Ռուբեն Սաֆրաստյան.Տարածքային ամբողջականության սկզբունքը ղարաբաղյան հակամարտությունում գերակա չէ
ԵԱՀԿ ՄԽ երկրների համատեղ հայտարարությունը ցույց է տալիս, որ արցախյան հիմնախնդրի կարգավորումը դուրս է եկել այլ հակամարտությունների քննարկման շրջանակներից, քանի որ ակնկալվում է, որ պետք է ընդունվի նաև փաստաթուղթ կարգավորման սկզբունքների վերաբերյալ:
Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Փաստաթուղթը` արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին, առանձին էր ներկայացվել նաև մինչ կարգավորման սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի նախապատրաստումը: ԵԱՀԿ-ն գտնում է, որ արցախյան հիմնախնդրի կարգավորումը պետք է տեղի ունենա այն սկզբունքների հիման վրա, որոնք կազմել են ԵԱՀԿ ՄԽ գործունեության հիմքը և որտեղ տարածքային ամբողջականության սկզբունքը գերակա չի համարվում»:
Արևելագիտության ինստիտուտի տնօրենը նշել է նաև, որ հայտարարության մեջ մեծ դեր է հատկացված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:
«Նոր փաստաթուղթը վկայում է այն մաիսն, որ խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այս փաստաթուղթը հանգրվանային կդառնա Մինսկի խմբի համանախագահների համար, որպեսզի հետագայում նրանք առավել ուշադիր լինեն և համարժեք պատասխանեն հրադադարի ռեժիմի բոլոր խախտումներին»,-ասել է Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետը նշել է նաև, որ Աստանայում ընդունված հայտարարությունը կարող է նպաստել բանակցային գործընթացի հետագա խորացմանը:












