Իսրայելի ԱԳ նախարար.Թուրքիան է, որ պետք է ներողություն հայցի Իսրայելից
Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ իր երկիրը ներողություն չի խնդրելու Անկարայից «Ազատության նավատորմի» անձնակազմի անդամների սպանության համար: «Ինչ վերաբերում է ներողություն հայցելուն, ապա այդ պահանջը վիրավորական է և դուրս է բոլոր սահմաններից: Եթե ինչ- որ մեկը պետք է ներողություն հայցի, ապա դա թուրքական կառավարությունն է Իսրայելի առաջ` ահաբեկչությանը, IHH-ին («Մարդու իրավունքների և ազատության հիմնադրամ»), Համասին և Հեզբոլլահին աջակցելու համար»,- ասել է Լիբերմանը:
Ավելի վաղ, շաբաթ օրը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել էր, որ իր երկիրը ցանկանում է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ. «Թուրքիան ցանկանում է խաղաղություն հաստատել Իսրայելի հետ: Մենք խաղաղություն ենք ցանկանում բոլոր երկրների հետ»,- ասել է Դավութօղլուն` ավելացնելով սակայն, որ դրա համար անհրաժեշտ են Իսրայելի ներողությունն ու փոխհատուցումը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շտապել է հակադրվել Լիբերմանի խոսքերին: Նրա աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լիբերմանը արտահայտել է իր սեփական կարծիքը, և որ միայն վարչապետ Նեթանյահուն կարող է հանդես գալ Իսրայելի անունից թուրք-իսրայելական հարցի շուրջ:
ArmAr.am












