Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Սերժ Սարգսյան. Կեղծիքը, սադրանքը, վիրավորանքն ու պիտակավորումը լուրջ խոչընդոտներ են

Դեկտեմբեր 28, 2010թ. 13:20

DAV_9254Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ` Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է.

«Հարգելի լրագրողնե՛ր և լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակ­ցու­թյամբ: Ուրախ եմ այս ավանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետության Նա­խագահի նստավայ­րում ձեզ ընդու­նելու համար:

Ընդհանուր առմամբ, անցնող տարին բավականին արդյունավետ էր ձեր աշ­խա­տանքի տեսանկյունից: Տարին նաև առանձնացավ հիմ­նականում առողջ քա­ղա­քական բանավեճով, և շատ հաճախ այդ բանավեճի ակտիվ մասնակիցները նաև մեր լրատվամիջոցներն էին: Շատ լրատվամիջոցներ կարողացան պատվով կատարել իրենց առաքելու­թյունը և չդառ­նալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար: Մաղթում եմ, որ գա­լիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համար­ձա­կու­թյուն չպահանջվի որևէ հասարակայ­նորեն կարևոր ասելիք բարձրաձայ­նելու հա­մար: Դա ես դի­տում եմ, ոչ միայն ձեր` իբրև պրոֆեսիոնալների, այլև մեր ողջ հա­սարակության հասու­նու­­թյան չափա­նիշ:

Մեկ անգամ ևս պիտի շեշտեմ, որ մենք բացար­ձակապես տրա­մադրված չենք կոծկելու պետական համակարգում կամ հասարա­կության մեջ առկա թերու­թյուն­ները, և այդ հարցում շարունակում ենք ունենալ ձեր աջակցության կարիքը: Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը, որ­պեսզի Հա­յաս­տանի հասարակությունը, ողջ պետական համակարգը, ամենա­տար­բեր կա­ռույց­ներն ու գործիչները կարողանան լրատվության հայելու մեջ տեսնել իրենց իրական պատ­կերը: Շատ կարևոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներ­կայաց­ված պատ­կերն էլ` աղճատված: Վստահ եմ, որ ձեր առողջ դատո­ղությունը, ձեր ինքնակազ­մակերպումը և ինքնակարգավորումը թույլ կտան լու­ծում­ներ գտնել նաև այդ ոչ հեշտ խնդրի համար:

Մենք պետք է շարունակենք մնալ քաղաքական հան­դուր­ժողականության, փոխա­դարձ հարգանքի և տարբեր` անգամ իրարամերժ ուժերի երկխոսության և, ինչո՞ւ չէ, համագործակցության ջատագովը: Կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը և պիտակա­վորումը խոչընդոտում են երկխոսությանը, խափանում դրա հնա­րա­վորությունն իսկ: Այդ պատճառով կրկին հորդորում եմ ձեզ մասնագի­տա­կան պար­­տականություն­ները կատարելիս լինել անաչառ և համակողմանի: Ներ­կա Հայաստանի իրականության ամբողջական ու առարկայական պատկերը նաև մեր երկրի ժամանակագրությունն է: Այս առումով ձեր օբյեկտիվությունն ու օպե­րատիվությունը թանկ են ոչ միայն ներկայի, այլև ապագայի տեսանկյունից:

Հարգելի՛ լրագրողներ,

Ի դեմս ձեզ` շնորհավորում եմ Հայաստանի լրագրողներին ու մեր լրատվա­միջոցների բոլոր աշխատակիցներին, միաժամանակ շնորհակալություն հայտ­նում կատարած աշ­խա­տանքի համար:

Համոզված եմ, որ 2011 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զար­գացման և առաջընթացի տարի: Թող նոր տարին հաջողություն բերի ձեր գոր­ծերին և ձեռնարկումներին, խաղաղություն ու երջանկություն` ձեր ընտա­նիք­ներին:

Շնորհավո՛ր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ»:


Դիտել Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն