ԵՄ-ն գտել է Հայկական հարցը շրջանցելու խորամանկ տարբերակ
Ինչու Եվրոմիության անդամակցության հարցով Թուրքիային վերաբերող բանաձևերում տեղ չեն գտնում Հայկական հարցի հետ կապված խնդիրները:
Ի վերջո, հայությունը պետք է սովորի ու յուրացնի իր ազգային պետական շահերին և իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ամբողջությամբ կարդալու, սերտելու, ուսումնասիրելու արվեստն ու հմտությունը:
Ռուսաստանի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինտիտուտի վերլուծական բաժնի ղեկավար Ալեքսանդր Խրամչիխինի խոսքով, ԵՄ շատ երկրներ ուղղակի չեն ցանկանում Թուրքիային տեսնել իրենց շարքերում:‹‹Դրա համար նրանք ունենք բազմաթիվ հրաշալի առիթներ››,- հայտարարել է փորձագետը, այդ թվում նշելով հայոց ցեղասպանության, քրդական, ինչպես նաեւ Կիպրոսի հետ կապված խնդիրները (1):
Սակայն, ռուս փորձագետը սխալվում է: Եվրոմիության անդամակցության հարցով Թուրքիային վերաբերող բանաձևերում Հայկական հարցի հետ կապված խնդիրները, այդ թվում` Հայոց ցեղասպանության, չի բարձրացվում և դրա պատճառները երկուսն են. ‹‹Հայկական հարցի քաղաքական լուծման մասին›› Եվրոպական պառլամենտի 1987թ. հունիսի 18-ին ընդունած Բանաձևը և Հայաստան–Թուրքիա Արձանագրությունները ստորագրված Ցյուրիխում` 2009թ. հոկտեմբերի 10-ին: Այս երկու փաստաթղթերը Եվրոմիության համար Հայկական հարցը արգելափակելու հարմարավետ պատրվակներ են:
Առաջին փաստաթուղթը` Եվրոպական պառլամենտի Բանաձևը, Հայկական հարցի քաղաքական լուծումը հանգեցրել է Օսմանյան կայսրությունում կամ Թուրքիայում հայ ազգային փոքրամասնության խնդրին, երկրորդը` Հայաստան-Թուրքիա Արձանագրությունները, Հայկական հարցի լուծման համար նախատեսում է պատմաբանների հանձնաժողովի քննարկումներ և դրանից հետո միայն, հավանաբար նախօրոք պատրաստած, ինչ–ինչ անորոշ ձևակերպումներ: Երկու փաստաթղթերում էլ խոսք չի գնում Հայկական հարցը ուղղակի բացառելուն, ինչի իրավունքը, իրենք էլ քաջ գիտակցում են, որ չունեն: Ընտրված է բավական խորամանկ տարբերակ, Հայկական հարցը շրջանցելու և դրա միջոցով արգելափակելու տարբերակ:
Քննենք փաստաթղթերը:
ա) Եվրոպական պառլամենտի 1987 թ. հունիսի 18-ի ‹‹Հայկական հարցի քաղաքական լուծման մասին›› Բանաձևի նախաբանի Բ. կետում գրված է, որ Եվրոպական պառլամենտը`
‹‹Բ. Համոզված լինելով, որ Թուրքիայում բնակվող հայ ժողովրդի պատմության ճանաչումն իսկ ենթադրում է նրա ինքնության ճանաչումը որպես Էթնիկական, մշակութային, լեզվական և կրոնական փոքրամասնություն›› (2).
Բանաձևի 1-ն հոդվածում նշված է, որ Եվրոպական պառլամենտը`
‹‹1. Այն կարծիքն է հայտնում, որ Հայկական հարցը, ինչպես նաև Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հարցը պետք Է քննարկվեն Թուրքիայի և Եվրոպական Տնտեսական Համագործակցության միջև գոյություն ունեցող հարաբերությունների շրջանակներում, ընդգծում է, որ դեմոկրատիան կարող Է արմատապես հաստատվել մի երկրում այն պայմանով միայն, եթե այդ երկիրը ճանաչի և հարստացնի իր պատմությունը իր Էթնիկական և մշակութային այլազանությամբ››:
Այսպիսով, հաստատվում է այն վարկածը, որ Եվրոմիությունը հավատարիմ է Հայկական հարցը արգելափակելու, հայությանը որպես ազգային փոքրամասնություն ներկայացնելու իր քաղաքական գործելակերպին: Դա չափազանց վտանգավոր շեշտադրում է, որին հայությունը պարտավոր է ավելի լուրջ վերաբերվել, որովհետև դրա մեջ առկա է Հայոց ցեղասպանությունը ավարտին հասցնելու, Հայաստանը հայերից դատարկելու հանցագործ ծրագրերը: Այլ կերպ չես կոչի մարդկության դեմ իրականացված հանցագործությունը` ցեղասպանությունը, մոռացության մատնելու, հանցագործին պատժելու փոխարեն` հանցագործության հետևանքով թալանած ու հափշտակած գողունը վայելել թույլատրելու, նույնն է թե` նոր հանցագործության քաջալերելու, թուրքերին ու քրդերին նոր ցեղասպանության դրդելու եվրոքաղաքական նկրտումները:
բ) Հայաստան–Թուրքիա Արձանագրությունները պահպանելով Եվրոպական պառլամենտի Բանաձևի ոգին` առաջ են շարժվում, մասնավորապես, Արձանագրությունների 2-րդ հոդվածում արդեն նշվում է Հայկական հարցի հիմնախնդիրները պատմաբաններին հանձնելու մասին.
(կողմերը…) ‹‹2. համաձայնեցին նաև` երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդակցություններ,
իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական անկողմնակալ ուսումնասիրություն` առկա խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար›› (3):
Նշվում է նաև, որ` ‹‹Ըստ անհրաժեշտության, միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին›› (4):
Թե ինչ հանձնառության ու որակի փորձագետներ են լինելու դրանք, պարզ է Եվրոպական պառլամենտի Բանաձևի դրույթներից, դրանցում արտահայտված քաղաքական մտքերի ձևակերպումներից:
Արձանագրություններում բացահայտված է նաև դրանց նպատակը, այսինքն` Հայկական հարցը արգելափակելու, շրջանցելու խնդիրը և առկա է իրողությունները որպես անշրջելի իրականություններ ներկայացնելու հակաիրավական ու հանցագործ թեզը.
‹‹hաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող` միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը›› (5):
Որ առաջին փաստաթղթի` ‹‹Հայկական հարցի քաղաքական լուծման մասին›› Բանաձևի, հեղինակը Եվրոպական պառլամենտն է պարզ է իր իսկ ստորագրությունից, երկրորդ փաստաթղթի` Հայաստան-Թուրքիա Արձանագրությունների հեղինակը պարզվում է Նոր Եվրոպան է` նոր կազմավորված Եվրոմիությունը: Սակայն, ավելի ճիշտ կլինի ասել` Եվրոպայի Միացյալ Նահանգները, ինչը պետք չէ շփոթել ՄԱԿ-ի հետ: Սա մի նոր տիպի գերտերություն-ոստիկանապետություն է, որն աշխարհում փոխարինելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ Եվրոպական ոստիկանական ուժերը` ՆԱՏՕ-ին և ԱՄՆ զինված ուժերին: Չէ որ հետևելով իրադարձություններին, այդ թվում և Wikiliksi հրապարակումներն, կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ի ‹‹պերեստրոյկան›› սկսված է:
Ինչևէ, վերադառնանք Արձանագրություններին. (Հայաստանն ու Թուրքիան) ‹‹վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար Փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները›› (6):
Մենք հավատում ենք, որ շատ հաճախ ավելի կարևոր են ուշադիր ընթերցումները, քան մեկնաբանությունները, ուստի գտնում ենք, որ այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են: Ի վերջո, հայությունը պետք է սովորի ու յուրացնի իր ազգային պետական շահերին և իրավունքներին վերաբերող փաստաթղթերն ամբողջությամբ կարդալու, սերտելու, ուսումնասիրելու արվեստն ու հմտությունը:
Հաստատենք նաև, որ ըստ էության երկու փաստաթղթերն էլ լուրջ խնդիրներ ունեն իրավունքի հետ, այդ թվում` ոչ միայն ‹‹Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժի մասին›› (1948թ.) կամ ‹‹Պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին›› (1968թ.) Կոնվենցիաների, այլև ‹‹Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի›› (1948թ.) սկզբունքների ու դրույթների տեսակետից:
գ) Հնարավոր է 1923թ. հուլիսի 24-ին կնքված Լոզանի պայմանագրի Թուրքիայում ապրող փոքրամասնություններին վերաբերող դրույթներն իբրև ոգևորության աղբյուր ուղղորդում են ծառայել Եվրոմիության պաշտոնյաների համար:
Բանն այն է, որ Լոզանի պայմանագիրը, ուժի մեջ թողնելով հանդերձ Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող դրույթները, այս դեպքում քննության է առել Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների հարցերը` դրանց մեջ ընդգրկելով նաև հայերին:
Արա Պապյանը գրում է.
