Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

ՀՀ կառավարության նամակ-հայտը Ճապոնիայի կառավարությանը

Դեկտեմբեր 1, 2010թ. 14:03

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստում հաստատվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 2010-2013 թթ. ֆինանսական տարիների և մինչև 2014 թ. հունիսի 30-ն ընդգրկող ժամանակահատվածի աուդիտորի տեխնիկական առաջադրանքը:

Մեկ այլ հարցով քննարկելով և հավանության  արժանացնելով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի Պարբերական ֆինանսավորման հայտը` Կառավարման խորհուրդը հանձնարարել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանին 2011 թ. փետրվարին ՀՀ կառավարություն ներկայացնել որոշման նախագիծ Աշտարակ-Թալին հատվածի ճշգրտված հողերի օտարման ծրագրի և դրա  իրականացման համար բյուջեից ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է նաև ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված բանակցային խումբ` Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի վարկային պայմանագրի շուրջ Ասիական զարգացման բանկի հետ բանակցութուններ վարելու նպատակով:

Ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երկրորդ տրանշի` Աշտարակ-Թալին  մայրուղու` Ագարակ և Ուջան բնակավայրերում ու Զաքարի Բերդ հնագիտական վայրում ճանապարհի ծրագրի նախագիծը: «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆելիքս Փիրումյանը ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն տվյալ հատվածում աշխատանքների իրականացման տարբերակների և դրանց հստակ գնահատականների վերաբերյալ։

Խորհուրդը հավանություն է տվել Ճապոնիայի կառավարության կողմից զարգացմանն ուղղված պաշտոնական օժանդակության ծրագրերի շրջանակներում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երրորդ տրանշի ֆինանսավորման նպատակով ներկայացված նամակ-հայտին և հանձնարարել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին` զբաղվել տվյալ նամակ-հայտը Ճապոնիայի կառավարությանը ներկայացնելու համար պահանջվող գործընթացներով:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն