Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Աստանայում հանդիպումները շարունակվում են

Դեկտեմբեր 1, 2010թ. 17:35

40084ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների և պատվիրակությունների ղեկավարների հետ: Նախագահ Սարգսյանը Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկի հետ առավոտյան ունեցած հանդիպումից հետո, օրվա երկրորդ կեսին հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Մեծ Բրիտանիայի պատվիրակության ղեկավար, փոխվարչապետ Նիկ Քլեգգի և Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հետ: Սերժ Սարգսյանը Եվրամիության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում վիզային ռեժիմի մեղմացման, առևտրի ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ԵՄ հնարավոր աջակցությանը: Սերժ Սարգսյանը և Հերման Վան Ռոմպոն քննարկել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի շուրջ ս.թ. հուլիսին մեկնարկած բանակցություներին վերաբերող հարցեր: Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգգի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու ներդրումների խրախուսմանը, Հայաստան-Եվրամիություն կապերի խորացմանն առնչվող թեմաների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանի և Սերբիայի Նախագահ Բորիս Տադիչի հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-սերբական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Աստանայում այսօր երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունից` ի պատիվ ԵԱՀԿ գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների կազմակերպվելիք պաշտոնական ընդունելությանը:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն