Գլխավոր » Regions, Թուրքիա, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Իրանական քաղաքական շաբաթ

Դեկտեմբեր 13, 2010թ. 10:45

Iran-nb8997-150x150– Իրանի քաղաքական անցնող շաբաթը գերակշռաբար հայացքները թեքում էր դեպի երկրի արտաքին քաղաքական իրադարձություններ` կապված միջուկային թղթածրարին: Իսկ ներքաղաքական ոլորտում` կրկին իշխանական վերնախավի` արմատականների ակտիվություններն էին` երբեմնի “ներքին համերաշխությունը” վերականգնելու համար:

***

– Երեւի ներքին համերաշխությունն “ամրապնդելու” կամ ապացուցելու համար էր, որ անցնող շաբաթվա սկզբներում ծայրահեղ արմատականները (այն թեւը, որն կառավարամետ է) նոր գրոհ նախաձեռնեցին նույն արմատական հոսանքին պատկանող, բայց չափավոր համարվող, պատասխանատուներին: Սկզբում նույնինքն խորհրդարանի խոսնակ Լարիջանիին, իսկ հետագայում Թեհրանի քաղաքապետ Ղալիբաֆին նմանատիպ գրոհների արժանացրին: Մասնավորապես, Ղալիբաֆին ծայրահեղականները համընթաց համարեցին այաթ. Ռաֆսանջանիին, որն էլ վերջին ժամանակաշրջանում ու հատկապես նախագահական հայտնի ընտրություններից հետո, մշտապես հարձակումների թիրախ է դառնում ծայրահեղականների կողմից: Ի դեպ` օրերս նույն Լարիջանին մամլո իր ասուլիսի ընթացքում խիստ քննադատեց ծայրահեղության հասած ու վարկաբեկիչ այն խոսքերը, որոնք ուղղվում են Ռաֆսանջանիին: Այսպես` քաղաքապետին “ամբաստանում են” նրանում, որ նա դարձել է “տեխնոկրատ”, մինչդեռ նախքան այդ` նա վայելում էր արժանավոր զինվորի (զորավար) կոչում: Իսկ երբ նա դարձավ “Դոկտոր Ղալիբաֆ”, այնուհետեւ որդեգրեց տեխնոկրատի ու գործնապաշտի ընթացք, որն էլ “այսօրվա քաղաքապետարանին վերածել է գովազդային ու բիզնեսային մի ամբողջ համակարգի…”: Ահա այսպես էին բնութագրում նախկին կարգապահական ուժի հրամանատարին (ոստիկանապետ), որն ինչ խոսք` քաղաքական շատ դետերի կարծիքով` նախագահական հաջորդ ընտրությունների իրական հավակնորդներից է լինելու …

– Մամլո եւ քաղաքական շրջանակների համար անցնող շաբաթվա ընթացքում դատական ատյանի խոսնակ Էժեիի ասուլիսը կարեւոր էր գնահատվում լոկ այն պատճառով, որ ակնկալվում էր, թե վերջինս ինչ նորություն է հրապարակելու այն քաղբանտարկյալների մասին, որոնք ձերբակալվել են նախագահական ընտրություններից հետո: Եւ այդպես էլ խոսնակը չհուսահատեցրեց լրագրողներին ու նրանց իրազեկեց, որ “Եթե ձերբակալյալները խոստովանեն, որ խաբված են եւ զղջումնագիր ներկայացնեն, անպայման ներման կարժանանան…”:

– Իր ձեւի մեջ հետաքրքրական էր օրերս Թեհրանում` թուրքական դեսպանատան առջեւ իրանցի մի խումբ բողոքավորների հավաքը: Բողոքողները, որոնք Իրանի նախկին պաշտպ. փոխնախարարի ընտանիքի անդամներն էին, պահանջում էին Թուրքիայի կառավարությունից, որ փոխնախարարի սրանից չորս տարի առաջ Թուրքիայում առեւանգնման հանգամանքներին ավելի լուրջ հետամուտ լինի: Առեւանգված փոխնախարարի կինը հայտարարել է, որ թուրք դեսպանին է հանձնել բողոքագիրը եւ պահանջել, որ Թուրքիայի իշխանությունները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն իրենց բողոքի նկատմամբ:

– Գալով միջուկային թղթածրարի թեժ թեմային` պետք է ասել, որ Իրանի հիմնական բանագնաց, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար դոկտ. Ջալիլին մինչ Ժնեւ մեկնելը` հստակեցրել էր, որ “Անցնող ավելի քան մեկ տարվա ոչ-բանակցային գործընթացը, որ փոխարինվել էր այսպես ասած պատժամիջոցներով, ապացուցեց, որ անհեռանկար է ու անօգուտ, քանզի պատժամիջոցներից Իրանը բոլորովին չտուժեց…”: Ահավասիկ, նման “նախերգանքով” էր, որ վերսկսվեցին ժնեւյան բանակցությունները` Իրանի եւ “5+1” խմբի (ՄԱԿ-ի ԱԽ-ի մնայուն 5 անդամներ + Գերմանիա) միջեւ, որի հիմնական բանագնացն էլ Եվրոմիության արտաքին հարաբերությունների գերատեսուչ Քաթրին Աշտոնն է, որի “գլխավորած պատվիրակությունից է կախված նիստի արդյունքում դրական առաջընթացը…”, – ընդգծել էր Իրանի Ազգային անվտանգության ԳԽ քարտուղարը:

– Հատկանշական էր, որ հրապարակված հաղորդումների համաձայն` “5+1” խմբակը մինչ այդ էլ տատամսում էր բանակցություններին մուտք գործելուց, հիմնականում` մեկ հստակ օրակարգի շուրջ համաձայնության չգալու բերումով: Այս իսկ պատճառով էլ` ակնհայտ էին Աշտոնի թույլ դիրքերը` նիստից առաջ:

– Իսկ նիստից հետո էր, որ պարզ դարձավ հենց վերոգրյալը, այն առումով, որ Իրանի գրեթե բոլոր առաջադրանքներն ընդունվել են վեցյակի կողմից` երկկողմ համագործակցությունները շարունակելու եւ հաջորդ (հավանաբար հունվարին) նիստը Ստամբուլում կայացնելու վերաբերյալ: Պրն. Ջալիլին նաեւ ընդգծեց, որ Իրանը “5+1” խմբին հստակ պահանջ է ներկայացրել, առ այն, որ “երկխոսության ու համագործակցության գործընթացը չի կարող “ճնշման շղարշով” (նման թեզ էին բարձրաձայնում մինչ նիստի գումարումը խմբակի որոշ անդամներ) պայմանավորվել, քանզի բանակցությունները պետք է որ տրամաբանությանց հիմքով ուղղորդվեն… որն էլ լիարժեք ընկալվեց դիմացինների մոտ”: Ըստ Ջալիլիի` այսօր իսկ ապարդյուն է դարձել ԱԽ-ի 1929 բանաձեւը (Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների մասին) եւ արդեն գործնականում փաստվեց, որ Իրանի դեմ նման ճնշումներով վերաբերվելը անօգուտ է, իսկ այս ամենից հետո կրկնակիօրեն փաստվեց նաեւ, որ Իրանը քաղաքական ու տնտեսական հզոր ապավենով ու ազգային եւ շրջանային հարուստ ռեսուրսներով ու տարողություններով առավել քան երբեւէ` ուժեղ է ու ինքնիշխան` պաշտպանելու համար սեփական ազգային-պետական շահերը:

“Ժնեւյան նիստից հետո առհասարակ բանակցային “օրակարգից” այլեւս դուրս են դրվել Իրանի կողմից ուրանիումի հարստացման վերաբերյալ “մտահոգությունները”, – եզրակացրել է Իրանի Ազգ. անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար եւ միջուկային թղթածրարի թիվ 1 բանագնաց դոկտ. Ջալիլին:

Դերենիկ ՄԵԼԻՔՅԱՆ, “ԱԼԻՔ” օրաթերթի գլխավոր խմբագիր

ArmAr.am


Դիտել Regions, Թուրքիա, Իրան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն