Թուրքերը մշակում են «հայկական պնդումներին հակադարձելու» քայլեր
Թուրք սյունակագիր Ութքու Չաքըրօզերն անդրադարձել է անցյալ շաբաթ Անկարայում և Կարինում (ներկայիս՝ Էրզրում) կայացած Թուրքիայի դեսպանների 3-րդ համաժողովին՝ նշելով, որ դրա հիմնական թեման եղել է Հայկական հարցը, փոխանցում է HyeTert-ը:
«Համաժողովի ընթացքում հիմնականում քննարկվել են Հայոց ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև ԱՍԱԼԱ–ի առնչվող թեմաները»,-նշում է Չաքըրօզերը և հավելում, որ «150 դեսպանների և դեսպանատների ներկայացուցիչների հետ համաժողովին մասնակցել է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը»:
«Արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի գլխավորությամբ կայացած համաժողովի օրակարգում առանձին տեղ էր հատկացված նաև ԱՍԱԼԱ-ին: Ուշադրության կենտրոնում էր դեռ անցյալ տարի աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական դիվանագիտական ներկայացուցիչներին ուղարկված նամակները, որոնցում ԱՍԱԼԱ-ի անդամները զգուշացնում էին, որ իրենք դեռ գործում են»: Հոդվածագիրը նաև հավելում է, որ ԱՍԱԼԱ-ի հետ կապված քննարկումներին մասնակցել է MIT-ի ղեկավարը:
«Թուրք դիվանագետները քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաև մինչ 2015 թ.-ը «հայկական պնդումներին հակադարձելու» համար քայլեր մշակել, որոնցից մեկն էլ Ցեղասպանությունը ժխտող թուրքական ֆիլմի նկարահանումն է՝ ի պատասխան հայերի կողմից նկարահանվելիք ֆիլմի»:
Ութքու Չաքըրօզերը նաև հավելում է, թե համաժողովի ժամանակ թուրք դիվանագետների մի մասն արտահայտվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի դեմ:
HayNews.am












