Իսրայելը, նաեւ Միացյալ Նահանգներն ամոթալիորեն չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը
Միջազգային գիտաժողով` ՄԱԿ-ի կոնվենցիայի համատեքստում
Յուրաքանչյուր ցեղասպանություն հոլոքոսթ է, բայց Իսրայելը, նաեւ Միացյալ Նահանգներն ամոթալիորեն չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Հրեա, ցեղասպանագետ Իսրայել Չառնիի ելույթը «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում եւ հետեւանքների վերացում» թեմայով միջազգային գիտաժողովում, որ մեկնարկեց երեկ Երեւանում, հիմնականում մի քանի առաջարկ էր ներկայացնում:
Չառնիի խոսքով, որ ներկայացվեց գիտաժողովի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին 1948թ. կոնվենցիայի մշակման եւ ընդունման շարժառիթները եւ նպատակները» նիստում, ամենից առաջ առաջարկում է ընդունել, որ ցեղասպանությունները համազոհեր են ունենում, ինչպես դա եղել է Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանության եւ այլ ողբերգությունների ժամանակ: «Նույնիսկ քրդերը, որոնց ատելությամբ ենք հիշում որպես սպանություն իրագործողների, նույնպես ենթարկվել են բռնությունների եւ համազոհ են», նշեց Իսրայել Չառնին: Նույն կերպ հրեաները, որպես հոլոքոսթյան ժամանակահատվածի համազոհերի, չեն ճանաչում գնչուներին, անգամ Խորհրդային Միության 2 մլն-ից ավելի ռազմագերիներին, որ նույնպես սպանվել են գազային սենյակներում:
Հրեա գիտնականը առաջարկում է նաեւ աշխարհին լավ ներկայացնել Ցեղասպանության իմաստը, ներկայացնել որպես ֆաշիզմ, հետապնդում, խոշտանգում, որպեսՙ «սեր ուրիշների մահվան նկատմամբ»: Ընդ որում, Հայոց ցեղասպանությունն, ըստ գիտնականի, «հարձակում էր կյանքի դեմ, ջիհադի կոչ էր մուսուլմաններին»:
Այդուհանդերձ, ըստ Իսրայել Չառնիի, կարելի է մարդկանց հասցնել ցեղասպանության հանցագործության դատապարտելիության կարեւորությունը, հասնել նրան, որ մարդիկ թույլ չտան նոր ցեղասպանություններ:
Նույն նիստի եւս մեկ զեկուցողի` Լիբանանից ժամանած Վաիլ Նիկոլաս Կեյրի խոսքերով, հանցագործության այս պարագայում կարեւոր է նաեւ կրթությունը: Ցեղասպանությունն, ըստ Կեյրի, մարդկանց իրագործած հանցագործություն է, ուստի խնդիրը նաեւ այդ մարդկանց ճիշտ կրթությունն է: Եվ այն դեպքում, երբ մարդիկ, տարբեր լինելով, մնում են նույն իմաստը կրողը` մնում են մարդ, ինչպես է, որ մեկ ժողովուրդն իրեն թույլ է տալիս սպանել մյուսին:
Թուրք մտավորական Թաներ Աքչամի խոսքերով, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը քաղաքական բնույթ է կրում, մինչդեռ առանց պատմական խնդիրները լուծելու` Թուրքիան չի կարող ժողովրդավարություն կառուցել: Եվ այս դիրքորոշումը միայն Աքչամինը չէ, բայց Թուրքիան իր պատմության հանդեպ ժխտողական վերաբերմունքը փոխել չի շտապում: Այդուհանդերձ, Աքչամը հույս է հայտնում, թե Թուրքիան շուտով կանի դա, ինչը կամաց-կամաց տեղի է ունենում: Աքչամը այդ հնարավոր փոփոխության վկայություն է համարում եկեղեցիների նկատմամբ վերջերս իրականացված քաղաքականությունը, որի առնչությամբ, սակայն, Հայաստանում այլ գնահատականներ են հնչում:
Գերմանացի գիտնական, իրավապաշտպան Թեսսա Հոֆմանն էլ գտնում է, որ եթե Հայաստանը ցանկանա, կարող է հայկական ցեղասպանության հարցը Արդարադատության միջազգային դատարանի քննարկման առարկա դարձնել: «Սպանություն, ուծացում, ոչնչացում. այս ամենն առկա է Օսմանյան կայսրության կազմակերպած գործողություններում: «Սառը ցեղասպանության» գործերը եւս կարող են ներկայացվել Հաագայի միջազգային դատարանում», նշեց Հոֆմանը:
Խոսելով Գերմանիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործընթացի մասին, Թեսսա Հոֆմանն ասաց, որ դեռ 2005 թվականից գերմանական խորհրդարանում կան երեք միջնորդություններ հայկական ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, սակայն դրանք ընթացք չեն ունեցել: Գերմանացի գիտնականի բացատրությամբ, Հայոց ցեղասպանությունը ժխտելու Գերմանիայի մոտեցման հիմքում իրենք իրենց «համապատասխանատու» համարելու հանգամանքն է:
Արգենտինացի գիտնական Լեանդրո Դեսպուիի խոսքով, միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կնպաստի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը:
«Հայոց ցեղասպանության ճանաչմամբ խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում: Բացի այդ` հող կնախապատրաստվի նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման համար` հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ներկայացվող սպառնալիքները», ասաց նա: Նշենք, որ Լեանդրո Դեսպուին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
«Այս պարգեւը Ձեզ հանձնելը եղել է մեր ժողովրդի ցանկությունը, եւ ես կատարել եմ այն: Մենք երախտապարտ ենք Ձեզ, Ձեր պետությանն ու ժողովրդին` մեր ցավը հասկանալու, ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցների համար Արգենտինայում ապրելու եւ արարելու բարենպաստ պայմաններ ապահովելու համար», պարգեւի հանձնման արարողությանը ասել է նախագահ Սարգսյանը:
Դեսպուին շնորհակալություն հայտնելով պարգեւի համար` ընդգծել է, որ կիսելով հայ ժողովրդի ցավն ու անընդունելի համարելով ժխտողականությունը, որոշել էր պայքարել արդարության ու ճշմարտության համար եւ տարիներ ի վեր զբաղված է այդ կարեւորագույն խնդրով:
Գիտաժողովին մասնակցում են շուրջ 20 երկրից Հայաստան ժամանած բազմաթիվ գիտնականներ, այդ թվում` ցեղասպանագիտության բնագավառի ճանաչված հեղինակություններ:
Նկար 1. Վաիլ Նիկոլաս Կեյր եւ Իսրայել Չառնի
Նկար 2. Թաներ Աքչամ
Նկար 3. Լեանդրո Դեսպուի
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ












