Հայկ Դեմոյան.«Հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացն ավարտված է»
«Հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման գործընթացն ավարտված է, արձանագրությունները, որոնք արդեն արժեզրկվել են Թուրքիայի պահվածքի պատճառով, չեն կարող հիմք հանդիսանալ հետագա որեւե գործընթացի համար: Եվ եթե մոտ ժամանակներս հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերսկսվի, անկախ նրանից` ով կնախաձեռնի այն, պետք է նոր փաստաթուղթ դրվի բանակցությունների սեղանին»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Հայկական կողմը ճիշտ եւ գրագետ գործեց, նա կատարեց ոչ թե մեկ, այլ կես քայլ, որը կարող էր համահավասարեցման կարգավիճակի բերել երկու կողմերին` մեղադրելու համար: Այս կես քայլի փիլիսոփայություն այն էր, որ պետք էր պարզապես ի ցույց դրվեր, թե ով է մեղավորն այս գործընթացի գոնե առժամանակ տապալման համար»,- ասաց Հ. Դեմոյանը:
Պատմաբանի կարծիքով, նոր փաստաթղթի ի հայտ գալու դեպքում պետք է միջկառավարական հանձնաժողովի պատմաբանների ենթահանձնաժողով ստեղծելու հատվածը կամ հանվի կամ էլ աննշան հղման ձեւով լինի, քանի որ թուրքական կողմն այն ներկայացնում է իր ցանկալի ձեւաչափով եւ ձեւակերպմամբ, այն է՝ որպես պատմաբանների հանձնաժողով:
«Պետք է հստակ ընգծվի, որ խոսքը գնում է ոչ թե վիճելի խնդիրների քննարկման, այլ ցեղասպանության հետեւանքների վերացմանը վերաբերող քննարկումներ անցկացնելուն»,-պարզաբանեց Հայկ Դեմոյանը:












