ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը,
ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ և զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում, ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության,
վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամµ, Հելսինկյան եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,
վերահաստատելով իրենց երկկողմ և միջազգային հարաբերություններում հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու և հարգումը երաշխավորելու իրենց հանձնառությունը,
hաշվի առնելով ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող` երկու երկրների միջև հավատի և վստահության մթնոլորտ ստեղծելու կարևորությունը, ինչպես նաև վճռական լինելով զերծ մնալ ուժի կիրառումից կամ այն կիրառելու սպառնալիքից, խթանել վեճերի խաղաղ կարգավորումը, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,
hաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող` միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով որոշված ընդհանուր սահմանի փոխադարձ ճանաչումը,
կարևորելով ընդհանուր սահմանը բացելու իրենց որոշումը,
վերահաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,
դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից, խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում,
հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի վրա հիմնված հարաբերությունների նոր ձևեր ու ուղիներ մշակելու և խաղաղության, փոխըմբռնման ու ներդաշնակության ձգտելու իրենց պատրաստակամությունը,
համաձայնեցին հաստատել դիվանագիտական հարաբերություններ, Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիային համապատասխան, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից և փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ:
Սույն Արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը:
Ստորագրված է …… ………, հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`
—————————
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը,
ղեկավարվելով նույն օրը ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությամբ,
նկատի ունենալով վստահության և միմյանց շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները,
որոշելով զարգացնել և խորացնել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, գիտական, տեխնիկական, մշակույթի և այլ ոլորտներում`
հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա, աջակցելով երկու երկրների միջև համագործակցության խթանմանը միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի և ՍԾՏՀ-ի շրջանակներում,
հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցել տարածաշրջանի կայունության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանի ժողովրդավարական և տևական զարգացման ապահովման համար,
վերահաստատելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա տարածաշրջանային և միջազգային վեճերն ու հակամարտությունները խաղաղ կարգավորելու իրենց հանձնառությունը,
վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` ակտիվորեն սատարել միջազգային հանրության գործողություններին` ընդդեմ տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և կայունության դեմ առկա սպառնալիքների, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցագործությունները, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը,
1. համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում.
2. համաձայնեցին նաև`
երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարբերաբար անցկացնել քաղաքական խորհրդակցություններ,
իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական անկողմնակալ ուսումնասիրություն` առկա խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար,
առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գոյություն ունեցող` տրանսպորտային, հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը և միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,
ստեղծել երկկողմ իրավական դաշտ` երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով,
համագործակցել գիտության և կրթության ոլորտներում համապատասխան հաստատությունների միջև հարաբերությունները խրախուսելու, ինչպես նաև մասնագետների և ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով և աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման և համատեղ մշակութային ծրագրեր սկսելու նպատակով, համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963 թվականի կոնվենցիայի համաձայն, երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն և պաշտպանություն ցուցաբերելու նպատակով,
ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջև առևտուրը, զբոսաշրջությունը և տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով, սկսել երկխոսություն և ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերով.
3. համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը բաղկացած կլինի առանձին ենթահանձնաժողովներից, սույն Արձանագրության` վերը նշված երկրորդ գործառութային կետում նշված հանձնառությունների արագ իրականացման նպատակով: Միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 2 ամիս անց կստեղծվի աշխատանքային խումբ երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, այդ աշխատաձևերը կհաստատվեն նախարարների մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո: Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ, քան մեկ ամիս անց, և կգործեն շարունակաբար` մինչև իրենց մանդատի ավարտը:
Ըստ անհրաժեշտության` միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:
Սույն Արձանագրության իրագործման համար երկու կողմերի համաձայնեցրած ժամանակացույցը և տարրերը ներկայացված են հավելվածում, որը սույն Արձանագրության անբաժանելի մասն է:
Սույն Արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը:
Ստորագրված է` հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր բնօրինակներով:
Մեկնաբանության տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ`












