Մուշեղ Թումասյան. «ԵՄ-ը կհատկացնի 150 մլն եվրո»
«Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների շրջանակներում Հայաստանին հասանելի Եվրամիության գործիքները» խորագրով խորհրդաժողովի ժամանակ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը նշեց, որ առաջիկա 3 տարիների համար Եվրամիության հատկացնելիք գումարը հասնում է մինչև 150 մլն եվրոյի, որոնք դրամաշնորհային միջոցներ են: Անցած երեք տարիների համար հատկացվել է մոտ 98 մլն եվրո, որն ամբողջությամբ դեռ չի օտգագործվել:
Խորհրդաժողովի ընթացքում Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը նկատեց, որ Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցությունը արդյունավետ է զարգանում, ու մի շարք դեպքերում Եվրամիությունից ավելի հստակ աջակցություն ստանալու կարիք ունեն առանձին նախարարություններ ու գերատեսչություններ: Նրա փոխանցմամբ, վերջիններս կարող են ավելի արդյունավետորեն իրենց ծրագրերը կյանքի կոչել, եթե ֆիանանսական գործիքներն ավելի լիարժեք լինեն:
Առավել նախաձեռնող լինելու հարցի հետ կապված արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը նշեց, որ իրավիճակային փոփոխություններն արդեն նկատելի են:
«Կարծում եմ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների մեկնարկից հետո մենք արդեն նախաձեռնող լինելու քայլեր անում ենք: Մեզ իսկապես մեծ հնարավորություն է ընձեռնված մեր դիրքորոշումները ներկայացնելու ԵՄ-ը, իսկ նրանք իսկապես լսելու ունակություն ունեն»,- նկատեց արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը












