«Սարդարապատ» շարժում. Կրկին վտանգվում է ՀՀ ազգային անվտանգությունը
Սանահինի լոկոմոտիվային դեպոն սահմանամերձ դեպո է: Այն Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: 90-ականներին Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմի ժամանակ Վրաստանի երկաթուղայինները հրաժարվում էին Հայաստանի բեռները տեղափոխել ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի, Շուլավերի և Սադախլոյի ուղեմասերով, պատճառաբանելով այդ տարածքներում ադրբեջանցիների ներկայությամբ և նրանց նկատմամբ անհսկելիությամբ, որի հետևանքով երկաթուղում պարբերաբար կատարվել են ահաբեկչական գործողություններ:
Հայաստանի բեռնափոխադրումները այդ իրավիճակում կատարվում էր բացառապես Սանահինի լոկոմոտիվային բրիգադների և դեպոյի աշխատակիցների ջանքերով:
Միայն 1994թ. Վրաստանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումների ընթացքում տեղի են ունեցել 23 ահաբեկչական գործողություն, որից 13–ը Ադրբեջանի հետ զինադադարի ստորագրումից հետո։
Ահաբեկչական գործողությունների ժամանակ պայթեցվել են ջերմաքարշեր, վագոններ, վառելիքով լի ցիստեռններ, ուղեմասերի գծահատվածներ, կամուրջներ և բոլոր պայթեցումների հետևանքները արագ արձագանքման շնորհիվ վերացվել են Սանահինի դեպոյի աշխատակիցների ջանքերով:
Վերացնելով Սանահինի դեպոն և նրա որոշակի գործառույթները տալով Գյումրիի դեպոյին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը տնտեսական նպատակահարմարությունից ելնելով, փաստորեն, նվազագույնը զրկում է Հայաստանին Վրաստանի տարածքով Հայաստան մտնող բեռնափոխադրումների խափանումները շտկելու և կանխարգելելու օպերատիվ միջամտությունից։
Դեպոյի աշխատակիցներին առ այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը կերակրում է սին խոստումներով, թե, իբր, այդ տարածքում ինչ–որ արտադրամասի հիմնումը կապահովի անհրաժեշտ քանակի աշխատատեղեր։ Իրականությունն այն է, որ այսօր չկա այդ արտադրամասը և չկան համապատասխան աշխատատեղերը։
Ի՞նչ արձագանք են տվել և գործնական ի՞նչ քայլեր են ձեռնարկել Հայաստանի պատկան մարմինները «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարության գործողությունների նկատմամբ։
Առ այսօր ՀՀ իշխանությունների մարտավարությունը եղել և մնում է լռությունը և իրավիճակին համակերպվելը։
Այնինչ, իրապես, կրկին անգամ վտանգվում է ՀՀ ազգային անվտանգությունը։
Միայն 1994թ. Վրաստանի տարածքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների ցանկ:
29.01.1994թ Սադախլո-Այրում ուղեմասում պայթեցվել է մարդատար գնացքի 4 վագոն:
25.02.1994թ. Շուլավեր-Սամեբա ուղեմասում պայթեցվել են երկու ջերմաքարշ:
26.02.1994թ. Սադախլո-Այրում պայթեցվել է գծահատված:
29.02.1994թ. Սադախլո-Այրում ուղեմասում պայթեցվել է գնացք:
01.03.1994թ. Շուլավեր-Սադախլո ուղեմասում պայթեցվել է գծահատված:
02.03.1994թ. պայթեցվել է Խրամի երկաթուղային կամուրջը:
25.03.1994թ. պայթեցվել է Սադախլոյի երկաթուղային կամուրջը:
09.04.1994թ. Սադախլո կայարանում պայթեցվել է մարդատար գնացք:
30.04.1994թ. Շուլավեր-Սադախլո հատվածում պայթեցվել է երկու երկաթուղային կամուրջ :
06.05.1994թ.Մառնեուլի կայարանում պայթեցվել է մեկ ցիստեռն մազութ:
Զինադադարի ստորագրումից հետո
23.05.1994թ. 2577կմ–ում պայթեցվել է գնացք:
02.07.1994թ. 2558կմ–ում պայթեցվել է գնացք:
19.07.1994թ. Շուլավեր-Սադախլո ուղեմասում պայթեցվել է գծահատված:
20.07.1994թ. Սադախլո կայարանում պայթեցվել է երկու ցիստեռն:
25.07.1994թ.Սադախլո-Այրում հատվածում պայթեցվել է մեկ ցիստեռն:
10.08.1994թ. Պայթեցվել է Սադախլոյի երկաթուղային կամուրջը:
23.08,1994թ. Պայթեցվել է Խրամ գետի երկաթուղային կամուրջը:
26.08.1994թ.Սադախլո-Շուլավեր ուղեմասում ուղեմասում պայթեցվել է գծահատված:
28.08.1994թ. Շուլավեր-Սադախլո ուղեմասում պայթեցվել է գծահատված:
15.09.1994թ. Շուլավեր-Մառնեուլի ուղեմասում պայթեցվել է գծահատված:
27-28.09.1994թ. Սադախլո-Շուլավեր տեղամասում պայթեցվել է գծահատված և գնացք:
04.11.1994թ. Այրում-Սադախլո ուղեմասում պայթեցվել է գծահատված:
10.12.1994թ. Այրում-Սադախլո ուղեմասում պայթեցվել է գծահատված:
Բոլոր պայթեցումների հետևանքները վերացվել են Սանահինի դեպոյի աշխատակիցների ջանքերով:












