Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Դեկտեմբեր 15, 2010թ. 18:22

Դեկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երևանում մեկնարկված <<Ցեղասպանության հանցագործությունը, կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում> խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցներին՝ ցեղասպանագիտության բնագավառում ճանաչված շուրջ 20 գիտնականների` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի:
Նորին Սրբությունը ողջունելով գիտնականների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ կարևորեց ու խրախուսեց նրանց առաքելությունը ցեղասպանության ճանաչման գործում։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց. <<Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ ցեղասպանության դատապարտման և հետևանքների վերացման ոլորտից ներս ձեր կատարած աշխատանքի համար: …Այսօր ցավի և վրեժխնդրության զգացումով և ոգով չէ, որ առաջնորդվում է մեր ժողովուրդը՝ պահանջելով ցեղասպանության ճանաչումը։ Մեր ցանկությունն է, որպեսզի ճանաչումը նպաստի նմանատիպ ողբերգությունների կանխարգելմանը: Մարդկությունը պետք է ավելի խիստ օրենքներ որդեգրի նման ոճիրների կանխարգելման համար։ Մենք ևս` որպես եկեղեցի և եկեղեցականներ, մեր կողմից իրականացվող կարևոր առաքելություն ենք տեսնում` կրթելու մարդկանց հոգին, որպեսզի յուրաքանչյուր ոք ընկալի, որ նման հանցագործություններն առաջին հերթին ուղղված են Աստծո արարչագործության դեմ: Մենք հավատում ենք, որ պիտի տեսնենք այն ժամանակները, երբ մարդկությունը պիտի զերծ մնա նման ողբերգություններից և ցավերից և այս իմաստով վերստին մեր գնահատանքն ենք բերում ձեր ջանքերի և աշխատանքի համար: Մեր աղոթքն ու հայցն ենք երկինք բարձրացնում, որ Տերն արդյունավորի, հաջողությամբ պսակի և բարի արդյունքների առաջնորդի ձեր աշխատանքը>>:
Հանդիպումն ավարտվեց աղոթքով, որից հետո գիտաժողովի մասնակիցները այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացան հայ ժողովրդի հոգևոր արժեքներին:


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն