Գլխավոր » Infowar, Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Ադրբեջանի պատմաբանները խճճվել են իրենց իսկ ձեռքով կեղծված պատմության սարդոստայնում

Դեկտեմբեր 13, 2010թ. 09:30

azerbajanԹուրք իշխանավորները ոչ միայն հաճախ հայտարարում են Թուրքիա-Ադրբեջան «Մեկ ազգ երկու պետություն» լինելու մասին, այլև նույնպիսի փութաջանությամբ ընդգծում են, թե. «1918թ. ի վեր Թուրքիան եղել է ու կլինի Ադրբեջանի կողքին»:

«Եղբայրասիրության» նման «ջերմ» դրսևորումներով թուրք ղեկավարները կամա, թե ակամա փաստում են պատմական երկու ճշմարտություն. նախ, որ «Ադրբեջան» կոչվող պետությունը աշխարհի երեսին առաջին անգամ հայտնվել է 1918 թվականին: Եվ երկրորդ, այդ արհեստածին պետության ստեղծողը հենց Թուրքիան է` ուստիև շարունակում է ջանադրաբար ամուր կանգնած մնալ իր իսկ ստեղծած պետական միավորի թիկունքին:

Պատմությունը հուշում է, որ արհեստածին պետությունները ստեղծվում են հատուկ նպատակներով. լինելով ազգային, կրոնական ավանդույթներից զուրկ, դրանք հաջողությամբ կատարում են իրենց վերապահված
քաղաքական խամաճիկի դերը` ծառայելով այս կամ այն հզոր պետության հեռահար նպատակներին:

Նման արհեստածին պետական միավոր է և անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից ստեղծված հարևան Ադրբեջանը, որը 1918 թ. Նուրի փաշայի գլխավորած թուրքական բանակի` դեպի Անդրկովկաս ներխուժման ծնունդ էր: «Ադրբեջան» կոչված արհեստածին պետական միավորի ի հայտ գալը հուշում է Օսմանյան Թուրքիայի տարածաշրջանային հեռահար ծրագրերի մասին…

Այդ արհեստական պետության ստեղծումը ժամանակին գայթակղեց նաև Մեծ Բրիտանիային: Վերջինիս հաշվարկով այդ երկիրը կարող էր դառնալ տարածաշրջանում իրենց քաղաքական և տարածքային շահերի սպասարկուն: Ահա թե ինչու թուրքական բանակի նահանջից հետո, փաստորեն, այստեղ սկսում են իշխել բրիտանացիները, որոնք էլ դարձան այդ երկրի առաջին ֆինանսիստները: Ի դեպ, հենց բրիտանացիների օգնությամբ և թուրք սպաների աջակցությամբ ստեղծվեց ադրբեջանական բանակը, որն էլ սկսեց իր արյունակլի հարձակումները հայկական բնակավայրերի վրա:

«Ադրբեջան» կոչված արհեստածին միավորը սեփական քաղաքական շահերին ծառայեցնելու տեսանկյունից օգտակար թվաց նաև բոլշևիկյան Ռուսաստանին: Խորհրդայնացումից հետո Կենտրոնը քաղաքական առումով նպատակահարմար համարեց պահպանել «Ադրբեջան» անվանումը, քանզի Ռուսաստանը ևս, հանձին այս սինթետիկ միավորի, տեսավ այն քաղաքական խաղաքարտը, որը անհրաժեշտության դեպքում կարող էր օգտագործվել հարևան Իրանի դեմ` որոշակի քաղաքական ու տարածքային հավակնություններ դրսևորելու համար: Մյուս կողմից, բոլշևիկներն Ադրբեջանը դիտեցին որպես հարևան թուրքալեզու ազգերի վրա իրենց ազդեցությունը տարածելու լավագույն գործիք:
Այսպիսով, «Ադրբեջան» կոչվող արհեստական պետությունը ստեղծվեց թուրքա-բրիտանա-բոլշևիկյան
խարդավանքների արդյունքում և այդ տերությունների կողմից տարածաշրջանում սեփական ազդեցության գոտու ստեղծման նպատակներով:

Իսկ ովքե՞ր էին այդ երկրի բնակիչները: Ընդհանրապես, ներկայիս Ադրբեջանի տարածքում երբեք էլ միասնական էթնիկ խմբեր չեն ապրել: Հիմնական զանգվածը քոչվոր ցեղերն էին, որ կոչվում էին թաթարներ, և միայն բոլշևիկյան իշխանության տարիներին սրանք անցան նստակեցության: Հենց Խորհրդային տարիներին էլ սկիզբ առավ «ադրբեջանցի» ինքնանվանվող «ազգի» ձևավորման գործընթացը:
Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության հրահանգով գիտնականների մի ստվար խումբ լծվեց «ադրբեջանցի նոր ազգի» վերաձևման, նրա պատմության կերտման դժվարին գործին: Հետագայում Հայր Ալիևի անմիջական վերահսկողությամբ էր տքնում ոչնչից պատմություն հորինող, հայտնի պատմագող Զիա Բունիաթովը…

Զուգահեռ ընթանում էր ուծացման քաղաքականություն, ադրբեջանացվում էին ոչ միայն թուրքախոս ցեղերը, այլև մյուս ժողովուրդները` իրանախոս թաթերը, թալիշները, ինչպես նաեւ քրդերը, հյուսիսային շրջաններում բնակվող ավարները, լազերը եւ լեզգինները, քրիստոնյա ուդիների զգալի մասը: Վերջիններս բռնի կերպով դավանափոխ էին արվում:

«Ադրբեջան» պետություն ու քոչվորից էլ «ադրբեջանցի» ազգ էր «ձուլվում» հարևան հնագույն ժողովուրդների պատմության ու մշակույթի հաշվին: Ադրբեջանցի պատմագողերի գրոհն ուղղվեց դեպի հայկականն ու իրանականը:
Նորաստեղծ այդ պետական միավորմանը «Ադրբեջան» անունով կնքելը եղել է երիտթուրքերի մտահղացումը: Եվ դա ինքնանպատակ չէր: «Ադրբեջան» աշխարհագրական տերմինը վերցվեց Պարսկաստանի Ադրբեջան լայնածավալ գավառի անունից: Անվան ընտրության հեռահար նպատակն էր հետագայում արհեստածին այդ երկրին` Իրանի տարածքում գտնվող իրանական Ադրբեջանը միացնելը: Եվ այսօր, ինչպես հայտնի է, Թուրքիան, Ադրբեջանի միջոցով, Իրանի նկատմամբ դրսևորում է տարածքային հավակնություններ:

Բաքվի իշխանությունները մեծ եղբոր թելադրանքով հնչեցնում են իրանական Ադրբեջանը ձեռք գցելու ակնարկներ: Խեղաթյուրելով պատմությունը ադրբեջանական են հայտարարվում իրանական քաղաքները` Արդաբիլը, Ուրմիան, Մարաղան, իսկ Թավրիզը հռչակում իրենց «մեծ մայրաքաղաք»: Եվ այսպես, «Մեծ Ադրբեջան» հորջորջվող այդ թվացյալ պետության սահմանների մեջ ադրբեջանցի պատմագողերը ներառել են Իրանի 9-ը նահանգները, Ուրմիո լիճը, արևմուտքից` Հայաստանի գրեթե ողջ տարածքը, հյուսիս-արեւմտյան կողմից`Վրաստանի արեւելյան եւ հյուսիսից` Դաղստանի հարավիային հատվածները:

Քոչվորն իր «ազգ դառնալու» ճանապարհին մոլագար արշավ սկսեց հազարամյակների պատմություն ունեցող հայ ժողովրդի մշակույթի, պատմության ու տարածքների վրա: Բոլշևիկների ձեռքով Ադրբեջանին անօրինաբար բռնակցված Հայոց Արցախում ու Նախիջևանում համատարած ոչնչացվում կամ ադրբեջանացվում էր հայկական մշակույթը: Բարբարոսության վերջին դրվագը ադրբեջանցի զինվորների ձեռքով Ջուղայի խաչքարերի ոչնչացումն էր…
Իրենց «ծննդաբանությունը» մինչև դարերի խորքը հասցնող ադրբեջանցի-քոչվորներն այսօր իրավունք են վերապահում  հայտարարել, թե` «շումերների, մարերի ու Մեծ Հայքի պատմության ժառանգորդներն են»: Մինչ հայերս մեծահոգաբար լռում ենք, քոչվորն էլ ավելի է զարկ տալիս սեփական երևակայությանը: Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը վերջերս տարածեց իր հերթական անհեթեթությունը, թե «ներկայիս Հայաստանը, որը քարտեզի վրա անվանվում է Հայաստանի Հանրապետություն, բնիկ ադրբեջանական հող է: Լեռնային Ղարաբաղը մեր հայրենի, պատմական հողն է: Ադրբեջանական ժողովուրդը դարեր ի վեր ապրել և ստեղծագործել է Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում: Ներկայիս հայկական պետությունը կազմավորվել է պատմական ադրբեջանական հողերում: Երևանի խանությունը, Զանգեզուրի մախալը մեր պատմական հողերն են»: Իսկական զավեշտ:

Որդի Իհլամի հիվանդ երևակայությանը արժանի հակահարված տվեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր հայտնի ելույթում. «Հիվանդ երևակայությունը հասել է այնտեղ, որ Արցախի քրիստոնեական եկեղեցիները` Ամարասը, Գանձասարը, հռչակվում են ադրբեջանական: Ավելին` իրենք են առաջինն աշխարհում ընդունել քրիստոնեություն: Թուրքիային ասում են իրենց նոր կարգախոսը. «Մեկ ազգ, երկու պետություն». այսինքն` թուրքերն ու ադրբեջանցիները մեկ ազգ են, բայց ապրում են երկու պետության մեջ: Հինգ րոպե հետո ասում են, որ իրենք թուրք չեն, ավելի ճիշտ` թուրք չեն եղել, եղել են աղվան, գրել են գրքեր, որ մեզ չեն հասել, որովհետև հայերը բոլոր այդ մատյանները վառել են, եղել են աղվան և կառուցել են քրիստոնեական ճարտարապետության գլուխգործոցներ, որոնք բոլորը յուրացվել են հայերի կողմից, հետո փոխել են իրենց լեզուն, դարձել են թուրք: Հետո աշխարհի առաջին քրիստոնյա-աղվան-ադրբեջանցիները փոխել են իրենց հավատը և դարձել աշխարհի ամենաբարեպաշտ մահմեդականները: Զուգահեռ զարգացնում են նաև այն թեզը, որ իրենք իրանալեզու մարերի ուղիղ ժառանգներն են և Իրանի պատմական Ատրպատականի օրինական տերը»:

Ադրբեջանի կեղծարար պատմաբանները խճճվել են իրենց իսկ ձեռքով գործված պատմության սարդոստայնում ու մինչ օրս չեն կարողանում գոնե իրենց համար հստակեցնել` ադրբեջանցի ինքնանվանվող հանրությունն ի՞նչ ծագում ունի` թուրքակա՞ն է, իրանակա՞ն, աղվանական՞, թե՞
Կովկասում հայտնված այս քոչվոր տարրը, որին անցած դարասկզբի քաղաքական իրավիճակների թելադրանքով բաժին ընկավ «ազգ» դառնալու պարտադրանքը, մինչ օրս տառապում է ազգային ինքնագիտակցության թերարժեքությունից: Իսկ թերաժեքությունը, ինչպես արձանագրում են հոգեբանները, ծնում է ագրեսիվություն: Ահա թե ինչու հայի ստեղծածն ու արարածը զավթելուն զուգահեռ Ադրբեջանի իշխանությունները հակահայկականությունը վերածել են ազգային գաղափարախոսության ու զբաղված են հայերիս նկատմամբ ատելություն ու թշնամանք քարոզելով:


Այսօր էլ նույնպիսի մոլագարությամբ Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային ու պատմական արժեքների կողոպուտը, ու կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի պայթել արհեստածին փուչիկը, աշխարհին ապացուցելով, որ քաղաքական շահերի նպատակով ստեղծված արհեստական պետությունների գոյությունը կարճատև է, քանզի ազգն ու պետությունը ձևավորվում են դարերի ընթացքում` բնական ու բանականոն գործոնների ազդեցությամբ, սեփական մշակույթով ու սովորույթներով:

Իսկ ազգի արհեստածինը չի լինում:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

ArmAr.am


Դիտել Infowar, Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն