ՀՀ նախագահ.Ադրբեջանի ագրեսիայի դեպքում ՀՀ-ն կճանաչի Արցախը
«Ադրբեջանի կողմից նոր ռազմական արկածախնդրության դեպքում Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ ապահովել նրա բնակչության անվտանգությունը բոլոր հասանելի միջոցներով»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` ելույթ ունենալով Մոսկվայում ԱՊՀ երկրների նախագահների հանդիպման ժամանակ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի՝ փոխանցմամբ, ՀՀ նախագահը հիշեցրել է նաեւ, որ ԵԱՀԿ գագաթաժողովում հնգակողմ հայտարարություն է ընդունվել ԵԱՀԿ համանախագահող երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: «Դրանում ասված է, որ խաղաղ եղանակով լուծում փնտրելն այլընտրանք չունի»,- նշել է Հայաստանի նախագահն ու հավելել. «Ռուսաստանի նախագահը, Ֆրանսիայի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել են ուժի կամ սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին, իսկ ցանկացած ուժային փորձ անհնար կդարձնի խաղաղ լուծման հասնելը: Հայաստանը կտրականապես դեմ է խնդրի ռազմական լուծմանը»:
Նախագահ Սարգսյանը խոսել է նաեւ ՀԱՊԿ-ի մասին, կարեւորելով հակաճգնաժամային արձագանքման ավելի արդյունավետ մեխանիզմ ստեղծելու ՀԱՊԿ երկրների մտադրությունը: «Ղրղըզստանի ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին միջոցների արագ արձագանքման հարցում խնդիրների առկայությունը»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
ArmAr.am