‹‹Չնայած Լոզանի պայմանագրում չկա որևէ հիշատակում Հայաստանի և հայերի մասին, սակայն այն երկու առումով առնչվում է մեզ: Լոզանի պայմանագրի ողջ Երրորդ բաժինը (հոդվածներ 37-45) վերաբերում է Թուրքիայի ոչ-մուսուլման փոքրամասնություններին: Ընդ որում, փոքրամասնությունների վերաբերող հոդվածներին տրվել է հիմնարար օրենքի (fundamental law) ուժ, այսինքն, դրանք անբեկանելի և անփոփոխելի պետք է լինեն›› (7):
Այն, որ հիմնարար օրենքի ուժ ունեցող հոդվածները նույնպես չեն գործել Թուրքիայի Հանրապետությունում այլ խնդիր է, անշուշտ, ոչ պակաս կարևոր: Սակայն դիտարկումից պարզ է դառնում, թե ԵՄ-ն ինչ ուղղությամբ է կարգավորում աշխատանքները Թուրքիայի հետ կապված հարցերում, ներառյալ Հայկական խնդիրներում: Լավագույն դեպքում ԵՄ-ն կհանգի Թուրքիայիում ապրող ազգային փոքրամասնությունների ինչ-ինչ իրավունքների հաստատմանը այդ խնդրահարույց երկրում:
Զուգահեռաբար, տարիներ շարունակ փորձ է արվել աննկատ թողնել մեկ այլ ակնառու իրողություն.
‹‹Այսպիսով, Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածը վերահաստատել է Սևրի պայմանագրի 90-րդ հոդվածի Թուրքիայի հրաժարումը բոլոր այն տարածքներից, որոնք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով փոխանցվել էին Հայաստանի Հանրապետությանը›› (8):
Այսինքն, հիմնովին կեղծ են այն պնդումները, թե Լոզանի պայմանագիրը փոխարինելու է եկել Սևրի պայմանագրին, և որ Լոզանի պայմանագիրը ի չիք է դարձրել Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները: Քաղաքական խարդավանքների ու խաղերի ոլորտից սկիզբ առնող այս կեղծիքը կիրառվել է մինչև այսօր և, ինչպես տեսանք, կիրառություն է գտել ինչպես Եվրոպական պառլամենտի Բանաձևում, այնպես էլ Հայաստան-Թուրքիա Արձանագրություներում` իբրև Հայկական հարցի քաղաքական լուծման տարբերակ:
Հետևաբար, անկախ այն հանգամանքից, թե ինչ ծրագրեր են դնում և փորձում իրականացնել ներկայիս քաղաքական խաղացողները, հայության ուղին իրավունքների վերատիրացաման իրավական ճանապարհով ընթանալն է`
-անվերապահորեն առաջնորդվելով Հայաստանի Անկախության Հռչակագրի դրույթներով և սկզբունքներով,
-տեր կանգնելով ինչպես Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման իրավական գործընթացին, այնպես էլ հայության ոտնահարված բոլոր իրավունքների վերականգնման ու հատուցման պահանջներին:
Ծանոթագրություն
1. Տես, “Քրդերը Թուրքիային չեն թողնում Եվրամիություն”, News.am,, 11.12.2010թ.:
2. Տես, “Հայկական հարցի քաղաքական լուծման մասին” Եվրոպական պառլամենտի Բանաձևը, 18 հունիսի, 1987թ.: “Ուխտ Արարատի”, թիվ 1/19, 2010թ., էջ 10-11: Տես, http://Oukhtararati.com/amsagrer
3. Տես, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին Արձանագրություն
4. Նույն տեղում:
5. Տես, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրություն
6. Նույն տեղում:
7. Տես, Արա Պապյան, “Սևրի և Լոզանի պայմանագրերի իրավական փոխհարաբերությունները”: Առաջին անգամ տպագրվել է France-Armenie ամսագրում, № 300, 16-31 հուլիսի, 2007թ., էջ 19-21:
8. Նույն տեղում:
“Ուխտ Արարատի”, հայրենասիրական հասարակական նախաձեռնություն
24.12.2010թ.












