Օտարալեզու դպրոցների ստեղծումը անսքող մարտահրավեր է մեր պետական լեզվին
Այսօր` դեկտեմբերի 6-ին, Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների օրինագիծը, որով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ:
Ինչպես տեղեկացրել ենք «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը կազմակերպում է բողոքի ցույց Ազգային ժողովի հարակից տարածքում:
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ Հանրային Խորհրդի Կրոնի,սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը որոշում է կայացրել ՀՀ հանրակրթության համակարգում պետական օտարալեզու դպրոցների ստեղծման վտանգավոության մասին:
Որոշման մեջ ասվում է.
ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախաձեռնությունը` ՀՀ հանրակրթական համակարգում ստեղծել օտարալեզու դպրոցներ` հիմնավորված չէ և բացարձակապես անընդունելի է բոլոր առումներով:
Օտարալեզու դպրոցների ստեղծումը անսքող մարտահրավեր է Հայաստանում հայոց լեզվի գերակայության գաղափարին և հայոց լեզվի` որպես պետական լեզվի սահմանադրորեն և օրենսդրորեն ամրագրված սկզբունքին:
Օտարալեզու դպրոցների ստեղծումը է′լ ավելի կուժեղացնի այսօր իսկ գոյություն ունեցող անվստահությունը հայոց լեզվի հանդեպ, մեծապես կնպաստի օտարամոլության արմատավորմանը:
Օտարալեզու դպրոցների ստեղծումը մեծապես կվնասի նաև հայ ազգային մշակույթի հետագա զարգացմանը: Նման դպրոցների առկայությունը լուրջ խնդիրներ կառաջացնի ազգային անվտանգության բնագավառում:
Օտարալեզու դպրոցների ստեղծումով ավելորդ լարվածություն կառաջանա հայ հասարակության մեջ, ինչպես նաև կբազմապատկվեն կրթական համակարգում այժմ արդեն ցայտունորեն դրսևորվող կոռուպցիոն երևույթները:
Ելնելով վերոշարադրյալ նկատառումներից, ՀՀ ՀԽ Կրոնի,սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովը որոշում է.
1. ՀՀ-ում օտարալեզու դպրոցների ստեղծումը ցանկացած տեսքով և ցանկացած քանակով համարել վնասակար, անթույլատրելի և ՀՀ Սահմանադրությանը հակասող:
2. Օրենսդրորեն ամրագրել, որպեսզի հետայսու ՀՀ Կրթության և գիտության նախարարի թե′ միջնակարգ, թե′ բարձրագույն կրթությունը պարտադիր կերպով լինի հայկական:
ArmAr.am












