Սիմոն Կամսարական. ՀՀ իշխանությունների 20-ամյա հակազգային գործունեությունը
Ի հարգանք հայտնի մտավորական Սիմոն Կամսարականի հիշատակի, ArmAr.am էլեկտրոնային օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում գիտնականի մեկնաբանությունները Հայաստանում սոցիալական ծանր վիճակի պատճառների և դրանց հիմքերի մասին: Հոդվածը գրվել է մեկ տարի առաջ:
Ո՞վ է մեղավոր և ինչո՞ւ, ինչպե՞ս պետք է դուրս գալ ստեղծված իրավիճակից
Յուրաքանչյուր անկախ, ինքնիշխան պետության արտաքին քաղաքականությունը նախ և առաջ պայմանավորված է լինում իր ներքին քաղաքականությամբ։ Մեր երկրում՝ սկսած 90-ական թվականների սկզբից, նկատվում է, որ արտաքին քաղաքականությունն է որոշում ներքին քաղաքականությունը։
Մինչև 1994 թվականը պատերազմ էր, և կարելի էր բնական համարել, որ տնտեսական անկում պետք է լիներ։ Բայց պատերազմից հետո էլ, ավելին՝ մինչև այսօր, նույն քաղաքականությունը շարունակվում է. դա հակապետական՝ ընդդեմ մեր պետության բնականոն գոյության, մեր ժողովրդի դեմ ուղղված քաղաքականությունն է, որի նպատակն է, որպեսզի Հայաստանը որպես անկախ, ինքնիշխան պետություն գոյություն չունենա։
1990 թվականից առ այսօր՝ 20 տարի շարունակ, այսինքն՝ Հայաստանի 3 նախագահներն էլ, քաղաքական նույն այս գիծն են առաջ տանում։
Դա ապացուցելը դժվար էր, բայց հիմա արդեն ակնհատ է, ինչը ապացուցեցին նաև հայ-թուրքական հարաբերությունների շուրջ զարգացումները. վերջինիս հիմնական քաղաքական ուղղվածությունն այն է`Հայաստանը տնտեսապես, սոցիալական, գիտական, մշակութային, բոլոր առումներով այնպիսի վիճակի մեջ գտնվի, որ այն ամբողջությամբ կախվածության մեջ լինի Թուրքիայից։ Թուրքիան, իհարկե, միջնորդված տարբերակն է. իրականում կախվածությունը Եվրամիությունից է՝ Թուրքիայի կապիտալով։
Տարիներ առաջ, երբ Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտները՝ էներգետիկան, ջուրը, տրանսպորտն ու կապը, սկսեցին վաճառել օտարին, արդեն իսկ պարզ էր, որ այդ ամենի հիմքում՝ հակազգային, Հայաստանի դեմ ուղղված գործունեությունն էր։
Տեռոր՝ ժողովրդի դեմ
1992թ., երբ սկսվեցին հոսաքի, այսպես ասած՝ հովհարային անջատումները, Խորհրդային Հայաստանի տեղեկագրքերում հրատարակված թվերից արդեն ակնհայտ դարձավ, որ Հայաստանի միայն հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիան բավարարում է Հայաստանի բնակչությանն ապահովելու ոչ միայն շուրջօրյա հոսանքով, այլև լուծելու ջեռուցման խնդիրները։ Այդ փաստերը ես ներկայացրի կուսակցություններին՝ ասելով, որ սա ոչ միայն դավաճանություն է, այլև խոշորագույն հանցագործություն, որով երկրի նախագահն ու նրա կառավարությունը տեռորի է ենթարկում ժողովրդին։ Ոչ ոք չէր ուզում ոչ տեսնել, ոչ հավատալ այդ ամենին։ Սակայն… երբ 1998թ. Լևոն Տեր Պետրոսյանը հրաժարական տվեց, դրանից հետո հոսանքը դարձավ շուրջօրյա, այդ ժամանակ լրագրողներից մեկը Նազարյանին հարցրեց. «Ոչինչ չի փոխվել, բացի այն, որ նախագահը հրաժարական է տվել, ինչպե՞ս եղավ, որ մի քանի ամիս առաջ հոսանքը չէր բավարարում, հիմա բավարարում է, դա նշանակո՞ւմ է, որ հոսանք միշտ էլ ունեիք, բայց չէիք տալիս։ Նազարյանը պատասխանեց. «Ունեինք. թե ինչո՞ւ չէինք տալիս, այդ հարցը տվեք նախկին նախագահին»։
Ի՞նչ և ո՞ւմ է է պաշտպանում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կամ ո՞րն է հոսանքի իրական գինը
Այս հանձնաժողովը համարվում է անկախ կառույց, չի ենթարկվում ոչ ՀՀ կառավարությանը, ոչ Ազգային ժողովին: Այդ կառույցը պետք է հավասարակշռի սեփականատիրոջ (ստրատեգիական նշանակության օբյեկտների) և մեր ժողովրդի միջև հարաբերությունները և պաշտպանի մեր ժողովրդի շահերը։ Այդ կառույցն է, որ թույլ է տալիս կամ թույլ չի տալիս, որ թանկացումներ լինեն։ Սակայն ակնհայտ է, որ այս հանձնաժողովը ժողովրդի հաշվին ծառայում է օտար սեփականատերերին։
Վերջերս, ջրի թանկանցման հետ կապված, խնդիր բարձրացվեց, նաև, թե ինչքա՞ն կլինի հոսանքի գինը: Բայց, ինչո՞ւ պետք է հոսանքը ժողովրդին վաճառվի 30 դրամով, երբ Հայաստանն ունի հիդրոէլեկտրակայաններ, ջերմակայաններ և ատոմակայան։ Երբ ուսումնասիրում ենք Հայաստանի վիճակագրական տարեգիրքը, ապա աղյուսակներում զետեղված թվերից արդեն պարզ է դառնում, որ գինը մի քանի տասնյակ անգամ թանկ է հոսանքի իրական արժեքից։
Առաջին աղյուսակում պատկերված է էլեկտրահաշվեկշիռը, այսինքն՝ ըստ տարիների ինչքան էլեկտրաէեներգիա է արտադրվել։ 80-ական թվականների համեմատությամբ՝ 90- ականներին ու մեր օրերում, Հայաստանում, իհարկե, ավելի քիչ էլեկտրաէներգիա է արտադրվել, որովհետև ատոմակայանը կես հզորությամբ է աշխատում։ Իսկ ատոմակայնի 2-րդ բլոկը չեն աշխատացնում, քանի որ այդքան էներգիա սպառելու տեղ չունենք։
1-ին աղյուսակից պարզ երևում է, թե ինչքան էլեկտրաէներգիա է արտադրվել և ինչքան է օգտագործվել. տեսնում ենք, որ, օրինակ, 2005թ. արտադրվել է 6317մլն կլվ/ ժամ էլեկտրական էներգիա, բայց օգտագործվել է 5 500-ը։ Այդ դեպքում ո՞ւր է կորել 1000 կվ հոսանքը։ Պարզ տրամաբանությամբ՝ հաստատ կարելի է ասել, որ վաճառել են։
Տեղեկագրքում տրված են նաև հոսանքի իրական գները։ Եթե նայենք 4-րդ աղյուսակին՝ էլեկտրաէներգիայի
սակագինը նույն է, ինչ որ 2009թ.։ Ըստ այդմ՝ Սևան հիդրոկասկադի արտադրած 1կվ էներգիայի արժեքը 0,97 դրամ է, եթե սրան գումարենք ավելացված արժեքի հարկը, այն կկազմի մոտ 1,2 դրամ։
Այսինքն՝ բնակչությանը կարող էին էլեկտրաէներգիան վաճառել ընդամենը 1 կամ 1,5 դրամով։ Հիդրոէլեկտրակայանի հումքը՝ ջուրը երկրի ու ժողովրդի սեփականությունն է, այն ոչ մի կախվածություն չունի դրսի հետ, որ թանկանա ու էժանան, ուստի…
Ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի գինը՝ ավելացված արժեքի հարկի հետ միասին 4 դրամ է։ Հիդրոէլեկտրակայանների ու ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 75%-ն է կազմում, 25%-ը Երևանի և Հրազդանի ՋԷԿ-երի արտադրանքն է։ Եթե աշխատացվեր Ատոմակայնի 2-րդ բլոկն էլ՝ ավելցուկով էներգիա կարտադրվեր, որը հնարավոր կլիներ, բնականաբար, վաճառել։ Արտադրված այդ էլեկտրաէներգիայի ինքնարժեքը կկազմեր 3 դրամ` ընդամենը, և ժողովուրդն ու տնտեսությունը կօգտվեր այդ հոսանքից։ Այս պայմաններում ջեռուցումը ևս հնարավոր կլիներ կազմակերպել էլեկտրականությամբ։
Ինչո՞ւ է թանկանում գազը
Ասում են, թե գազի սպառումը պակասել է, դրա համար «Հայռուսգազարդը» թանկացնում է այն։ Ինչո՞ւ է պակասել, պետք է որ չպակասեր, քանի որ ժողովրդի արտահոսքը երկրից քչացել է, գազիֆիկացումն էլ՝ ավելացել է։ Ի՞նչ է կատարվում։ Հրազդանի ՋԷԿ-ը Իրանից գազ է ստանում, դիմացը՝ Իրանին հոսանք են տալիս։ Իսկ ո՞ւր է գնում պարսկական գազը. եթե այն ՋԷԿ-ին չի տրվել, ուրեմն ՀԷԿ-ի տված հոսանքը, որը 30 անգամ էժան է, կարող են տալ պարսիկներին՝ դիմացը գազ ստանալ։՞՞՞ Խնդիրը նրանում է, որ ռուսները հասկացել են, որ այս եղանակով իրենց հաշվին՝ քանի որ իրենց գազից չօգտվեցին, պակաս վերցրին, Հայաստանում որոշ մարդիկ բավականին մեծ թվով գումար վաստակեցին։ Դրա համար նրանք բարձրացրին գազի գինը, որպեսզի իրենք չտուժեն։
Երկու տարի առաջ էլ ռուսների հետ պայմանավորվել էին, որ գազի գինը պետք է թանկանա, քանի որ գիտեին, որ իրանական գազը մինչ այդ կհասնի Հայաստան։ Սակայն… Յուրաքանչյուր մարդ այս աղյուսակները նայելով կարող է հասկանալ, թե ինչպե՞ս են մեր տնտեսությունը կործանում։ Եթե ատոմակայանը և հիդրոէլեկտրակայանները միասին տալիս են այնքան էներգիա, որ մեր կարիքները հոգում են՝ չհաշված Ատոմակայնի 2-րդ բլոկը, ապա ինչո՞ւ ենք մենք այդքան թանկ վճարում գազի, առավել ևս՝ հոսանքի համար։
Պատերազմից անմնիջապես հետո՝ մինչև վերջերս, Եվրոպան պահանջում էր Ատոմակայանը փակել։ Մինչդեռ իրենք սկսել են առավելությունը տալ ատոմակայններին ու դրանց արտադրած էներգիային։ Այսինքն՝ նրանք հստակ քաղաքականություն են վարում, քանի որ մենք չունենք նավթ ու գազ, մեր տնտեսությունը ամբողջությամբ ուզում են կապել գազի ու նավթի հետ, որպեսզի պետությունը երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս խնդրում կախվածության մեջ լինի արտաքին աշխարհից։
Ջրի տերն էլ մենք չենք, ուստի…
Ինչպես գիտենք «Հայջրպետկոմը» պայմանագիր է կնքել օտարերկրա սեփականատիրոջ հետ՝ սկզբում իտալացիների, հիմա ֆրանսիացիների, և ջուրը հանձնել նրանց։ Սակայն այդ պայմանագրով ոչ միայն ջրի անվտանգության հարցը լուծված չի, այլև պարզ չի, թե ո՞վ է պատասխանատու դրա համար։ Իհարկե՝ ազգային անվտանգության առաջին պատասխանատուն երկրի նախագահն է։ Այսինքն՝ կա հիմնական պատասխանատուն, սակայն չկա՝ միջանկյալը։ Բացի այդ, ջրի սեփականատիրոջ հետ պայմանագիրն այնպես է կնքված, որ ջրի գնի հետ կապված ինչ առաջարկ էլ որ արվում է` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրան համաձայնվում է։ Եթե նկատի ունենանք, որ յուրաքանչյուր միջազգային պայմանագիր նաև օրենք է, ապա սխալ պայմանագիր կնքելով` մեզ ամբողջովին կախվածության մեջ են դրել սեփականատիրոջից։
Եզրակացություն
Այս ամենից միանշանակ եզրակացությունն այն է, որ Հայաստանի կառավարությունն ու պետական մյուս օղակներն աշխատում են ընդդեմ մեր երկրի, մեր պետության ու մեր ժողովրդի։ Պարզապես, հայ-թուրքական արձանագրություններն այս ամենին այնքանով օգնեցին, որ հիմա հասկանալի դարձավ այն իրվիճակը, թե ինչո՞ւ ենք այս իրավաճում։ 20 տարի անընդմեջ ստեղծված իրավիճակի պատասխանը հանգեցվում էր նրան, որ սխալ ընտրություն է կատարվել, թե նախագահը, վարչապետն ու նախարարները լավը չեն, ամեն մեկն իր անձնական բիզնեսն է անում, դրա համար երկիրը կործանվում է։ Իրականում, իհարկե, պարզ է, որ երկիրը նրանց ձեռքերով է կործանվում, բայց բուն խնդիրն այն է, որ դրսից, արտաքին աշխարհից մեզ թելադրվում է ներպետական քաղաքականություն, որով Հայաստանն իր պետական կառույցների ձեռքերով երկրի տնտեսությունը, գիտական պոտենցիալը բերում է մի այնպիսի վիճակի, որ այն՝ միջնորդված ձևով կախվածության մեջ լինի Թուրքիայից, իսկ հիմնականում՝ կախվածության մեջ լինի արևմուտքից և Եվրամիությունից։
1995թվականից ի վեր մենք չկարողացանք մեր արտադրությունը վերականգնել և կենսական անհրաժեշտ ամեն ինչ ստանում ենք դրսից։ Ինչո՞ւ, որովհետև մեր երկրում հոսանքի գինը, նաև՝ հարկերը այնքան բարձր են, որ մեզ մոտ արտադրված ապրանքի ինքնարժեքը մի քանի անգամ թանկ է ստացվում, քան դրսից ներմուծվածը։ Նման բան ընդհանրապես չի լինում, դրա համար էլ մեր երկրում եթե փորձում են փոքր ձեռնարկություններ աշխատացնել, չեն կարողանում։ Այսինքն՝ ստացվում է, որ կառավարությունը՝ հանձինս վարչապետի, աշխատել ու աշխատում է ընդդեմ իր երկրի։
Ո՞վ է կործանման պատասխանատուն
Այս ամենը պետք է բացահայտվի, հանցագործությունը պետք է ապացուցվի թվերով ու փաստերով։ Պետք է ուսումնասիրենք մեր պետական կառույցների՝ գործադիր, օրենսդիր, դատական… բոլոր օղակների գործունեությունը։ Դրանից հետո արդեն հասկանալի կլինի, որ 1990թ.՝ ընդունելով Անկախության հռչակագիրը, 1991թ.-ից մինչ օրս, ամենավերին ղեկավարից մինչև ամենաներքևինը, Հայաստանը դիտում են որպես գաղութային կախվածության մեջ գտնվող, ոչ ինքնիշխան պետություն։ Նրանք ամբողջ երկիրն ու ժողովրդին տանում են կործանման, գաղութային կախվածության են տանում, այն էլ Թուրքիայից։ Սա բավականին լուրջ հարց է։ Բոլոր կուսակցություններն այսօր, ինչպես տարիներ առաջ էր, այն գիծն են ընտրել, որ սոցիալական խնդիրները չպետք է կապել գլոբալ խնդիրների հետ. բայց ընդդեմ Հայաստանի ծրագրված արտաքին պատվերին կուսակցությունները դեմ գնալ չեն ուզում, քանի որ չեն ուզում զրկվել որոշակի արտոնություններից։ Ես բազմիցս գրել եմ, որ մեր երկրում ընտրությունները ամբողջովին ղեկավարվում են Եվրամիության, ԵԱՀԿ-ի կողմից։
Հույսը մեկն է. ժողովուրդը պետք է ինքը տեր կանգնի իր երկրին, որովհետև երկրի իրական տերը, պատասխանատուն` ժողովուրդն է։ 1988-90թթ. ժողովուրդն ինքն էր երկիրը ղեկավարում։ Հենց որ կուսակցությունները սկսեցին բոստանով աճել և սկսեցին զբաղվել իրենց անձնական խնդիրներով` պետությունը մնաց անտեր։
Հիմա, երբ պետության լինել-չլինելու խնդիրն է դրված, պետք է կարողանանք ազգովի տեր կանգնել մեր երկրին։ Պատասխանատվությունը մեր վրա է։ Հանցագործը հանցագործություն է կատարում այն հույսով, որ կարող է մնալ անպատիժ, բայց մեր երկրի կործանման պատասխանատուն մենք ենք՝ հայ ժողովուրդը։
ՍԻՄՈՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ
ArmAr.am












