոբիլիզացնելու և ագրեսիայի դեպքում սփյուռքահայության ողջ պոտենցիալն օգտագործելու համար: Իսկ այն կազմակերպությունները, որոնք դեռևս ամբողջությամբ չեն գիտակցում վտանգը, մենք կոչ ենք անում սթափվելու:
Եվրոպահայ և ամերիկահայ կազմակերպությունների կողմից տարվում են և մոտ ժամանակներս առավել կծավալվեն աշխատանքներ` համաշխարհային սփյուռքի բոլոր կառույցներին իրավիճակը ճիշտ գնահատելու և օգնելու ուղղությամբ, ինչպես նաև անհրաժեշտ պահին ողջ հայության ուժերը մոբիլիզացնելու համար: Մոտ ապագայում դրա մասին ավելի շատ կխոսվի և ավելի շատ տեղեկատվություն կտրվի հայկական ԶԼՄ-ներին:
Աշոտ Գրիգորյան, ԵՀՄՖ–ի նախագահ
ArmAr.am












