Գլխավոր » Society, Լրահոս, Տնտեսություն

Հանդիպումներ Հայրենական ապրանք արտադրողների հետ

Դեկտեմբեր 14, 2010թ. 15:20

44Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամների ու Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների նախագահների մասնակցությամբ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Համոզված եմ, որ այս հանդիպումը, մի կողմից, հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացումներ ունենալ ձեր խնդիրների և այն հարցերի մասին, որ ձեզ այսօր մտահոգում են, ձեր տեսլականի մասին, թե ինչպես եք դուք տեսնում Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման հեռանկարները, և ինչ անելիքներ ունի կառավարությունը: Նաև հնարավորություն է մեզ համար ձեզ ներկայացնել, թե ինչպիսի ռեֆորմների փաթեթ ենք մենք այսօր պատրաստում, որը հաշվի է առնելու ճգնաժամի իրողությունը և այն դասերը, որ մեզ տվել է ճգնաժամը»:

Շնորհակալություն հայտնելով խորհրդակցության կազմակերպման համար` Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն անդրադարձել է Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգի նախագծին ու ներկայացրել քննարկումների արդյունքում արդյունաբերողների բարձրացրած հիմնական հարցադրումները և մտահոգությունները Հայաստանի արդյունաբերական քաղաքականության արդյունավետ իրականացման վերաբերյալ:

Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում միության ընկերությունների  ու ձեռնարկությունների ղեկավարներն ու  Հանրային Խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի ենթահանձնաժողովների նախագահներն իրենց կարծիքները, մոտեցումներն ու առաջարկություններն են ներկայացրել Հայաստանի արդյունաբերության ներկայիս վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Մասնավորապես, արծարծվել են հարկային վարչարարության բարելավմանը, արտահանման ծավալների մեծացմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության խթանմանը, նորարարական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության զարգացմանը, կառավարություն-արհմիություն համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` վարչապետը բարձրացված հարցերի վերաբերյալ հայտնել է իր և կառավարության տեսակետները, տեղեկացրել մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների և մշակվող նախագծերի մասին: Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել հնչեցված բոլոր հարցադրումներն ու առաջարկությունները գրավոր ներկայացնելը` հավաստիացնելով, որ դրանք կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն առաջիկա նախագծերում, իսկ որոշակի հարցերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու նախարարություններին ու գերատեսչություններին։

Քննարկման մասնակիցները շնորհակալություն են հայտնել կառավարության ղեկավարին նախորդ` 2009 թ. կայացած հանդիպման ժամանակ իրենց կողմից բարձրացված հարցերին լուծում տալու համար` արձանագրելով նման քննարկումների կազմակերպման արդյունավետությունը:

Վարչապետ Սարգսյանը կարևորել  է նման խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը` ընդգծելով, որ դրանով իսկ հնարավորություն է տրվում կառավարությանը ճիշտ որոշումներ ընդունել քննարկվող հարցերի վերաբերյալ:


Դիտել Society, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն