Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Կառավարությունը հավանության արժանացրեց 2010թ.-ի պետական բյուջեի նախագիծը

Սեպտեմբեր 28, 2009թ. 17:05

ՀՀ կառավարությունում սեպտեմբերի 28-ին կայացած արտահերթ նիստին քննարկվեց եւ հավանության արժանացավ 2010թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հաջորդ տարի հիմնվելով ինչպես սեփական, այնպես էլ միջազգային փորձագիտական գնահատականների վրա, կանխատեսվում է ՀՆԱ-ի 1,2-1,3% աճ, որի դեպքում այն կկազմի 3 տրլն 214 մլրդ դրամ: Ինդեքս դեֆլյատորը` ներքին ծագում ունեցող ապրանքների ինֆլյացիան, կանխատեսվում է 2%, բյուջեի եկամուտները` 676,7 մլրդ դրամ, որից հարկերը և պետական տուրքերը` 533,5 մլրդ դրամ, սոցիալական վճարները` 105,2 մլրդ դրամ: Բյուջեն ընդհանուր առմամբ կանխատեսված է 701,7 մլրդ դրամ, ծախսերը` 884,7 մլրդ դրամ, դեֆիցիտը` 183 մլրդ դրամ: Իսկ դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 5,69%: Համայնքների բյուջեները կկազմեն 82,5 մլրդ դրամ:

Ըստ Տ. Դավթյանի, 2010թ.-ի բյուջեի ծախսերը 85 մլրդ դրամով պակաս են այս տարվա բյուջեից` նույնիսկ այս տարվա ծախսային կասեցումներով հանդերձ: Չնայած դրան` ինչպես այս տարի, եկող տարի ևս կպահպանվեն սոցիալական, ազգային անվտանգությանն ուղղված, գիտական և մի շարք այլ` անկասելի համարվող ծախսերը: Նախարարի խոսքերով, եթե այս տարի բյուջետային ծախսերի մեծ մասն իրականացվել է դրսից ներգրավված միջոցների հաշվին, ապա եկող տարի դա նույն ծավալներով իրականացնել հնարավոր չէ. նախ պետք է սահմանափակվի ներգրավվող ռեսուրսների քանակը, որպեսզի բյուջեի դեֆիցիտը մնա կառավարելիի սահմաններում, բացի այդ` 2010թ.-ի բյուջեում արդեն էականորեն ավելանում են մինչ օրս ներգրավված վարկերի սպասարկման միջոցները, որոնք բավականին ծանր են:

Հաջորդ տարի կնվազեցվեն, մասնավորապես, կապիտալ եւ պետական կառավարման ծախսերը, պետական ապարատի համար սարքավորումներ եւ տրանսպորտային միջոցներ չեն գնվի, կրկնակի կկրճատվեն գործուղումային և պետական պաշտոնական ընդունելությունների ծախսերը: Օբյեկտիվորեն կավելանան մի շարք ծախսեր` քաղծառայողների աշխատավարձերը, համայնքների դոտացիաները, ինչպես նաեւ ներգրավված վարկերի սպասարկման ծախսերը: 2010թ.-ի բյուջեի նախագծով` եկող տարվա համար բյուջեի դեֆիցիտը կանխատեսվում է 183 մլրդ դրամի չափով, որը պետք է ծածկվի արտաքին և ներքին աղբյուրների հաշվին:

Տ.Դավթյանը տեղեկացրեց, որ 2010թ.-ին կառավարությունը կփորձի 7,5 մլրդ դրամի չափով բյուջետային վարկեր ներգրավել Համաշխարհային բանկից, 150 մլն դոլարի չափով` Արժույթի միջազգային հիմնադրամից. այդ կառույցներից առաջինի հետ բանակցություններ են տարվում, երկրորդի հետ արդեն կա համապատասխան համաձայնագիր: Դեֆիցիտի փակման ներքին աղբյուր է պետական պարտատոմսերի տեղաբաշխումը, որից, ըստ նախարարի, ակնկալվում է ստանալ շուրջ 30 մլրդ դրամ: «Դեֆիցիտի ֆինանսավորման բոլոր աղբյուրները հայտնի են»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է տարբեր գերատեսչությունների կողմից բարձրացված լրացուցիչ միջոցների անհրաժեշտությանը, Տ.Դավթյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ 2010թ.-ի բյուջեն լարված է, պետք է այն ծրագրավորված և խնայողական լինի, «որպեսզի կարողանանք կրել այս տարվա ծանրությունը»:

Հ.Հ.


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն