Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Եվրոպացի խորհրդարանականի այցը Արցախի Հանրապետություն

Դեկտեմբեր 20, 2010թ. 09:00

Arzax-1jpgԴեկտեմբերի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբային և նրան ուղեկցող անձանց։
Եվրոպացի խորհրդարանականի հաղորդմամբ՝ իր այցը ճանաչողական բնույթ ունի, քանզի զեկուցման նախապատրաստման ընթացքում կարևորում է ղարաբաղյան հիմնախնդրի նշանակությունը Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների շրջագծում։ Ուստի, ասաց նա, քանի որ նպատակադրված է պատրաստել օբյեկտիվ զեկույց, չէր կարող չայցելել նաև Լեռնային Ղարաբաղ՝ անմիջականորեն տեղում ուսումնասիրելու և իմանալու համար ինչպես իշխանությունների, նույնպես և հասարակության տեսակետները հիմնախնդրի և նրան առնչվող տարաբնույթ էական հարցերի լուծման առկա ընթացքի ու տեսանելի հեռանկարների վերաբերյալ։
Ողջունելով հյուրին, Աշոտ Ղուլյանն իր հերթին կարևորեց նրա այցն Արցախ։ Վերջին շրջանում, ասաց նա, արդեն երկրորդ անգամն է, ինչ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներըը ժամանում են մեր երկիր, ինչը ենթադրել է տալիս, որ միջազգային հանրությունը՝ ի դեմս եվրոպական այդ հեղինակավոր կառույցի, սկսել է առավել լուրջ հետաքրքրություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ։ ԱԺ նախագահը նշեց, որ Արցախի ժողովուրդն իր անկախ, ինքնիշխան պետությունը կառուցում է՝ հիմք ընդունելով համընդունելի միջազգային նորմերը և ուղեցույց ունենալով պետականաշինության եվրոպական ստանդարտները։

Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղը կարողացել է սեղմ ժամանակամիջոցում, առանց կողմնակի, այդ թվում՝ միջազգային կառույցների աջակցության, այդ առումով հասնել նկատելի հաջողությունների։ Միևնույն ժամանակ, նա ափսոսանք հայտնեց, որ միջազգային հանրությունը համարժեք հետաքրքրություն չի ցուցաբերում ԼՂՀ հանրային-պետական կառավարման ասպարեզում արդեն իսկ ձևավորված ու կայացած ժողովրդավարական արժեքների առկայության նկատմամբ։
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդրին, ԱԺ նախագահը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի ունեցող բանակցային գործընթացի պարբերական տեղապտույտները գլխավորապես բացատրվում են նրանով, որ լիարժեք չէ նրա ձևաչափը, քանզի դրան անմիջականորեն չի մասնակցում հակամարտության հիմնական կողմերից մեկը՝ Լեռնային Ղարաբաղը։ Խորհրդարանի նախագահի խոսքով՝ այդ մասին պաշտոնական Ստեփանակերտը քանիցս բարձրաձայնել է ամենատարբեր մակարդակներով։
Զրույցին ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը և ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը։
ArmAr.am


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն