Կովկասում առաջին դեսպանությունը Բրազիլիան հիմնել է Երեւանում
Հունվարի սկզբին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցելությամբ գտնվում էր Լատինական Ամերիկայում:
Հայաստանի ԱԳ նախարարը հունվարի 1-ին Բրազիլիայում մասնակցեց երկրի նորընտիր նախագահ Դիլմա Ռուսեֆի երդմնակալության արարողությանը եւ փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորականը ուղերձը:
Հունվարի 2-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Բրազիլիայի նորանշանակ ԱԳ նախարար Անտոնիո դե Ագիար Պատրիոտայի հետ:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին՝ Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ իր երկրի կողմից Հայաստանին տրվող կարեւորության եւ նրա հետ համագործակցության զարգացման մտադրության մասին է վկայում այն փաստը, որ Կովկասում առաջին դեսպանությունը Բրազիլիան հիմնել է Երեւանում եւ գոհունակություն հայտնեց, որ 2010 թվականին Հայաստանը եւս դեսպանություն հիմնեց Բրազիլիայում:
Նախարար Նալբանդյանը շնորհավորելով ԱԳ նոր նախարարին` նշանակման կապակցությամբ` համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով Հայաստանի հարաբերությունները բարեկամական Բրազիլիայի հետ ավելի ամրապնդվեն եւ կխորանան:
Էդվարդ Նալբանդյանն ու Անտոնիո դե Ագիար Պատրիոտան հանգամանալից զրույց ունեցան երկկողմ համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ: Նախարարները քննարկեցին բարձրաստիճան այցելությունների կազմակերպման, քաղաքական խորհրդակցությունների անցկացման, տնտեսական կապերի խորացման, իրավապայմանագրային դաշտի ստեղծման, մշակութային փոխանակումների ակտիվացման առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հայաստանի եւ Բրազիլիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցինք միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների շուրջ:
Էդվարդ Նալբանդյանը այցելեց նաեւ Բրազիլիայի կառավարության կողմից ՀՀ դեսպանության կառուցման համար տրամադրված տարածք, ուր մոտ ապագայում սկսվելու է դեսպանության շենքի կառուցումը:
Հաջորդ օրը Էդվարդ Նալբանդյանը այցելեց Սան-Պաուլո, ուր ազգային առաջնորդարանում հանդիպեց բրազիլահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը Տիրուհի Հիլդա Բուրմայանին հանձնեց Սան-Պաուլոյում ՀՀ գլխավոր պատվո հյուպատոսի վավերագիրը /պատենտը/:
Հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց նաեւ ներկաների բազմաթիվ հարցերի:
Սան-Պաուլոյում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
ArmAr.am












