Արցախի Հանրապետության ԱԺ-ն ընդունեց 2011թ. պետական բյուջեն
Դեկտեմբերի 23-ին ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովը հավաքվել էր լիագումար նիստի՝ վերսկսելով ՙԼՂՀ 2011թ. պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծի և բյուջետային փաթեթի մի շարք այլ օրինագծերի քննարկումները։
Նիստը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Ներկա էին կառավարության անդամները, Ստեփանակերտի քաղաքապետը և շրջվարչակազմերի ղեկավարները՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։
Հաստատելով նիստի օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերջնական՝ փոփոխված տարբերակի քննարկմանը։
Ներկայացնելով այն, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը հաղորդեց, որ նախորդ քննարկումներից հետո անցած ժամանակահատվածում խորհրդարանից ստացվել է մեկ պատգամավորական առաջարկություն՝ կապված սպորտի ոլորտին լրացուցիչ միջոցներ հատկացնելու հետ։
Կառավարության լիազոր ներկայացուցչի տեղեկատվությամբ՝ նշված ոլորտի բյուջետային հատկացումները տարեցտարի ավելացվում են, և եթե 2007թ. հատկացվել է 162 մլն դրամ, ապա 2011թ. բյուջեում այն նախատեսված է 368 մլն դրամի չափով՝ հաշվի առնելով բոլոր այն ծրագրված միջոցառումների ֆինանսավորումը, որոնք պետք է իրականացնի սպորտի պետական կոմիտեն։ Այնպես որ, նշեց նա, կառավարության տեսակետով այդ գումարը բավական է ոլորտի կարիքները լրիվությամբ հոգալու համար։
Անդրադառնալով բյուջեի վերջնական տարբերակին, փոխվարչապետը հաղորդեց. ՙՀաշվի առնելով, որ բանակցություններ են վարվում փոխառու միջոցներ ներգրավելու համար, ուստի 1 մլրդ դրամով ավելացվել է կապիտալ ներդրումների ծրագիրը և այն կկազմի 11 մլրդ 720 մլն դրամ։
Այսպիսով, հաղորդեց փոխվարչապետը, պետական բյուջեի ծավալը, ըստ վերջնական տարբերակի, ծախսային մասով կազմում է 64 միլիարդ 714 մլն 202 հազար դրամ, իսկ եկամտային մասը մնում է անփոփոխ։
Համաձայն բյուջեի քննարկման կանոնակարգային ընթացակարգի՝ նիստը լսեց նաև պատգամավորական խումբ-խմբակցությունների տեսակետները։
,,Արցախատուն,, պատգամավորական խմբի գնահատմամբ, որը ներկայացրեց խմբի ղեկավար Գարիկ Գրիգորյանը, 2011թ. բյուջեն ՙկարելի է համարել հավասարակշռված և իրատեսական՚։ Միջոցառումների այն ծրագիրն ու առաջարկությունների այն փաթեթը, որ գտնվում են կառավարության օրակարգում, ասաց նա, հույս են ներշնչում, որ մոտակա տարիների ընթացքում իրականացվող բարեփոխումները մեր բնակչության համար կտան շոշափելի արդյունքներ։ Ի հետևություն ասվածի՝ նա հայտարարեց, որ պատգամավորական խումբը կողմ է քվեարկելու 2011թ. պետական բյուջեի նախագծին։
,,Դաշնակցություն,, խմբակցության կարծիքով, ինչպես հաղորդեց խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, պետական բյուջեի նախագիծն ավելի մանրամասն ուսումնասիրելու նպատակով անհրաժեշտ է այն ԱԺ ներկայացնել առնվազն 50 օր առաջ, ինչն օրենքով թույլատրվում է։ Միանշանակ կարող ենք ասել, նշեց նա, որ 2011թ. պետական բյուջեն ունի ընդգծված սոցիալական բնույթ։ ՙԽմբակցությունը 2011թ. պետական բյուջեի նախագծին քվեարկելու է կողմ՚,- հայտարարեց պատգամավորը։
,,Ժողովրդավարություն,, խմբակցության տեսակետը նիստում ներկայացրեց խմբակցության քարտուղար Վարդգես Բաղրյանը։ Խմբակցության կարծիքով, նշեց նա, քննարկման դրված օրենքի նախագիծը լիովին հավասարակշռում է կառավարության սոցիալական քաղաքականությունը և տնտեսական զարգացման՝ վերջին տարիների դրական դինամիկան։ Խմբակցությունը, հայտարարեց նա, որոշել է կողմ քվեարկել 2011թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծին։
Ներկայացնելով ,,Հայրենիք,, խմբակցության դիրքորոշումը, ԱԺ նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանը հաղորդեց, որ ,,Ազատ հայրենիք,, կուսակցության կենտրոնական խորհրդի արտահերթ նիստում միաձայն ընդունված որոշման համաձայն՝ խմբակցությանը լիազորվել է պաշտպանել 2011թ. պետական բյուջեի նախագիծը, քանի որ այն համարվել է կայուն և իրատեսական։ Ընդհանուր առմամբ, նշեց նա, ՙՀայրենիք՚ խմբակցությունը համարում է, որ ԼՂՀ 2011թ. պետական բյուջեի նախագիծն առկա ռեսուրսների առումով կազմվել է մեր երկրի պահանջներին համահունչ, ինչպես նաև առաջադրված ծրագրերի արդյունավետ իրականացման համար կառավարությանը հայտնում է իր աջակցությունը քվեարկության տեսքով։
Համաձայն կանոնակարգային ընթացակարգի՝ լսվեց նաև վարչապետ Արա Հարությունյանի եզրափակիչ խոսքը։ Հակիրճ անդրադարձով լրացուցիչ պարզաբանելով բյուջեի ելակետային դրույթները և դրանց իրականացման պայմաններն ու հնարավորությունները, սոցիալ-տնտեսական զարգացման տեսանելի հեռանկարները, կառավարության ղեկավարը խոսքի ավարտին շնորհակալություն հայտնեց քննարկումների բոլոր մասնակիցներին ու նշեց, որ գործադիրը կարևորում է ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները։ ՙՄենք միշտ ականջալուր կլինենք նոր ու հիմնավոր գաղափարներին, որոնք իրենց հերթին կարող են նպաստել կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Գործադիրը կշարունակի ակտիվորեն համագործակցել Ազգային ժողովի հետ՝ ինչպես բյուջեի կատարողականը հաջողությամբ իրականացնելու հարցում, այնպես էլ տարաբնույթ ծրագրերը կյանքի կոչելիս՚,- ասաց նա։
Նախքան բյուջեի նախագծի նկատմամբ իր վերջնական դիրքորոշումն արտահայտելը՝ խորհրդարանն առաջին հերթին օրենքների տեսքով ընդունեց բյուջեն ուղեկցող օրինագծերը, որոնք վերաբերում են ՙՎերահսկիչ պալատի մասին՚, ՙՀանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մամրմնի մասին՚, ՙՀանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին՚, ՙՏնտեսական մրցակցության պաշտպանության մասին՚, ՙԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին՚, ՙԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին՚ գործող օրենքներում առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին։
Ապա հետևեց ՙԼՂՀ 2011թ. պետական բյուջեի մասին՚ օրենքի նախագծի քվեարկությունը։ Արդյունքում՝ խորհրդարանը միաձայն ընդունեց օրենքը։
Հայտարարելով, որ 2011թ. պետական բյուջեն ընդունված է, ինչի շնորհիվ կառավարությունը կարող է գալիք տարին սկսել արդեն ընդունված բյուջեով, ԱԺ նախագահը պատգամավորական կազմի անունից այդ կապակցությամբ շնորհավորեց և հաջողություններ մաղթեց կառավարությանը։
Նիստի ավարտին խորհրդարանի նախագահը հակիրճ ամփոփեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին երկու նստաշրջանների աշխատանքները։ Հավարտ խոսքի՝ ԱԺ նախագահը նիստի բոլոր մասնակիցներին շնորհավորեց ու բարեմաղթանքներ հղեց առաջիկա տոների՝ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ։
ԱԺ 2-րդ նստաշրջանի վերջին նիստը, համաձայն կանոնակարգով սահմանված ընթացակարգի, ավարտվեց ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ։












