Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Լեանդրո Դեսպուի. Անընդունելի Հայոց Ցեղասպանության ժխտողականությունը

Դեկտեմբեր 14, 2010թ. 13:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է դեկտեմբերի 14-15-ը Երևանում անցկացվող «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողովին, որը նվիրված է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմանը:

Գիտաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրից Հայաստան ժամանած բազմաթիվ գիտնականներ, այդ թվում` ցեղասպանագիտության բնագավառի ճանաչված հեղինակություններ: Գիտաժողովին մասնակցում է նաև դիվանագետ, դոկտոր Լեանդրո Դեսպուին (Արգենտինա), ով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել էր Մխիթար Գոշի մեդալով: Այսօր Հանրապետության ղեկավարը պարոն Դեսպուիին է հանձնել պետական բարձր պարգևը:

«Այս պարգևը Ձեզ հանձնելը եղել է մեր ժողովրդի ցանկությունը, և ես կատարել եմ այն: Մենք երախտապարտ ենք Ձեզ, Ձեր պետությանն ու ժողովրդին` մեր ցավը հասկանալու, ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցների համար Արգենտինայում ապրելու և արարելու բարենպաստ պայմաններ ապահովելու համար»,-ասել է Նախագահ Սարգսյանը:

Դոկտոր Լեանդրո Դեսպուին շնորհակալություն հայտնելով պարգևի համար` ընդգծել է, որ կիսելով հայ ժողովրդի ցավն ու անընդունելի համարելով ժխտողականությունը, որոշել էր պայքարել արդարության ու ճշմարտության համար և տարիներ ի վեր զբաղված է այդ կարևորագույն խնդրով:

«Սիրով եմ մասնակցում Հայաստանում անցկացվող մեծ նշանակություն ունեցող այս միջոցառմանը: Ժխտողականության դեմ պայքարի ճանապարհին բազմաթիվ իրադարձություններ տեղի ունեցան, որոնք և ինձ այստեղ բերեցին»,-ասել է Լեանդրո Դեսպուին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն