Եթե գաղափարախոսությունը հանես` կուսակցությունը կվերածվի ակումբի
Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ
– Հայաստանում այսօր կա՞ ներքաղաքական բնականոն կյանք:
-Ներքաղաքական կյանքի բնականոնության մասին ամբողջական գնահատական տալու համար նախ պետք է համակողմանի վերլուծության ենթարկել ներքաղաքական կյանքին մասնակից բոլոր կողմերին: Մասնավորապես, պետությունը կայացած, գործող ինստիտուտ է: Մյուս կողմից կան հասարակական-քաղաքական կազմակերպություններ, որոնք քաղաքական օրակարգ են ներմուծում տարբեր խնդիրներ, դրանով իսկ նպաստելով քաղաքական կյանքի բնականոն ընթացքին: Ունենք կայացած քաղաքական կուսակցություններ, նաև այնպիսիք, որոնք տարբեր պատճառներով լիարժեքորեն չեն կարողացել ընդգրկվել ներքաղաքական գործընթացներում: Այդպիսիք չունենալով համախոհների բանակ, քաղաքական ու կազմակերպական ռեսուրսներ, և իհարկե գաղափարախոսություն, բնականաբար, դուրս են մղվել քաղաքական գործընթացներից:
-Այսինքն, դուրս են մղվել բնականո՞ ն ճանապարհով, թե՞ ` ասենք, իշխանական ճնշումներով պարտադրված:
– Գործնականում, նույնիսկ ցանկության դեպքում, անհնար է ճնշում գործադրել որևէ քաղաքական ուժի նկատմամբ: Քաղաքական համակարգը, որպես միասնական օրգանիզմ, դա թույլ չի տա: Մեզանում սակայն ձևավորվել է մի վատ սովորույթ. այն կուսակցությունները, որոնք չեն հաղթահարում համապատասխան շեմը, անմիջապես հայտարարում են, թե ընտրությունները կեղծված են, ու իրենց անհաջողության համար մեղադրում իշխանությանը: Նման դիրքերից հիմնականում հանդես են գալիս արմատական, հեղափոխական տրամադրություններ կամ ծայրահեղական մոտեցումներ ունեցող քաղաքական ուժերը: Քաղաքական դաշտում ցանկացած տեսակետ կարող է հնչել, սակայն նորմալ չեմ համարում շահարկումներն ու իմիտացիաները, որոնք իրականում հետապնդում են այլ նպատակներ: Դրանք գաղափարազուրկ, էմոցիոնալ, եսակենտրոն ու անծրագիր ուժերն են, որոնք իրենց քայլերով փորձում են խոչընդոտել հստակ ծրագրեր, գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերի գործունեությանը, ուժեր, որոնք շատ լավ գիտեն, թե զարգացման ինչ ուղիով պետք է առաջնորդել պետությանն ու հասարակությանը:
Ինչպես տեսնում եք, մեր ներքաղաքական դաշտը բազմաբովանդակ է, այնտեղ կարելի է գտնել և առողջ, և անառողջ, զուտ սեփական խմբային շահերով առաջնորդվող ուժեր:
– Կարևորեցիք գաղափարախոսության դերը, մինչդեռ վերջերս Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԺԿ համագումարում արժեզրկելով քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությունը՝ ընդգծել էր, թե նպատակներին հասնելու համար գաղափարախոսություն ունենալն ամենևին կարևոր չէ…
– Քաղաքական ուժը հայտարարելով իր դավանած գաղափարախոսության մասին, դրանով ներկայացնում է, թե հասարակության զարգացման ինչպիսի մոդել է պատկերացնում: Իսկ գաղափարախոսությունից զուրկ կուսակցությունները հեռանկարային չեն կարող լինել: Եթե գաղափարախոսությունը հանես, կուսակցությունը կվերածվի ակումբի, որը չունի հասարակության խնդիրներով զբաղվելու ձգտում, հետևապես, չունի պատասխանատվություն ստանձնելու կամք և կարողություն: ՀՀՇ-ի ամենամեծ անհաջողությունն այն էր, որ շարժումը, որը ստեղծվեց ազգային գաղափարների հենքի վրա, հանկարծ տրանսֆորմացվեց բոլորովին այլ` վայրի ազատական արժեքների մեջ, ու դրանով իսկ կորցրեց իր առաքելությունը: Հետևանքը եղավ այն, որ կուսակցություն-հասարակություն հարաբերություններում առաջացավ անհանդուրժողականություն: Եվ եթե այսօր ՀԱԿ-ի լիդերը հայտարարում է, թե գաղափարախոսությունը կարևոր չէ` մեղմ ասած, թյուր մոտեցում է: Գաղափարախոսությունները ոչ միայն կարևոր են, այլև նպաստում են տվյալ քաղաքական ուժի արդյունավետ, նպատակային ու երկարատև գործունեությանը:
– Ինչն է խանգարում, որ մեզանում այդպես էլ չի ձևավորվում առողջ ընդդիմություն, որը ոչ թե շունչը պահած կսպասի, որ իշխանությունը սայթաքումներ թույլ տա ու ինքը հարթակում հայտնվելու հերթական շանսն ունենա, այլ իրական այլընտրանք դառնա իշխանություններին, ի վերջո, նպաստելով երկրի զարգացմանը, նաև իշխանություններին պահելով զգոն վիճակում:
– Մեզանում կան կուսակցություններ, որոնք ոչ որպես իշխանություն, ոչ էլ որպես ընդդիմություն կառուցողական լինել չեն կարող: Պատճառն այն է, որ այդպիսիք զբաղված են կարճաժամկետ խնդիրներ լուծելով: Ընդդիմության առկայությունն ինքնանպատակ չպետք է լինի: Դասական ընդդիմության մոդելը հետևյալն է, այն քաղաքական ուժերն են, որոնց ծրագրերը նախընտրական շրջանում չեն արժանացել հասարակության մեծամասնության աջակցությանը: Բայց այդպիսիք ակտիվ մասնակցելով հասարակական-քաղաքական կյանքին` ունենում են քաղաքական որոշումների վրա ներազդելու հնարավորություն: Այսինքն նաև կրում են քաղաքական պատասխանատվություն: Մինչդեռ մեզանում ընդդիմությունը գտնում է, որ ինքը պատասխանատու չէ երկրում կատարվող գործընթացների համար, ու ամեն ինչի մեղավորը իշխանությունն է: Ինչ խոսք, իշխանությունը թիվ մեկ պատասխանատուն է, բայց անընդունելի է նաև ընդդիմության նման կեցվածքը:
Ընդդիմությունը պետք է գիտակցի, որ ծրագրային, կառուցողական հենքի վրա գործունեություն իրականացնելը շատ ավելի կարևոր է, քան պահի տակ ի հայտ եկած շահերի շուրջ քաղաքական շահարկումներով ու մանիպուլիացիաներով զբաղվելը: Այսօրվա մեր ընդդիմության նպատակն է` ամեն ինչում հակադրվել իշխանությանը: Դա նրանից է, որ մեր ընդդիմադիրներն առհասարակ սխալ պատկերացում ունեն իրական ընդդիմության գործունեության մասին: Ինչի հետևանքով ընդդիմությունը շատ հաճախ հայտնվում է պոպուլիզմի դիրքերում` խաղալով հասարակության էմոցիաների վրա: Նման ընդդիմությունը քաղաքական իրական այլընտրանք լինել չի կարող:
– Քրիստոնեա-դեմոկրատական, ժողովրդավարական, նոր-ժամանակական, ՀԺԿ-ական, ԱԺՄ-ական, Նոր ուղի-ական… այս շարքը կարելի է շարունակել: Սրանք քաղաքական լուսանցքում հայտնված ուժեր են, որոնք իրենց գոյության մասին հիշեցնում են միայն ընտրությունից ընտրություն: Սա նորմա՞լ երևույթ է:
– Բնականաբար` ոչ: Քաղաքական ուժը պետք է իրականացնի այնպիսի քայլեր, որոնց ներուժն ունի, հակառակ դեպքում ստացվում է, որ ընդամենը մեծ «աղմուկ» են բարձրացնում, ու վերջ: Բայց դա չի կարող դրական ազդեցություն ունենալ տվյալ կուսակցության հեղինակության վրա: Մյուս կողմից էլ փոքր կուսակցությունների առկայությունը խոսում է կուսակցական, քաղաքական համակարգի ձևավորման գործընթացների մասին և համակարգին հնարավորություն է տալիս տրանսֆորմացվել բազմակուսակցականության և այլակարծությունների դաշտում, ինչը ժողովրդավարության կայացման ճանապարհն է:
– Մամուլում հաճախ է խոսվում կոալիցիայի ներսում առկա տարաձայնությունների մասին: Իրո՞ք սրվել են հարաբերությունները:
— Կոալիցիայում սրված հարաբերություններ չկան, այն գործում է նորմալ ռիթմով: Ներսում երբեմն տարբեր հարցերի շուրջ հնչում են տարբեր տեսակետներ ու դիրքորոշումներ, ինչը միանգամայն բնական է, ու հնարավորություն է տալիս արդյունավետ որոշումներ կայացնել, և չի նշանակում տարաձայնությունների առկայություն:
– Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք, որ ՀՀԿ-ն իր հերթին հայտարարում է, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում ինքն է հավակնում բացարձակ մեծամասնության, ԲՀԿ-ն` իր հերթին, ընդ որում կուսակցության առաջին դեմքի մակարդակով:
– Աշխարհում էլ է այդպես: Նախընտրական մոտեցող ժամանակաշրջանը նաև կոալիցիոն կուսակցություններին է դարձնում մրցակիցներ, քանի որ յուրաքանչյուրն աշխատում է իր ծրագրերի հաջողության և հասարակական վստահության ձեռքբերման ուղղությամբ: Ընտրազանգվածի յուրաքանչյուր քվեի համար պայքարը հանգեցնում է մրցավազքի: Ցանկալի է, որ մեզ մոտ գերակշռի առողջ միցակցությունը: Բայց դա չի նշանակում, թե սրվում են հարաբերությունները: Իսկ թե ո՞վ կհաղթի` հասարակության որոշելիքն է: Ինչ վերաբերում է Հանրապետականի ակնկալիքներին, ապա ակնհայտ է, որ դրանք հենց այնպես ապրիորի չեն, և պայմանավորված են հասարակական լայն շրջանակների աջակցության, փորձառու և հզոր առաջնորդի, տարիներ ի վեր իրականացված արդյունավետ և կայուն գործունեության, առաջընթացի տանող ծրագրերի և քաղաքականապես կայացած ու ամուր թիմի առկայությամբ:
– Մեզանում սկսել է ակտիվանալ մի երևույթ, որ կարելի է կոչել մտավորականության կուսակցականացում: Մտահոգիչն այն է, որ սոցիալական ծանր վիճակով պարտադրված արվեստի, մշակույթի հայտնի գործիչը կարող է հայտնվել ինչ-որ մականունավորների կողքին, որոնք, ցավոք քիչ չեն մեր կուսակցություններում: Վտանգ չկա՞, որ սա կհանգեցնի մտավորականության արժեզրկմանը:
– Նախ չեմ կարծում, որ մեր մտավորականը նման գայթակղությամբ պետք է մտնի քաղաքական կյանք: Ես հարգանքով եմ վերաբերվում քաղաքականությամբ զբաղվող այն մտավորականներին, որոնք ունեն դրական էներգիա, որոնց միտքն ու խոսքն ունի մեծ կշիռ և պետության, և հասարակության համար: Ես ողջունում եմ ու վատ բան դրանում չեմ տեսնում: Սակայն կա նաև հարցի մյուս կողմը: Քաղաքագիտական փորձը ցույց է տվել, որ քաղաքական համակարգում ցանկացած արհեստական գործընթաց դատապարտված է: Եվ ուրեմն, եթե կուսակցականացումը հիմնված չէ համոզմունքի վրա, և չի ազդելու արհեստավարժ կադրերի ու քաղաքական գործիչների դարբնոցի ձևավորմանը, չի՛ կարող օգտակար լինել տվյալ կուսակցության համար: Հետևապես վտանգավորը ոչ թե մտավորականների ներգրավումն է կուսակցությունների շարքերը, այլ դրա արհեստական, համոզմունքների վրա հիմնված չլինելը: Մեր կուսակցության և համակիրների շարքերում էլ կան բազմաթիվ մտավորականներ, որոնք ակտիվորեն ներգրավված են կուսակցական աշխատանքներում և դա իրենցից յուրաքանչյուր համոզմունքի արդյունք է:
– ՀԱԿ-ը գրեթե երկու տարի է` ինչ խոսում է արտահերթ ընտրությունների մասին: Այդ սցենարը որքանո՞վ եք հավանական համարում, և ինչպես ե՞ք վերաբերվում նման գնահատականներին:
– Կարծում եմ, որ դա ՀԱԿ-ի կողմից գործադրվող հասարակության մի որոշ հատվածի ուշադրությունը գրավելու հնարք է: Իսկ իրականում արտահերթ ընտրությունների որևէ հիմք չկա: Այդ ուժերին խորհուրդ կտամ ոչ իրատեսական հույսեր չփայփայել, փոխարենը փորձեն արժանավայել պատրաստվել հաջորդ հերթական ընտրություններին:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
sobesednik.am, ArmAr.am












