Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Եվրախորհրդարանի անդամի հանդիպումը ադրբեջանահայ փախստականների հետ

Դեկտեմբեր 20, 2010թ. 09:15

Դեկտեմբերի 18-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել ԼՂՀ փախստականների միության նախագահ Սարասար Սարյանի և այդ ոչ կառավարական կազմակերպության մի խումբ անդամների հետ։

Նշելով, որ Լեռնային Ղարաբաղ իր այս այցը ճանաչողական է, եվրոպացի խորհրդարանականը հայտնեց, որ Հայաստանի վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցում մտադիր է արծարծել նաև Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հիմնախնդիրները, ուստի և կցանականար որոշակի տեղեկություններ ստանալ այդ կապակցությամբ։

Միության նախագահը և հանդիպմանը ներկա մյուս փախստականները  Եվրախորհրդարանի անդամին իրազեկեցին այն տառապանքների մասին, որ կրել է  ադրբեջանահայությունը 1988-90թթ.։ Նրանք հայտնեցին, որ այդ հանրապետության ավելի քան 500 հազար քաղաքացիներ, միայն այն պատճառով, որ ազգությամբ հայ են, ստիպված են եղել պետականորեն կազմակերպված զանգվածային ջարդերի ու բռնատեղահանությունների պատճառով գաղթել՝  լքելով բնակարանները, սերնդե-սերունդ կուտակված ունեցվածքը և դրամական միջոցները, մտածելով միայն իրենց ու զավակների կյանքը փրկելու մասին։ Որպես առավել ցավալի իրողություն՝ այդ ողբերգական իրադարձությունների ընթացքում հարյուրավոր հայեր՝ անկախ տարիքից ու սեռից, զոհ են գնացել գազազած ամբոխի վայրագություններին և կամ հաշմվել են՝ ստանալով տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ։ Ադրբեջանի փախստական հայությունն այսօր սփռված է աշխարհով մեկ։

Ադրբեջանում վտանգված էր համամարդկային գլխավոր արժեքը՝ մարդու ապրելու  իրավունքը, նշեցին միության անդամները, ինչը, ցավոք, այն ժամանակ ամենևին չմտահոգեց միջազգային հանրությանը։ Մեր վիճակը, ասացին նրանք, առաջատար տերություններին և, մանավանդ, եվրոպական կառույցներին չհետաքրքրեց նաև հետագա տարիներին։ Արդյունքում՝ ահա ավելի քան քսան տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում ապաստան գտած ադրբեջանահայերը, չունենալով միջազգային նորմերով սահմանված փախստականի կարգավիճակ, զրկված են մարդասիրական բնույթի արտաքին օգնությունից ու միայն Հայաստանի և Արցախի իշխանություններն են, որ տարիներ ի վեր ամենայն կերպ սատար են կանգնում բռնատեղահանված հայրենակիցներին։

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Ղազարյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Զաքարյանը և ՀՀ ԱԺ-ում ԼՂՀ ԱԺ ներկայացուցիչ Կարեն Թոփչյանը։


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն