Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակության օր
Այս տարի դեկտեմբերի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը: Տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Էջմիածնի Գանձատնից Արարատյան Հայրապետական թեմի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ս. Հակոբ եկեղեցի կտեղափոխվի Սքանչելագործ Հակոբ Մծբնա Հայրապետի Ս. Մասունքը: Կան բազմաթիվ հրաշագործություններ` կապված Ս. Մասունքի հետ:
Այդ օրը Հակոբ անունը կրող անձանց անվանակոչության օրն է և տոնը Հակոբյան գերդաստանների:
Տոնի առթիվ Ս. Հակոբ եկեղեցում տոնական Ս. Պատարագ կմատուցի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: Հավարտ Ս. Պատարագի կկատարվի Հակոբ անունը կրող և Հակոբյան գերդաստանների օրհնության արարողություն:
Հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդվելու Ս. Մասունքին և արժանանալու Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի բարեխոսությանը: Հակոբ Մծբնա Հայրապետը հիվանդություններից և փորձություններից պահպանության բարեխոս է համարվում:
Ս. Պատարագը կսկսվի ժամը 11.00-ին, օրհնության և Ս. Մասունքին երկրպագության արարողությունը` ժ. 12.30-ին:
Տոնի մասին
Ս. Հակոբ Մծբնա Հայրապետն Ընդհանրական Եկեղեցու հեղինակավոր և սիրված սրբերից է: Կատարած բազում հրաշքների շնորհիվ նրան կոչել են նաև «Սքանչելագործ»: Վարքագրական աղբյուրների համաձայն` Սբ. Հակոբը մեր առաջին Հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր: Երբ Անակ Պարթևի տոհմը բնաջնջվել է, դայակները մանուկ Սուրենին և Հակոբին փախցրել են Կեսարիա, ուր նրանք դաստիարակվել են քրիստոնեական ոգով: Շատ չանցած, մանուկ Հակոբն իր քրոջ հետ տեղափոխվում է Պարսկաստան և որոշ ժամանակ ապրում արքունիքում: Սակայն Հակոբը թողել է այդ ճոխ կյանքը` դարձել ճգնավոր: Հետո գնացել է Մծբին` հանդիպել Մարուգե ճգնավորին, որն հռչակված էր սրբակենցաղությամբ: Նրանից լսելով, որ մարդկանցից շատերը թեպետ հավատքի են եկել, բայց թերահավատ են և կասկածում են Նոյյան տապանի գոյությանը, որոշել է բարձրանալ լեռը` տապանը տեսնել և մի մասնիկ բերել: Հակառակ անկոտրում կամքին` չի կարողացել հասնել Արարատի գագաթը և երկար տանջվելուց հետո նիրհել: Երազում հրեշտակն այցելել է նրան և տապանից մի մասունք դրել գլխատակին: Ըստ ավանդության, Սբ. Հակոբի պառկած տեղում սառնորակ աղբյուր է բխել, բուժիչ և հրաշագործ հատկություններ ունեցել, իսկ աղբյուրի կողքին հետագայում սրբի անունով եկեղեցի է կառուցվել: Նոյյան տապանի այդ մասունքը ցայսօր պահվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում: Լինելով ժամանակի պատկառելի անձնավորություներից մեկը` մասնակցել է 325 թվականի Նիկիայի Տիեզերաժողովին: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ հրաշքներ է գործել: Մծբինի եպիսկոպոսի մահից հետո Աստված Մարուգեին հայտնել է, որ Հակոբն է լինելու աթոռի արժանի հետնորդը: Երկար տարիներ իր հոտը հովվելուց հետո մահացել է 350 թվականին:
Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվան












